ԿարևորՀասարակություն

ԱՊՀ երիտասարդների 100 գաղափար՝ Կապանում

Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում երեք օր եռուզեռ էր: Չնայած համավարակին ու անվտանգության խնդիրներին՝ ԱՊՀ 6 երկրների 50 պատվիրակներ Կապանում մասնակցում էին ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին։ Հայաստան չեն եկել միայն Ղազախստանի ներկայացուցիչները. նրանք միջոցառումներին մասնակցել են տեսակապի միջոցով։

Հայաստանն առաջիկայում կունենա երիտասարդության քաղաքականության պետական ծրագիր, ռազմավարություն՝ առաջիկա 5 տարվա համար, նաև Երիտասարդության մասին նոր օրենք: Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում այս մասին ասել է  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հոկտեմբերի 11-13-ն այստեղ անցկացվում էր ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ղազախստանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին լսենք․

«Գիտեք, որ  Կապանը երիտասարդական մայրաքաղաք էր ճանաչվել դեռ 2020թին։ Ուրախ եմ, որ բոլոր 7 երկրների ներկայացուցիչները, բացի Ղազախստանից,  հասան Կապան։ Ղազախստանը նիստին մասնակցեց առցանց։ Եվ, իրոք, այն նպատակները, որ դրել էինք, Կապանի երիտասարդությունը իրեն զգա մայրաքաղաքային երիտասարդների նման՝ ստացվեց։ Մեր միջազգային հյուրերից շատերը գուցե եղել էին Երևանում, բայց Կապանում առաջին անգամ էին, շատ կարևոր է, որ տեսնեն, թե ինչպիսի երիտասարդություն է ապրում այսքան հեռու»։

ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհուրդն ամփոփել է  նախորդ նիստում ընդունված որոշումների կատարումը, ուղենշել առաջիկա անելիքները, ամփոփել  «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները ։ 6 երկրների 50 պատվիրակներ Կապանի մշակույթի կենտրոնում  կահավորել էին տաղավարներ՝ ներկայացնելով իրենց գաղափարները՝ 10 անվանակարգերում։  Ներկայացվել են այն նախագծերը, որոնք հաղթող են ճանաչվել մրցույթի ազգային փուլում։ Ուզբեկստանի ներկայացուցիչ Նիլուֆար Կոմիլժոմովոն ուրախ է, որ իր  «Կանանց  ձայն» նախագիծը հաղթող ճանաչվեց  «Կրթություն» անվանակարգում։

«Իմ նախագիծը սոցիալական ուղղվածություն  ունի, սովորեցնում է կանանց, թե ինչ հմտություններ պետք է ձեռք բերեն բժշկության, սոցիալական հոգեբանության և մյուս ոլորտներում։ Ես կարծում եմ՝ սա կարևոր նախագիծ է ոչ միայն Ղազախստանի, Ղրղստանի, Ուզեբեկստանի համար, այլ ԱՊՀ բոլոր երկրների»։

Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Զաիկինի նախագիծը լավագույն է ճանաչվել  «Կենսական համակարգեր» անավանակարգում։  Նախագիծը  գյուղատնտեսության ոլորտում առաջարկում է տեխնոլոգիական լուծումներ, որոնք կապահովեն գյուղերի զարգացումը և երիտասարդներին կտանեն գյուղական բնակավայրեր։ Վլադիսլավ Զաիկին․

«Իմ նախագիծը բջջային հավելված է, որը նկարագրում է կաթնատու անասնապահության աշխատանքի կազմակերպումը։ Տեսախցիկով անասնապահը կարող է հետևել  կենդանիների ընդհանուր իրավիճակին, կանխել հիվանդությունները, կազմակերպել անհատական խնամք, ցեղի բարելավում և այլն»։

Հայաստանյան «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը ներկայացրել էր «Ուսանողի տուն» նախագիծը: Դրա նպատակը ուսանողներին կրթելն ու մարզերի համաչափ զարգացումն է։ Նախագծի հեղինակ Դիանա Գալստյան․

«Ներկայումս ուշադրություն ենք դարձնում Երևանին, Արցախի դեպքում էլ՝ Ստեփանակերտին, մեր մյուս մարզերը համաչափ զարգացած չեն։ Մենք մեր առջև խնդիր ենք դրել ոչ կրթական ֆորմատի ծրագրի միջոցով՝ սեմինարներով, «Ուսանողի տանը» կրթել երիտասարդներին, ուղարկել մարզեր, որպեսզի փոխեն կյանքը»։

ԱՊՀ երկրների պատվիրակների մի մասը Կապան էր հասել Տաթև-Աղվանի այլընտրանքային, մյուս մասը՝ Գորիս-Որոտան ճանապարհներով: Ունեցե՞լ են հյուրերն անհանգստություն Հայաստան գալուց առաջ՝ ճշտելու կարիք չեղավ. ակնհայտ էր, որ Կապանում նրանք իրենց վատ չեն զգում: Արթուր Մարտիրոսյան.

«Իրենք հասնում են Սյունիք, Կապան ու մեր վերբերմունքից, իշխանությունների վերաբերմունքից, երիտասարդների հետ շփվելուց հասկանում են, որ կյանքը շարունակվում է։ Եթե մտահոգ ենք մեր ապագայով, պիտի բնականոնությունը զարգացնենք և գնանք առաջ։ Վստահ եմ, որ Կապանում, եթե մտավախություններ ունեցել են, դրանք փարատվել են, քանի որ տեսան, որ սյունեցիները սարերի պես ամուր կանգնած են, և ոչ մի բան չի խանգարում ազգային ու միջազգային ծրագրերի իրականացմանը»։

Եռօրյա միջոցառման ընթացքում հյուրերի համար կազմակերպվել են մշակութային երեկոներ, նրանք շրջել են Սյունիքի տեսարժան վայրերում։

Ցուցադրել ավելի
Back to top button