ԿարևորՀասարակություն

Այսօր տեսողության համաշխարհային օրն է․ ակնային զննում են անցել խոցելի խմբերը

Այսօր տեսողության համաշխարհային օրն է:

Այս տարի տեսողության համաշխարահին օրվա միջոցառումները անցկացվում են «Սիրե՛ք ձեր աչքերը» կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել կանխարգելելի կուրության եւ տեսողական խանգարումների հիմնահարցերի վրա:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ), որը ՀՀ առողջապահության նախարարության հետ գործակցությամբ այս տոնը նշում է 2004թ.-ից, տեսողության համաշխարհային օրվան ընդառաջ՝ ի հավելումն իր մշտական աշխատանքների, իրականացրեց ակնային զննումների լայն շարք մշակութային գործիչների, մանկապարտեզների երեխաների, խոցելի խմբերի շրջանում:

Մասնավորապես, ՀԱՆ-ի բժշկական խմբերն այցելեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, մարզային մի քանի մանկապարտեզներ, ինչպես նաեւ, իբրեւ սոցիալական պատասխանատվության միջոցառում, ՀԱՆ-ի գրասենյակում ակնային զննումների հրավիրեցին այն համայնքի բնակիչներին, որտեղ հիմնադրամը տեղակայված է արդեն շուրջ 15 տարի: Ակնային ստուգում անցածներն անհրաժեշտության դեպքում ակնոցներ եւ անվճար բուժման ուղեգրեր ստացան:

Շաքարային դիաբետ ունեցող բոլոր այցելուները հատուկ սարքավորմամբ ակնահատակի մանրակրկիտ զննում անցան, ինչի շնորհիվ հնարավոր եղավ բացահայտել դիաբետիկ ռետինոպաթիա ունեցողներին կամ այդ հիվանդության ռիսկի խմբում գտնվողներին եւ անհրաժեշտ բուժում առաջարկել: ՀԱՆ-ն իրականացրեց նաեւ տեղեկատվական միջոցառում՝ ակնային խնամքին վերաբերող գրքույկներ բաժանելով հանրային վայրերում: Միջոցառման շրջանակներում արդեն ավելի քան 100 մեծահասակ եւ 150 երեխա ակնային զննում է անցել, միջոցառումները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի վերջ:

Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալներով՝ աշխարհում 1.1 միլիարդ մարդ տառապում է տեսողության կորստից՝  պայմանավորված ակնաբուժական ծառայությունների անհասանելիությամբ, իսկ մինչեւ 2050 թվականը տեսողությունը կորցրած մարդկանց քանակը կհասնի 1.7 միլիարդի՝ պայմանավորված, հիմնականում, բնակչության թվաքանակի աճով եւ ծերացմամբ: Տեսողության կորուստը 90% դեպքերում հնարավոր է կանխարգելել: Տեսողությունը կորցրած մարդկանց 90%-ն ապրում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում: Նրանց 73%-ը 50 տարեկանից բարձր են: Տեսողության կորստի հիմնական պատճառներն են ռեֆրակցիայի խանգարման այն դեպքերը, որոնք ակնաբուժական միջամտության չեն ենթարկվել, վիրահատությունից դուրս մնացած կատարակտի դեպքերը, տարիքային մակուլյար դեգեներացիան, գլաուկոման և դիաբետիկ ռետինոպաթիան:

ՀԱՆ-ը 2003թ.-ից ի վեր ակնաբուժական հետազոտություններ եւ բուժում է իրականացնում ՀՀ մարզերի բնակչության շրջանում: Լույս հայի աչքերին ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ը իրականացրել է շուրջ 500.000 ակնային ստուգում, կատարել է 30.000-ից ավելի ակնային վիրահատություն եւ լազերային միջամտություն, բաժանել է ավելի քան 75.000 ակնոց: Ըստ Հայկական ակնաբուժության նախագծի իրականացրած հետազոտության՝ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում:

Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 1.8 անգամ ավելի բարձր է՝ քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում և կազմում է 8.4%, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջություն:

50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%: 50-ից հետո խոցելի ակնային առողջություն ամենացածր հավանականությունն ունեն 50-54 տարեկանները (23.8%): Դրանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով:

Ցուցադրել ավելի
Back to top button