ԿարևորՀասարակություն

Գյումրին ժամանակավոր քաղաքապետ ունի

Վարչապետի որոշմամբ այսօր Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում և Վայքում քաղաքապետի պաշտոնակարներ են  նշանակել։ Այս քաղաքներում առաջիկայում ավագանու ընտրություններ են նախատեսվում։ Ժամանակավոր քաղաքապետերը կպաշտոնավարեն մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը։ Գյումրիում քաղաքապետի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Շիրակի  մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը։

Վարչապետի որոշմամբ Գյումրիի քաղաքապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած Ալբերտ Մարգարյանին այսօր քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը։

«Պատիվ ունեմ ներյակացնելու Ալբերտ Մարգարյանին։ Նա պետական կառավարման համակարգում ունի  երկար տարիների փորձ, ունի տեխնիկական գիտությւնների թեկնածուի և ՀՀ ճարտարագիտական ակադեմիկոսի կոչում։ Շնորհակալություն եմ հայտնում Սամվել Բալասանյանին երկարատև աշխատանքի և ճանապարհի համար, ձեզ էլ  մաղթում եմ արդյունավետ աշխատանք ի նպաստ Գյումրիի և Գյումրեցու»։

Ալբերտ Մարգարյանը 2 օր առաջ է մարզպետից առաջարկ ստացել, համաձայնություն տվել։  Մինչև նոր քաղաքապետի ընտրությունը քաղաքի կառավարման ծանրությունն իր ուսերին վերցրած Ալբերտ Մարգարյանն ասում է՝ քաղաքի դժվարությունները գիտի։

«Ծանոթ եմ քաղաքային տնտեսույթյանը, գիտեմ որ բարդ աշխատանք է , բայց՝ դուրս գալով իրավիճակից, տվել եմ համաձայնությունս ու կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի աշխատանքը նորմալ ընթացք ստանա»։

Գյումրու ավագանիում երկար տարիների փորձ ունեցող Լևոն Բարսեղյանն ասում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների դադարեցման և ընտրությունների կազմակերպման միջև շուրջ կես ամսվա խզում կա։ Հենց այդ պատճառով էլ ժամանակավոր քաղաքապետ նշանակելու անհրաժեշտություն է առաջացել։

«Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կլոր 5 տարի են։ Նախորդ կազմը՝ 7-րդ գումարումը, ուժի մեջ է մտել 2016 թ-ի հոկտեմբերի 10-ից և այժմ հոկտեմբերի 10-ից և՛ ավագանու կազմի, և՛ ավագանու լիազորությունները դադարել են։ Վարչապետը նշանակութմ է պաշտոնակատար, ավագանու պաշտոնակատար չի նշանակվում, ինչպես հասկանում եք, քաղաքապետինը նշանակվում է՝ ինչպես եղավ փետրվարին մի շարք համայքների դեպքում, երբ լիազորությունները դադարեցրեցին և նշանակեցին պաշտոնակատարներ»։ 

 Բարսեղյանի խոսքով՝ պետական մարմինները պետք է ժամանակի ճիշտ հաշվարկ անեին և ընտրությունները 1 ամիս ավելի շուտ կազմակերպեին, որպեսզի պաշտոնական լիազորությունների ընդունումն ու հանձնումը ավելի հարթ ընթանար։ Հոկտեմբերի 17-ին ընտրություններով ձևավորվելու է Գյումրիի ավագանին, որը 10 օրյա ժամկետում գումարելու է առաջին նիստը և ընտրելու է Գյումրու քաղաքապետին։

Իսկ քաղաքապետի պաշտոնակատար  Ալբերտ Մարգարյանը որպես քաղծառայող նոյեմբերի 5-ից թոշակի կանցնի, օրենքն է այդպես պահանջում։ Մարգարյանը 16 տարի ղեկավարել է մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը, ասում է իր կուտակած աշխատանքային փորձով՝ տանը չի նստի։

Back to top button