Սփյուռքի ձայնը

Սփյուռքի երիտասարդ դեսպանները՝ Երևանում․ «Սփյուռքի ձայնը»

Մեր ուժերը պետք է ճիշտ օգտագործենք և կենտրոնանանք այն մարդկանց վրա, որոնք հայրենիքի օգտին գործելու ցանկություն ունեն, նշում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներից Մարի Հունանյանը։

Ծրագիրն անցկացվեց սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 9-ը` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ և 22-35 տարեկան սփյուռքահայերի մասնակցությամբ։

Ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը նշում է, որ հարյուրից ավելի հայտերից ընտրվել են 20-ը։ Նրանք այն երիտասարդներն են, որոնք ակտիվ են իրենց համայնքներում և հայկական հարցերի բարձրաձայնման ժամանակ։

«Զարմանալի էր, որ շատ երիտասարդ մասնակիցներ արդեն ունեին համայնքներում աշխատելու մեծ փորձ և գիտելիքներ։ Վստահ ենք, որ նրանք կարող են հետագայում աշխատել ու իրենց գործունեությամբ նպաստել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը, ինչին ուղղված է այս ծրագիրը»,- ասում է Գրետա Մնացականյանը։

Ծրագրի մասնակիցներից Մարի Հունանյանը՝ Գերմանիայից, նշում է, որ տպավորվել է հատկապես Արցախ այցելությունով։ «Երիտասարդ արցախցիների հետ հանդիպումից հուզված և հիացած եմ։ Մեր աշխատանքները պետք է չսահմանափակվեն այս հանդիպումներով։ Պետք է ունենանք ցանց, որի միջոցով կապ կստեղծենք հայության միջև»,- ասում է Մարի Հունանյանը։ Նա նաև նշում է, որ կարևոր է ճիշտ և օբյեկտիվ ինֆորմացիա հասցնել Սփյուռքին և աշխատել այն հայերի հետ, որոնց այսօր հուզում է հայրենիքի ճակատագիրը։

Հակոբ Ջերնազյանը Երուսաղեմից է, ուսանող, ուսումնասիրում է միջազգային հարաբերությունները։ Նա մտահոգված է իր համայնքի խնդիրներով։ Վստահ է, որ հայկական Սփյուռքի և հայության միավորմամբ կարող են հայ գաղթօջախները պահպանել։

«Այս և նման հանդիպումները շատ կարևոր են։ Նախ այն պատճառով, որ ծանոթանում ենք մեր բոլորի խնդիրներին՝ ընդհանրապես և առանձին-առանձին՝ մասնավորաբար։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո հայության համար համախմբումն անհրաժեշտություն է, իսկ դա պետք է անել բոլոր ոլորտներում` ներառելով երիտասարդների ներուժը», ավելացնում է Հակոբը։ «Սփյուռքի երիտասարդ ծրագրի» մասնակիցների կարծիքները լսեք հաղորդման ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button