ԿարևորՀասարակություն

Գնել Սանոսյանը ծանոթացել է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում շրջայց է կատարել «Ագարակ-2», «Շինուհայր» և «Նորավան» ենթակայաններում։

Նախարարը տեղում ծանոթացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ  կողմից իրականացվող «Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ծրագրի և «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ընթացքին առնչվող մանրամասներին, ընթացիկ խնդիրներին, պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:

ԲԷՑ ՓԲԸ ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել կատարվող աշխատանքների ընթացքը,

մասնավորապես.

«Նորավան» ենթակայանում գրեթե ավարտվել են բարձր լարման սարքավորումների հիմքերի և 220 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման, շենք-շինությունների և սարքավորումների կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները, տեղադրվել են ուժային սարքավորումները, 2 ավտոտրանսֆորմատորները, իրականացվել են շուրջ 50 կմ հաղորդալարերի մոնտաժման և լարաձգման աշխատանքներ, ընթացքում է պաշտպանության և ավտոմատիկայի սարքավորումների ներմուծումը:

Իրատեսական է համարվել 2022-2023թթ ընթացքում հաղորդալարերի մոնտաժման և սարքավորումների տեղադրման ամբողջությամբ իրականացումը:

Ներկայումս «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքներն ընթանում են ընկերության սեփական միջոցներով:

«Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման նպատակով հայտարարված ենթակայանների վերակառուցման նախագծերի ճշգրտման և նախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթի արդյունքում ընկերությունը ստացել է հաղթող ընկերության կողմից ներկայացված՝ ենթակայանների վերակառուցման նախագծերի և նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության վերաբերյալ դրական եզրակացություն:

Նախատեսվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա 2021թ. 4-րդ եռամսյակում հայտարարել կապալառուների ընտրության մրցույթ և 2021թ. վերջին ամփոփել մրցույթի արդյունքները: Ակնկալվում է «Ագարակ-2» ենթակայանում  վերակառուցման աշխատանքներն ավարտել 2023թ. ապրիլին, իսկ «Շինուհայր» ենթակայանում՝ 2023թ. դեկտեմբերին:

Նախարարը ԲԷՑ ՓԲԸ պատասխանատուներին հանձնարարել է վերակառուցման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ արդյունավետ լուծումներ՝ սահմանելով կատարման հստակ ժամկետներ, ինչպես նաև հետևողականորեն շարունակել հսկողությունը՝ ապահովելով աշխատանքների պատշաճ որակով իրականացումը:

Ցուցադրել ավելի
Back to top button