ԿարևորՀասարակություն

Միջանկյալ որոշումը կկանխորոշի վերջնական վճիռը․ լսումներ ՄԱԿ–ի դատարանում

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում այսօր սկսվել են լսումները Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի շրջանակում՝ միջանկյալ միջոցներ կիրառելու միջնորդության վերաբերյալ։ Հայաստանը դատական հայցը ներկայացրել է  «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին»  միջազգային կոնվենցիայի խախտումների հիմքով։ Այսօր մեկնարկել է բանավոր փաստարկների առաջին փուլը:

Համավարակի պատճառով՝ լսումներն անցկացվում են հիբրիդային ձևաչափով, որոշ դատավորներ անձամբ են մասնակցում  նիստերին, մյուսները՝ հեռավար: Հրատապ միջոցների կիրառումը կարեւոր է անդառնալի իրավիճակներից խուսափելու համար, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է էթնիկ զտումներ իրականացնելու, ազգային ատելություն հրահրելու մեջ։ Մինչև բուն դատավարությունը Երեւանը խնդրել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանին հրատապ միջոցներ կիրառել, մասնավորապես, փակել Բաքվի «Ռազմավարի պուրակը» , անհապաղ ապահովել 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձը։

Սա Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ առաջին հայցն է, որը ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, երբևէ քննության է առնում։ Այսօր սկսված լսումների ժամանակ հայկական կողմի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ Միջազգային դատարանը պետք է հրատապ միջանկյալ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ: Դրանց անհրաժեշտությունը կա հայերի իրավունքները հետագա ոտնձգություններից պաշտպանելու համար՝ ասել է Կիրակոսյանը։

«Այս հայցի միջոցով Հայաստանը ձգտում է կանխել  բռնությունն ու ատելության սրումը էթնիկ հայերի նկատմամբ  մինչեւ բուն գործի էությամբ որոշում կայացնելը»։

Սա անհրաժեշտ է մինչև վճռի կայացումը անդառնալի իրավիճակներից խուսափելու համար՝ ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։  

«Օրինակ` գերիների հարցում վճռի կայացումը կարող է մի քանի տարի տևել, ու այդ ժամանակ այլեւս վճռի կարիք գուցե չլինի։ Դրա համար շատ կարեւոր է հրատապ միջոցների կիրառումը՝ հայ գերիների կյանքը փրկելու համար։  Դա պետք է անդառնալի հետեւանքներից խուսափելու համար», –նշում է Ղազարյանը։

Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրել է բազմաթիվ ապացույցներ նաեւ միջազգային իրավունքի այլազգի մասնագետների վկայակոչմամբ։ Դրանք նույնպես  վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին: Դատարանին հիշեցվել է, որ Ադրբեջանի հատուկ ջոկատայիններն անգամ դեկտեմբերին են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մոտակայքում հայ զինվորների գերեվարել: Շեշտվել է, որ այդ գյուղերը ներառված չեն եղել այն տարածքներում, որոնցից հայկական զորքերը պետք է հեռանային՝ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Զեկուցողը նշել է՝ ապացույցներ կան, որոնք վկայում են, որ ինչպես հաստատված 45, այնպես էլ մյուս գերիները Ադրբեջանում ենթարկվել են խոշտանգումների ու նվաստացնող վերաբերմունքի: Բազմաթիվ հրապարակումներ կան, որոնք ապացուցում են, որ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այրել են, էլեկտրահարել: «Դուք այսօր կարող եք  լսել, որ այդ բոլոր ռազմագերիները հանցագործներ են, և նրանց կալանքի տակ պահելը ոչ մի կապ չունի էթնիկ զտման հետ, մինչդեռ բոլոր ապացույցները վկայում են էթնիկ զտման մասին»,- նշվել է դատարանում:

ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը  ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանում շեշտել է, որ պատերազմից հետո էլ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը։

«Ադրբեջանը գերեվարել, խոշտանգել, կամայական ձերբակալել է բազմաթիվ հայ զինծառայողների  ու խաղաղ բնակիչների եւ այժմ էլ շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունն ու կրոնական վայրերը, ժխտում է դրանց հայկական լինելը»:

Արա Ղազարյանի կարծիքով՝ մի քանի տարի հետո կարող է անիմաստ լինել հայկական կոթողների պահպանության հարցը, դրանց պահպանման ուղղությամբ այսօր պետք է աշխատանք տարվի։

«Նացիզմից հետո դժվար թե նման պուրակ կառուցված լինի։ Դա ռասիզմի դրսեւորում է։  Սղնախ գյուղի գերեզմանի միջով ճանապարհ են որոշել կառուցել»։

Հրատապ միջոցի կիրառման արդյունքը, ըստ միջազգային իրավունքի մասնագետի, վճռորոշ կլինի նաեւ բուն գանգատի քննման ընթացքի ու վճռի կայացման հարցում։

«Պետք է հաշվի առնել, որ հրատապ միջոց կիրառելու  պահանջի հիմքում ընկած առարկան ու  հետագայում դատական ակտի հիմքում ընկած առարկան փոխհատվում են։ Այսինքն՝ այս որոշումը կարող է կանխորոշել հետագա վճիռը»։

Հայաստանի դիմումից կարճ ժամանակ անց Ադրբեջանը Հայաստանի դեմ  հակընդդեմ նույնաբովանդակ հայց ներկայացրեց՝ պնդելով, թե Հայաստանն է իրականացրել և իրականացնում մի շարք խտրական գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա: Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով նախնական լսումները տեղի կունենան մի քանի օրից՝ հոկտեմբերի 18 –19-ին։

Երկու կողմերն էլ պահանջում են վնասի փոխհատուցում և ժամանակավոր միջանկյալ միջոցների կիրառում, որոնք նախատեսված են վարույթի ընթացքում իրավիճակի սրումը կանխելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button