ԿարևորՀասարակություն

«Ինչ ունեի՝ տվեցի հայրենիքին»․ Ղազարյանների որդիները զոհվել են նույն օրը

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած եղբայրներից  Սամվել Ղազարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը, պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով, իսկ Նարեկ Ղազարյանը պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճան» շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով` դարձյալ հետմահու:
Նարեկի աճյունը հայրը գտել է դեկտեմբերի 7-ին, Սամվելինը՝ հուլիսի 18-ին, Աբովյանի դիահերձարանում։


«Էս իմ կուլտուրական, էս էլ իմ ռաբիս տղեն։ Նարեկս մաքրասեր էր, Սամվելս շատ թեթև էր ապրում։ Դհոլը խփում, երգում էր։ Մոբի տղաներն են պատմում, որ նույնը պատերազմի դաշտում էր։ Ասում էր՝ ի՞նչ եք տխուր նստել, երգե՛ք,  որ թուրքը լսի, փախնի»։

Արցախյան 44 օրյա պատերազմի հերոսներ՝ Նարեկ ու Սամվել Ղազարյանների մայրը  Նուշիկ Մուրադյանն է պատմում երկու որդիների մասին։

Նրանք շատ տարբեր էին, բայց նույն անսահման սիրով էին սիրում հայրենիքը։ Էջմիածնի Արագածի երկրորդ զանգվածի բակում  կառուցված հուշակոթողը   այսուհետ   բոլորին հիշեցնելու է երկու եղբայրների անձնվեր ծառայության մասին։  Հուշակոթողը բացվեց տղաների մանկության բակում։ Այստեղ ապրողները եղբայրների հետ կապված անթիվ հիշողություններ ունեն։ Սամվելն  այս շենքի առաջին թոռն էր ու հարևանների սիրելին։ Գեղամ Ղազարյանը տղաների հայրն է․

«Այստեղ եմ կառուցել, քանի որ իմ տղաներն  այստեղ են ծնվել  ու ապրել։ Ես  այստեղ  կառուցեցի,  որ իրենք միշտ այստեղ լինեն»։

2020թ-ի հոկտեմբերի 12 –ին, տասը ժամ տարբերությամբ, զոհվում են  ժամկետային զինծառայողներ Սամվել և Նարեկ Ղազարյանները։ Սամվելը մեկ տարուց ավելի ծառայում էր Ջրականում, Նարեկը տասնհիգ օրվա զինծառայող էր ու անգամ երդում չէր տվել։  Նարեկը կարող էր բանակ չզորակոչվել։ Մայրը պատմում  է, որ  որդու  քիթը կոտրվել էր, ու ծառայությունը վեց ամսով հետաձգվել էր։ Բայց բուժվելուն պես՝ Նարեկը գնացել էր զինկոմիսարատ ու զորակոչվել բանակ։  Խնդրել է առանց վիճակահանության իրեն տանեն այն զորամասը, որտեղ եղբայրն է՝ Սամվելը։

Մայրը պատմում է․ «Իմացանք՝ արդեն ուշ էր։ Իրենը վերջում արեց։ Իհարկե, Սամվելն էլ համաձայն չէր։ Ասում էր՝ իմ ծառայության վայրը վտանգավոր է։ Նարեկը  ցնծության մեջ էր, որ գնում է եղբոր մոտ։ Ասում էր՝ ես իր կողքն ինձ ապահով կզգամ, ու վերջ։ Իրանց ամենաերջանիկ օրերն են եղել»։

Եղբայրները մի քանի օր են միասին եղել․ սկսվել է պատերազմը։ Սամվելը մեկ տարվա զինծառայող էր, գիտեր մարտի դաշտում ոնց գործել։ Իսկ զինվորական երդում չտված  Նարեկին, որն անգամ զենք բռնել չգիտեր,  տանում  են առաջնագիծ, Հադրութի Վանք գյուղ։ Ավագ եղբայրը ռազմական  ղեկավարությանը խնդրում է եղբորն առաջանագիծ չտանեն, խնայեն։

«Բոլորին խնդրել էր՝ ախպորս հետ տարեք։ Ասել էր՝ կռվիս վրա չեմ կարողանում կենտրոնանալ։ Հետ տարեք, որ ես կարողանամ կռվել։ Ուզել են տանել Ջաբրայիլ։ Երեխեքը գոռգոռացել են՝ մեզ տանում են մսաղաց։ Թող մեզ նորմալ զենք տան,  նորմալ զենքով կռվենք թուրքի դեմ, ոչ թե ավտոմատով՝ տանկերի դեմ։ Սամվելը մեզ պատմում էր, որ անգամ Ջալալի սենյակ է հասել ու ասել, թե ախպորս փոխարեն ինքն ամեն ինչ կանի։ Ասել է՝ ես  մի տարվա զինծառայող եմ  ու պատրաստ  եմ  պահել  իմ հայրենիքը»,-պատմում է մայրը՝ Նուշիկ Մուրադյանը։

Ռազմական ղեկավարությունը խոստանում է Նարեկին առաջնագծից հետ բերել, բայց չի անում։ Նարեկը կռվել է սեպտեմբերի 27- ից։  Նա և 7 ընկերները հետախուզական գործողությունների ժամանակ վիրավորել  են, նահանջել ու պատսպարվել Հադրութի Վանք գյուղում։ Նուշիկ Մուրադյան․

 «Նարեկս  վիրավորել է, երեխեքը փախել են, Նարեկս չի հասցրել, արնաքամ է եղել։  Հրամատարները թողել-փախել են՝ Վահանյան Իշխանը՝ հատկապես։ Թողել է այդ արանքամ երեխեքին, այդ շտապ օգնության մեքենան, որ եկել է հանի երեխեքին, ինքը իրան  վիրավորել է ու փախել։  Գոնե կօգներ, իմ տղան վիրավորել էր փափուկ հատվածից, իրենք կարող էին այրել վերքը, ու տղաս կենդանի կմնար։ Ինքը արնաքամ լինելուց է մահացել, ոչ մի օգնություն չի հասել»։

 Սամվելը մարտական  խնդիրն իրականցնել ժամանակ է զոհվել, արկի պայթյունից՝ Ջրականում։ Երկու եղբայրները  զոհվել են նույն օրը՝  10 ժամ տարբերությամբ։

Նարեկի աճյունը հայրը գտավ դեկտեմբերի 7-ին, նա հուղարկավորվել էր Հադրութի Վանք գյուղում։

«Վարչապետն ասաց՝ դիմեք Ռուսաստանի կառավարությանը, իրենց դեսպանատուն գնացեք։ Գեղամենք էստեղ-էնտեղ դուռ էին ջարդում, հավաքներ անում, տարբեր տեղերից ասացին՝ գնացեք Արցախ։ Գնացինք Արցախ, Արայիկ Հարությունյանն օգնեց, ու Հադրութի Վանք գյուղից գտանք Նարեկի մարմինը»։

Սամվելին գտել են Աբովյանի դիահերձարանում։ Մինչ դա՝ հայրը գրեթե մեկ տարի թակել է Արցախի ու Հայաստանի պատկան մարմիների դռները, փնտրել է որդու մարմինը բոլոր հավանական տեղերում ու գտել անհավանական պայմաններում՝  գետնին գցված պարկում։ Մայրն է պատմում․

«Սամվելիս մարմինը գտանք Աբովանից, այդ սարսափելի տեսարանը ու պատմությունը գիտեք բոլորդ։ Դե, սկզբում եղել ա  ճանաչելի, բայց ոնց ե՞ք կարծում․ երեխես, որ 10  ամիս պարկի մեջ է եղել, ո՞նց կլինի։ Ճանաչելի է եղել,  մատին դաջվածք կար, դաջվածքից ենք  ճանաչել։ Հիշում եմ, որ  դաջվածք էր  արել  Գեղամը շատ  էր բարկացել»։

Հոր՝  Գեղամ Ղազարյանի հեռախոսում պահված է Աբովյանի դիահերձարանում արված լուսանկարը։ Ասում է՝ իր ապրածը չի ցանկանա ոչ մի ծնողի․

«Իմ որդու մարմինը հուլիսի 16-ին եղել է դիահերձանում, ու ես կարող էին նրան բաց հուղարկավորել,  հուղարկավորել եմ   փակ վիճակում։ Պատճառը․․․ ես  այդ նկար ունեմ, ով նայի կխելագարվի ու հոգեկանը կխանգարվի։ Բայց ես այդ նկարը պահում եմ ու ամեն անգամ բացում եմ  ու լացում։ Մեր օրը սկսվում է լացով։ Մենք ասում էինք՝ խոնարհվում ենք մեր հերոսների առաջ, դուրս եկավ, որ հերոսների հետ ճիշտ չեն վարվել։ Ինչ ունեի՝ տվեցի հայրենիքին»։

Նարեկից ու Սամվելից բացի՝ Ղազարյաններն ուրիշ զավակ չունեն։ Հիմա ապրում են նրանց հիշելով ու հույսով, որ մեղավորները պատժվելու են։

Back to top button