Էվոլյուցիա

Վերակենդանացնել մարմինը, կամ «անմահության բանաձև»-ի որոնումներով. «Էվոլյուցիա»

Մեզնից յուրաքանչյուրի մտքով գոնե մեկ անգամ հաստատ անցել է անմահ լինելու գաղափարը։ Անմահությունը ոչ թե փիլիսոփայական, այլ գործնական փորձերի ու ուսումնասիրությունների թեմա է այսօր մի շարք գիտնականների կյանքում։ Նրանք փորձում են անցնել կյանքը երկարացնելու և կամ անմահանալու ռուբիկոնը։ Զուգահեռաբար մարդն արդեն պատկերացնում է իր կյանքը տիեզերքում, որտեղ, ի դեպ, ինքն ավելի դանդաղ է ծերանում, քան` երկիր մոլորակի վրա։ Ստացվում է տարիներ խնայելու համար իսկապես ձեռնտու է ապրել անկշռելիության պայմաններում։ Հնարավոր կլինի՞ ապագայում երկարացնել մարդու կյանքը, անել այնպես, որ մարդու օրգանիզմն այլևս չծերանա և անգամ չմահանա։

Գիտությունը փորձում է հաղթել ծրագրավորված բջջային մահը կամ ինչպես ընդունված է գիտական տերմինոլոգիայում՝ ապոպտոզը։  ԵՊՀ Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի դոցենտ, Կ․Գ․Թ․Տիգրան Հարությունյանն է զրուցացկիցս, նրա խոսքով` գիտության մեջ փորձեր են արվում երկարացնել կենդանի օրգանիզմների կյանքը։ Վերջին հաջողված փորձն արվել է միլիմետրանոց կլոր որդի վրա, որի կյանքը հնարավոր է եղել երկարացնել շուրջ 500 անգամ։ Արդյոք հնարավո՞ր է նույնն իրագործել մարդկային օրգանիզմում, փորձերն ընթանում են, ասում է զրուցակիցս․

«Ներկայումս մարդու կյանքի տևողությունը երկարացնելու համար մի քանի ուղղություններ են մշակվել, որոնց մեծ մասը գիտական բավականին ծանրակշիռ հիմնավորում ունեն։ Այդպիսի ուղղություններից է կրիոնիկան, որը ենթադրում է պահպանել մարդու մարմինը և հետագայում վերականգնել գլխուղեղի նեյրոնային կապերը ու մարդիկ նորից կապրեն։ Մյուս ուղղությունը կլոնավորումն է, որը թույլ է տալիս մոլեկուլային որոշակի ուղիներ մշակել և երկարացնել մարդու կյանքը»,-ասում է Տիգրան Հարությունյանը։

Մարդու մարմինը միշտ երիտասարդ պահելու և այսպես ասած անմահության էլիկսիրը գտնելու որոնումներով են զբաղված աշխարհի մի շարք հայտնի գիտահետազոտական ընկերություններ։ Վերջին օրինակներից է ամերիկյան SENS Research Foundation-ը։ Այն սկսել է մի լայնամասշտաբ նախագիծ, որի շնորհիվ հնարավոր կլինի բջջային ինժեներիայի մեթոդներով կանգնացնել մարդու օրգանիզմում ծերանալու գործընթացը։ Այս նախագիծը ղեկավարում է անգլիացի հերոնտոլոբ, հայերեն՝ ծերունաբան, Օբրի Դե Գրեյը։ Իմ զրուցակցի դիտարկմամբ, սակայն, միայն մարմինը երկար երիտասարդ պահելը բավական չէ․

«Այս պահին հստակ ասել, թե կոնկրետ որ թվականին ու ինչ չափով կարող ենք երկարացնել մարդու կյանքը, իրատեսական չէ, որովհետև ծերությունը ողջ օրգան համակարգի խաթարումն է։ Մարդու կյանքի երկարացումը չի նշանակում բարելավել մարդու կյանքի որակը և առհասարակ հարց է առաջանում, թե ինչպե՞ս պիտի հաղթահարենք Պարկինսոնի կամ Ալցհայմերի հիվանդությունը, որոնք անխուսափելիորեն են առաջանում։ Իհարկե, մոլեկուլային ուղիներ են հայտնաբերվել ժամանակակից գենետիկական տեխնոլոգիաների մեջ, բայց միայն մեկ մոլեկուլային համակարգի բարելավման ճանապարհը ոչնչի չի հանգեցնի»,-նշում է Տիգրան Հարությունյանը։ 

Գիտությունը չի դադարում փորձել․ երկարակեցության կամ անմահության բանաձևը փնտրում են նաև աստղակենսաբանները։ NASSA-ի աստղակենսաբանության ինստիտուտը հրապարակել է վերջին տարիների ուսումնասիրությունների եզրակացությունը, որտեղ ասվում է, թե տիեզերքում մարդու բջիջներն ավելի դանդաղ են ծերանում և հնարավոր է մարդու կյանքը ավելի երկարացնել, եթե այն ուղղակի տեղափոխենք տիեզերք։ Մարս մոլորակը գաղութացնելու այս գաղափարը առնվազն այլևս լոկ գաղափար չէ։ Աստղագետ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի խոսքով՝ աստղակենսաբանությունն այսօր փնտրում է մարդու կյանքը երկարացնելու ուղիներ, միայն ոչ թե Երկիր մոլորակի վրա, այլ` Տիեզերքում․

«Տարբերությունը անկշռելիությունն է, Տիեզերքում մարդու վրա չկա գրավիտացիոն ճնշում և բջիջներն ավելի ազատ են ու դանդաղ են ծերանում։ Օրինակ` մարդը մոլորակի վրա հիմնականում ոտքի վրա է և դրա համար կարիք ունի հորիզոնական դիրքի հասնելու և այլն։ Գրավիտացիան շատ է ճնշում, իսկ անկշռելիության պայմաններում մարդու օրգանիզմն ավելի ուշ կծերանա»,-ասում է Արեգ Միքայելյանը։

Մթնոլորտային ճնշում, արեգակնային ճառագայթներ և մի շարք այլ երևույթներ ազդում են կենդանի օրգանիզմների կյանքի տևողության վրա, ասում է ֆիզիկոս Լիլիթ Եգանյանը։ Նրա խոսքով՝ ֆիզիկան բացատրում է՝ Տիեզերքում, այո բջիջները ծերանում են ավելի դանդաղ, բայց այդ տարբերությունն այնդքան էլ մեծ չէ։ Ֆիզիկոսը մարդու կյանքը երկարացնելու համար այլ մոտեցումներ է տեսնում, տարբերակ, թե ինչպե՞ս կարող է Տիեզերքն ավելի օգտակար լինել․

«Արտաքին պայմանների ազդեցության դեպքում է կյանքի տևողությունը բջջի ձևավորվում, և Տիեզերքում այլ բան կարող ենք անել, օրինակ օրգանների փոխպատվաստման բժշկական կենտրոններ ավելի լավ է ստեղծվեն, որտեղ ավելի արդյունավետ կլինի երկար կյանք ունեցող օրգանը բերել երկիր մոլորակ»,-ասում է Լիլիթ Եգանյանը։

Փորձերը դեռ կատարվում են, իսկ ֆուտուրոլոգներն արդեն կանխատեսումներ են անում, Տիգրան Հարությույանի փոխանցմամբ, մի շարք ֆուտուրոլոգներ կանխատեսում են, որ 2045 թվականին արդեն հնարավոր կլինի մարդու կյանքը երկարացնել մինչև 150 տարի։ Մինչ օրս աշխարհին հայտնի ամենաերկարակյաց մարդը թալիշ Շիրալի Մուսլիմովն է, որը, ըստ անձնագրի և բարեկամների պատմած տվյալների ծնվել է 1805-ին և մահացել 1973 թվականին` ապրելով 168 տարի։

Իրականում հարց է առաջանում, ինչի՞ համար է հարկավոր երկարացնել մարդու կյանքը, որքանո՞վ սա չի հակասում բնության օրենքներին և որքանո՞վ է պետք բնությանը, որ բանական մարդն ապրի այդքան երկար, առավել ևս դառնա անմահ։ Այս բոլոր գիտական փորձերին, մասնավորապես կրիոնիկային, ինչպես նշեցին հաղորդման մեջ, դեմ են մի շարք կրոններ, ըստ որոնց, մարդու ֆիզիկական հավերժ գոյությունը անիմաստ է և անօգուտ և անգամ վնաս Երկիր մոլորակի ու բնության համար։

Back to top button