ԿարևորՔաղաքական

ԱՄՆ կոնգրեսականն իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանին և Արցախին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հայ համայնքի վաղեմի բարեկամ Դեյվիդ Սիցիլինին (Դեմոկրատական կուսակցություն, Ռոդ Այլենդ նահանգ) 2021 թ. հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արամ Գալուստյանին (ԱՄՆ)՝ քննարկելու հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունների առաջնահերթությունները։

ՀՅԴ անդամները շնորհակալություն են հայտնել կոնգրեսական Սիցիլինիին՝ իր քաղաքական գործունեության ընթացքում (Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատի անդամ, նահանգի մայրաքաղաք Փրովիդենսի քաղաքապետ և վերջերս՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամ) Հայաստանին, Արցախին և Հայ դատի աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար։

Արթուր Խաչատրյանը կոնգրեսական Սիցիլինիին է ներկայացրել 2020 թվականի աշնանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների հետևանքով Արցախում և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանին ստեղծված իրավիճակը։

Հայաստանի խորհրդարանի անդամն ընդգծել է, որ հնարավոր չէ Հայսստանի ու Ադրբեջանի միջև հասնել արդար և կայուն խաղաղության, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման: «Խաղաղություն կհաստատվի միայն եթե նախ արդարությունը հաղթանակի։ Ադրբեջանական պատերազմական հանցագործություններն ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս», — նշել է նա։ Խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և պարբերաբար սադրանքներ են իրականացնում սահմանի երկայնքով։

«Հայ զինվորականները հարձակման են ենթարկվում և զոհվում Հայաստանի մայրաքաղաք Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա»,- ասել է Արթուր Խաչատրյանը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Արամ Գալուստյանը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում ավելի քան մեկ դար առաջ սկսած Հայոց ցեղասպանությունը։

«Հայաստանը թուրքերի համար մի սեպ է՝ խրված Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև։ Այս պատճառով է, որ նրանք ձգտում են ոչնչացնել հայ ժողովրդին ու հայոց պետականությունը։ Եթե նրանք չկանգնեցվեն, հայերի գույությունն իրենց պատմական հայրենիքում վտանգված կլինի»,-ասել է նա։ Առանձին անդրադարձ է եղել նաև հայ ռազմագերիների խնդրին։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Գալուստյանը փոխանցել է, որ ավելի քան 200 հայ զինվորական և քաղաքացիական անձինք են պահվում ադրբեջանական գերության մեջ։ Նրանք կտտանքների են ենթարկվում, արձանագրվել են նաև արտադատական մահապատիժների դեպքեր։

«Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որը պահանջում էր ռազմագերիների փոխանակում «Բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով, անտեսելով ամերիկյան և միջազգային կոչերն անհապաղ և առանց նախապայմանների վերադարձնել ռազմագերիներին՝ Ադրբեջանը շարունակում է նրանց որպես պատանդ պահել՝ Հայաստանից հավելյալ զիջումներ կորզելու նպատակով»,-ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամը։ Նա նաև մտահոգություն է հայտնել ամերիկյան կառավարության կողմից 907 բանաձևի կասեցման վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին բազմամիլիոն դոլարների ռազմական աջակցություն տրամադրել։

«Ինչպես համոզվել ենք, Ադրբեջանն իրեն հասանելի ամբողջ ռեսուրսներն ուղղում է Հայաստանի դեմ, հայերին սպանելու համար»,-եզրափակել է Արամ Գալուստյանը։ Կոնգրեսական Սիցիլինին շնորհակալություն է հայտնել ՀՅԴ անդամներին այս խնդիրներն իրեն ներկայացնելու համար և հավաստիացրել, որ շարունակելու է իր ամբողջական զորակցությունն ու աջակցությունը Հայաստանին և Արցախին։

Ցուցադրել ավելի
Back to top button