ԿարևորՀասարակություն

Ինչ էր հնարավոր անել, որ չի արվել․Արցախի մշակութային ժառանգության հարցը՝ Ազգային ժողովում

Խորհրդարանում այսօր քննարկվել է Արցախի գրավյալ տարածքների մշակութային ժառանգության հարցը։ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում փորձել են հասկանալ՝ ինչ էր հնարավոր անել, որ չի արվել և ինչ է արվում հայկական ժառանգությունը փրկելու համար։

Ղարաբաղի օկուպացված տարածքներում մնացել է շուրջ 2 հազար հուշարձան, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար։ Խորհրդարանի ընդդիմադիր գործիչները  սա համարում են «նվեր» Ադրբեջանին, Արցախի ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ  նման ձևակերպումներից ։

«Թույլ տվեք չհամաձայնել «նվիրել» բառի հետ։ Ես ընդհանրապես չեմ ուզում մեղավորներ փնտրել, և չփորձենք արժեքներ նվիրելու մասին խոսել ։ Այո, եղել է թերացում, եղել է խուճապ, եղել է ոչ ճիշտ լրատվություն, գուցե նաև դրա  հետ կապված  Շուշիի արժեքները չեն տարհանվել»։

Շուշին անառիկ է․ պատերազմի անգամ ամենածանր օրերին Արցախում  քաղաքը հենց այդպիսին էին պատկերացնում, իսկ այդ համոզմունքը հիմնավորող օրինակները  շատ են․  օրինակ, այլ բնակավայրերից աղջիկների օժիտը Շուշի էին բերում  ռմբապաստարաններում պահելու համար։

Հակառակ նախարարի պնդումներին՝ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասցատուրյանը համոզված է, որ գործ ունենք չգիտակցված հանցագործության հետ։ Արցախի մշակույթի նախարարին չի մեղադրում, քանի որ, իր ձևակերպմամբ,  նախարարը սրտանց փորձել է ամեն ինչ անել տարհանելու համար։ Ենթադրում է՝ խնդիրն այլ օղակներում էր։

«Այս պատերազմից հետո մենք՝ և մեղավորները, և չմեղավորները, իրավունք չունենք հանգիստ նստելու։ Պետք է ամեն ինչ ճիշտ ներկայացվի։ Պարզ է, որ պատերազմի ժամանակ շատ մոլորված վիճակ է եղել, շատերը չեն իմացել իրականությունը, և այդ պատճառով շատ բան է պատահել։ Նույնը եղել է 1992–94 թթ.–ին ադրբեջանցիների շրջանում։ Սա պետք է սահուն անցնի քրեական դաշտ, քանի որ եղել է կոնկրետ հանցագործություն։ Արցախի պատմամշակութային արժեքները մնացել են թշնամու վերահսկողության տակ»։

Համապատասխան քրեական գործը Արցախում արդեն հարուցվել  է, բայց նախաքննությունը դեռ թույլ չի տալիս պարզաբանումներ տալ․ Արցախից պատասխանել են Հայաստանի ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին։

«Զրուցել եմ քննչական ծառայության ղեկավարի հետ, որը տեղեկացրեց, որ քննության ընթացքից հետո, որոշ ժամանակ անց պարզաբանումով հանդես կգան, և մեր հանձնաժողովը կամ արտագնա նիստով Արցախում կամ Հայաստանում, կորոշենք ձևաչափը, կհանդիպենք և կքննարկենք այդ քրեական գործի ընթացքը, թե ովքեր մեղավոր էին և իրավական առումով ում պատասխանատվության տակ էր թանգարանները դատարկելու հարցը, և ինչու մենք թանգարանային մեր բոլոր  նմուշները, ըստ էության, Շուշիի հետ նվիրեցինք Ադրբեջանին»։

Պատմամշակութային այն արժեքները, որոնք պատերազմից հետո մնացին օկուպացված՝ թանգարաններում և ռմբապաստարաններում թաքցված, հայկական կողմը փորձել է վերադարձնել ռուս խաղաղապահների աջակցությամբ անգամ ադրբեջանցիներին փոխանակման՝ բարտերի առաջարկ է արվել՝ խոստովանում է Արցախի մշակույթի նախարարը։

«Առաջին պատերազմից մենք ունենք ադրբեջանցի նկարիչների գործեր, որոնք պահում ենք, բայց մարդիկ չեն գնահատում իրենց մշակույթը։ Նրանք չեն համաձայնել այդ բարտերին և ասեմ, որ հիմա մենք գործ ունենք չափազանց ագրեսիվ հարևանների հետ, որոնք անհաղորդ են և որոնց հետ հաղորդակցվելը չափազանց դժվար է»։

Հուշարձաններից և եկեղեցիներից շատերն արդեն ավերվել կամ վնասվել են։ Նախարարի խոսքով՝ Սղնախի գերեզմանատան վրայով ճանապարհ է կառուցվել։

Հայաստանի խորհրդարանում այսօր տարատեսակ պատմություններ ներկայացվեցին, թե ինչպիսի անձնազոհությամբ են անհատները և թանգարանի աշխատողները փորձել փրկել և տարհանել նմուշները։ Երբեմն դա արվել է կյանքն անուղղակի վտանգի ենթարկելով։

Այսօր արդեն պարզ է, թե ինչ նպատակով են ադրբեջանցիներն օգտագործելու հայկական պատմամշակութային արժեքները։ Կա երկու հիմնական ուղղություն՝ հայկական հետքի վերացում և ինքնության խեղաթյուրում՝ հայկականը ներկայացնել որպես ալբանական։ Հայկական կողմը, սակայն, ձեռքերը ծալած չի նստում։ Միջգերատեսչական հանձնաժողովներ են գործում՝ Հայաստանի և Արցախի տարբեր նախարարությունների և կառույցների ներգրավմամբ։ Հավաքագրում են բոլոր փաստերը, որոնք հրապարակում են ադրբեջանցի օգտատերերը, փաստագրված մեծ նյութ կա, թե ինչ են արդեն վերացրել, աշխատանք է տարվում միջազգային կազմակերպությունների հետ։ ՅՈՒՆԵՍԿՕ–ի առաքելության այցը ոչ թե կասեցվել է, այլ՝ քննարկումները դեռ շարունակվում են։ Հայկական կողմը պնդում է, որ կառույցի հետ կոնսենսուս կա՝ վիճարկվող տարածքների պատմամշակութային ժառանգության մոնիտորինգի համար։ Այժմ մեխանիզմ է մշակվում, որ Ադրբեջանն այլևս խոչընդոտելու հնարավորություն չունենա, ասում է Հայաստանի ԱԳՆ բազմակողմ համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանը։

«Օրինակ՝ Շուշիի եկեղեցու հրթիռակոծման դեպքով արդեն քննարկումներ կան, խումբ է ստեղծվել ՅՈՒՆԵՍՕ–ում հատուկ այս դեպքերի համար ընդլայնված մոնիտորինգային մեխանիզմների համակարգի համար, որը պետք է ենթադրի, որ ընդունող կողմի կամ հանցագործ, հանցավոր կողմի համաձայնությունը այնքան էլ կարևոր չլինի։ Այսպես պարզ ասեմ, թե ինչ է նախատեսվում»։  

Աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է նաև Հայ Առաքելական Եկեղեցին։ Հայաստանի Վեհափառի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի մոսկովյան հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի Դադիվանք ուխտագնացությունները վերականգնելու մասին։ Որքան էլ մեծ է ադրբեջանցիների ցանկությունը այն ներկայացնել որպես այլ մշակույթի կոթող, բայց ռուս խաղաղապահների շնորհիվ այսօր Դադիվանքում աշխատում է վեց հոգևոր սպասավոր։ Ուխտագնացությունների վերականգնման հավանականությունը հաստատել է Արցախի մշակույթի նախարարը։

Դարձյալ հակառակ Ադրբեջանի ջանքերին՝  կա ևս մեկ ձեռքբերում, որի մասին հայտնում է Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը։ Լուվրում բացվում է բյուզանդական արվեստի և արևելյան քրիստոնյա մշակույթի բաժին, որտեղ,  Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, ներկայացված կլինի նաև հայկական մշակույթը։ Խզմալյանի խոսքով՝ այն նոր հարթակ կդառնա բացառիկ հեղինակություն ունեցող կառույցում հայկական մշակույթը ներկայացնելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button