ԿարևորՄշակույթ

Ֆրանսիական դրամատիկական արվեստանոց՝ հայ դերասանների համար

«Բոնժուղ, մըսյո»,-ամեն անգամ փորձասենյակ մտնելիս լսում է Սերժ Ավետիքյանը։ Ֆրանսիահայ ռեժիսորի նախաձեռնությամբ Հայաստանում սկսել է գործել երկլեզու դրամատիկական արվեստանոց, որտեղ հայ երիտասարդ դերասանները հնարավորություն կունենան աշխատել ֆրանսիացի ռեժիսորների, բեմադրիչների և դերասանների հետ։

Նախագծում ընդգրկված են նաև ֆրանսերենի ուսուցիչներ և թարգմանիչներ։ Արդեն երկու ամիս՝ դրամատիկական արվեստանոցի արտիստները սկսել են ֆրանսերենի ուսուցումը, քանի որ արտիստական աշխատարանը երկլեզու է՝ ֆրանսերեն եւ հայերեն․ Սերժ Ավետիքյանի խոսքով՝ դրամատիկական արվեստանոցը գործելու է 6 ամիս․

«Իմ և մեր գործընկերների ցանկությունն է, որ մենք գոնե 3 տարի շարունակենք այս գործը։ Այնպիսի հանրահայտ, բնիկ ֆրանսիացի բեմադրիչներ ու ռեժիսորներ կան, որ ցանկանում են գալ Հայաստան, դասավանդել և փոխանցել իրենց փորձը։ Այն, ինչ որ ակադեմիկ է, արդեն մասնակից արտիստները գիտեն, մոտեցել են այդ ակադեմիականին։ Այստեղ մատուցումը ոչ թե ակադեմիկ չէ, այլ ուրիշ է, ակադեմիկից դուրս է, երևակայության վրա է հիմնված, ոճերի վրա է հիմնված։ Սա է իմ ցանկությունը, որ էրեխեքը հարստանան այս բոլոր տարբեր ոճերի փորձերից՝ ոչ ակադեմիկական մոտեցումով»,-ասում է Սերժ Ավետիքյանը։

Դասերը անցկացվում են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փորձասենյակում, երիտասարդ արտիստները Հայաստանի եւ Արցախի տարբեր բնակավայրերից են՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ եւ Շուշի։ Առաջիկա ամիսներին դասավանդելու նպատակով Հայաստան կայցելեն ֆրանսիացի հայտնի ռեժիսորներ և բեմադրիչներ Պիեր Պրադինան, Արիան Ասկարիդը, Ստեֆան Բրոնշվեյգը, Կլոե Ղեժոն, Իգոր Սկրեբլինը, Օսեան Մոզեսը։ ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լյուոյի խոսքով՝ կարեւոր է ծրագրի իրականացումը հենց ա’յս ժամանակաշրջանում, հետպատերազմյան Հայաստանում, երբ պատերազմի ցավն ու դժվարությունները դեռ հաղթահարված չեն․

«Սա առավելապես կարևոր է հիմա՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ապրած դժվարին ժամանակաշրջանը։ Սա աջակցություն է Ֆրանկոֆոնիային, քանի որ աշխատարանները ֆրանսերենով են։ Նախագիծը նաև կարևոր աջակցություն է երիտասարդությանը, 27 ուսանողներ մասնակցելու են արվեստանոցի աշխատանքներին, դասընթաց-քննարկումներին, որոնք վստահաբար, շատ արդյունավետ կլինեն նրանց համար»մ,-ասում է Ֆրանսիայի դեսպանը։

Նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, «Ազնավուր», «Ավրորա», «Կազա», «Միասին»  հիմնադրամների, Հայ բարեգործական ընդհանուր միության,  Իլ դը Ֆրանս շրջանի, SPFA ընկերության, Le Courrier d’Erevan պարբերականի և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի աջակցությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button