ԿարևորՀասարակություն

Երևանում մեկնարկել է ամենամասշտաբային շախմատի բաց առաջնությունը. մասնակցում է 311 շախմատիստ՝ 14 երկրից

Մեկնարկել է Yerevan open շախմատային բաց մրցաշարը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 9 օր մրցելու են ավելի քան 300 շախմատիստներ։ Երևանի շախմատի ֆեդերացիայի և Երևանի քաղաքապետարանի  կազմակերպած առաջնությունը նախկինում տեղի ունեցածներից ամենամասշտաբայինն է՝ հյուրընկալել է տարբեր վարկանիշներ ունեցող շախմատիստներ Հայաստանից և աշխարհի 14 երկրներից։

Մտքի խաղի՝ շախմատի 311 վարպետ աշխարհի 14 երկրներից մոտենում են «մարտադաշտին»՝ շախմատի տախտակին ու սպասում. րոպեներ անց մեկնարկում է Հայաստանի պատմության մեջ շախմատի ամենամասշտաբային բաց առաջնությունները.

«Երևանի չեմպիոն էլ եմ եղել, Հայաստանի փոխչեմպիոն էլ եմ եղել»։

Առաջնության բացման արարողությունն է. 13-ամյա Մենուայի ուշադրությունը բաժանվում է 3 մասի՝ դեպի բեմին խոսողները, դիմացը նստած իրանցի մրցակիցն ու առաջիկա հաղթանակը: Հոկտեմբերի 14-22-ը Երևանում անցկացվող մրցույթին մասնակցող 311 շախմատիստներից 191-ը Հայաստանից են, 120-ը՝ դրսից:

«Մրցաշարին մասնակցում են միջազգային կոչում ունեցող 82 շախմատիստ, որոնցից 22–ը միջազգային գորսմայստեր են, 25-ը՝ միջազգային վարպետ»։

Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյան.

«Ամենափոքր մասնակիցը 8 տարեկան է, տարիքային շեմ գոյություն չունի, ունենք 60–ն անց մասնակիցներ։ Ունենք և՛ բարձր վարկանիշային մասնակիցներ՝ գրոսմայստերի, միջազգային վարպետի կոչումով, նույնիսկ համաշխարհային դասակարգման 100-ի մեջ մտած մասնակիցներ, և՛ տաղանդավոր, խոստումնալից երեխաներ, որոնց վարկանիշը ցածր էայս պահին, բայց պոտենիալը մեծ է»։

Միքայելը աթոռին նստել է ծալապատիկ, որպեսզի բոյը հասնի շախմատի տախտակին, կյանքի 10 տարիների ուղիղ կեսն անցկացրել է շախմատ խաղալով. «Ջերմուկում առաջին տեղ գրավեցի, Վրաստանում՝ երկրորդ, երկուսն էլ 19 թվականին»։

Վստահ է՝ այսօր ևս հաղթելու է։ Մրցակիցն ընտրվել է պատահականության սկզբունքով, ծանոթանում են՝ 38- ամյա Օհանյան Անդրանիկն է, շախմատ խաղալ սկսել է 4 տարեկանում, սակայն վաղուց մրցույթների չի մասնակցում.

 «Ես 17 տարի «թարգել» եմ շախմատը, հիմա մարզիչ եմ աշխատում։ Վերջին մրցումս 2000 թվականին է եղել։ Հայաստանի 18 տարեկանների մեջ կիսաեզրափակիչի հաղթող եմ եղել»։

Yerevan open առաջնությունն անցկացվել է նաև 2016 և 17 թվականներին, երրորդը պիտի լիներ 2020-ի աշնանը, սակայն համավարակի ու պատերազմի պատճառով  հետաձգեցին: Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյան.

«Նման մեծ միջոցառումները բխում են Երևանի շախմատի ֆեդերացիայի որդեգրած քաղաքականությունից, որովհետև մեզ համար շատ կարևոր է շախմատի հանրայնացումը, մասսայականացումը։ Կարողացել ենք հնարավորինս մեծ թվով շախմատիստներ ներգրավել և հույս ունեմ, որ հաջողելու է այս մրցաշարը՝ հնարավորություն ստեղծելով ապագայում էլ ավելի մեծ, ավելի հավակնոտ տեսքով կազմակերպել մրցաշարը»,- Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյան:

Առաջնության մեկնարկին Մարզահամերգային համալիրի սրահում լռություն է, լսվում է միայն շարժվող խաղաքարերի ձայնը։ Սկզբնախաղից հետո հատկապես երեխաներն անցնում են այլ խաղասեղանների մոտով, դիտում մյուսների խաղը.

«Իմ խաղը դեռևս նոր է սկսվել, բայց ես արդեն զգում եմ հաղթանակի համը»։

Համալիրում շախմատային մրցարշավը կշարունակվի 9 օր։ Մրցանակային ֆոնդը 11 միլիոն դրամ է։ Հաղթող շախմատիստին կհատկացվի 2 միլիոնը, մնացածը նվազման կարգով կբաշխվի 19 առաջատարների միջև:

Ցուցադրել ավելի
Back to top button