ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցիներն առաջ են տվել իրենց դիրքերը Ներքին Հանդի և Ծավի սահմանային հատվածում

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ադրբեջանական ապօրինի ներխուժման հերթական դեպքը Սյունիքի մարզի Ներքին Հանդ և Ծավ բնակավայրերում։ Ըստ ՄԻՊ հայտարարության՝ սա արդեն երրորդ դեպքն է, երբ ադրբեջանական զինված ուժերը տեղակայվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։

ՄԻՊ փաստահավաք խմբի տեղեկություններվ՝  դեպքը տեղի է ունեցել 2020թ-ի հոկտեմբերին, սակայն այս մասին տեղեկացնում են հիմա, քանի որ նոր են ամփոփել զեկույցը, որի մշակման  համար պարբերաբար այցելել են տվյալ բնակավայրեր։

Սա թեև արձանագրվում է որպես երրորդ միջադեպ, սակայն ժամանակագրորեն նախորդում է սահմանային մյուս հատվածներ ադրբեջանցիների  ներխուժման դեպքերին։ ՄԻՊ Արման Թաթոյանի «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է՝ տվյալները հրապարակել են նաև հարցը միջազգային ատյաններում քննարկման առարկա դարձնելու նպատակով։

«Ներխուժումը եղել է պատերազմի ժամանակ, բայց փաստահավաք աշխատանքները վեր են հանել դրանք վերջերս։ Հիմա հրապարակեցինք, որ մեր երկիրը կարողանա դա օգտագործել միջազգային ատյաններում։ Օրինակ՝ առաջիկայում Արդարադատության միջազգային դատարանում լսումներ են լինելու։ Կարծում եմ՝ այս հարցն այնտեղ պետք է քննարկվի։Ադրբեջանցիների  ներկայությունն ինքնին մեր քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի խախտում է, և դա ենթադրում է, որ նրանք անպայման պետք է հեռանան։ ԵԽԽՎ բանաձևում, որտեղ վերջերս տեղ էր գտել անվտանգության գոտի ստեղծելու մեր առաջարկը, մենք նաև այս խախտումն էինք ներկայացրել զեկուցողին»։  

Ըստ Գուգլ քարտեզի տվյալների՝  սահմանային խախտումները  Ծավ գյուղին հարող տարածքում են ՝ որոշ հատվածներում սահմանից ուղիղ գծով 150մ, իսկ որոշներում  էլ ՝ 1210մ hեռավորության վրա։ Այդ  տարածքներում հիմնականում  խոտհարքներ են և արոտավայրեր: Ներխուժման հետևանքով քաղաքացիական բնակիչները զրկվել են դրանք  օգտագործելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

«Մանրամասն նշել ենք նրանց տեղակայման վայրերը, և այդ ամբողջ տարածքում, բնականաբար, մարդիկ զրկված են արտովայրերն օգտագործելու հնարավորությունից։ Ադրբեջանցիները ֆիզիկապես հենց մեր ինքնիշխան տարածքի մեջ են, այդ ինքնիշխան տարածքի հողերը արոտավայրեր են, խոտհարքներ, այսինքն՝ այդ մարդիկ օգտագործում էին այդ տարածքները։ Ավելին՝ առհասարակ ցանկացած վայրում, որտեղ ադրբեջանցիներ կան, մարդիկ որոշակի շառավիղով մոտ չեն կարողանում գնալ, որովհետև նրանք կրակում և սպառնում են, ամեն դեպքում քաղաքացիները զգուշանում են», — ասում է Թաթոյանը։

Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ոտնահարում են հատկապես Ծավ և Ներքին Հանդ գյուղերի բնակիչների կենսական իրավունքները: Նրանց ներկայությունը  Ծավ բնակավայրի վարչական ղեկավար Սերյան Զաքարյանն արձանագրել է  դեկտեմբերից։

«Այդ ժամանակ մերոնք ուշ են գնացել, չէին պատկերացրել, որ նրանք կարող է գան և մտնեն մեր հողերը, իրենց  դիրքերը դնեն։ Մերոնք ուշացան, նրանք առաջ եկան։ Այ դա էր սխալը։ Դեկտեմբերին մեր դիրքերը հետ  տվեցինք, մենք առաջ էինք, մեր դիրքերը բավականին հարմար էին, այսինքն՝ մեր գյուղերը՝  Ներքին Հանդը, Սրաշենը, Շիկահողը անվտանգ էին այդ ժամանակ, բայց հետ տվեցին։ Սկզբից ասել էին՝ ով որտեղ կանգնել է, այնտեղ էլ մնում է, բայց դա չեղավ, փաստորեն փոխվեց»։

Կրակոցներ լինում են, առաջխաղաման փորձեր ՝ ոչ, ասում է Զաքարյանը։ Նրա խոսքով՝ այդ ներխուժումներից հետո ադրբեջանցիների դիրքերն ավելի շահեկան են դարձել։

«Իրենց առաջ եկած հատվածում մեր խոտհարքերն  են։ Այն ժամանակ սովխոզ էր, որի մեջ մտնում էր նաև գյուղը։ Այնտեղ բավականին խոտհարքներ կան, իրենց տիրապետության տակ է հիմա, մենք չենք կարողանում օգտվել։ Ադրբեջանցիներն այնտեղից վերահսկում են ոչ միայն Կապանից Ծավ եկող , այլև դեպի Մեղրի գնացող ճանապարհը։ Շատ բարձր, շահեկան դիրք է, որն այն ժամանակ չպետք է թույլ տային վերցնել։ Եթե հնարավոր լինի դա հետ բերել, շատ լավ կլինի, բայց մինչ այսօր չի հաջողվել»։

Ադրբեջանական զինուժը  մայիսից  Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տարբեր ուղղություններով մխրճվել է Հայաստանի սահմանի խորք, այդ հատվածներում  ռուսական սահմանապահներ են տեղակայվել՝ որպես իրավիճակի ժամանակավոր լուծում։

Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների վերականգնումը պահանջում է ադրբեջանական զինված ուժերի անհապաղ հեռացում ինչպես Գեղարքունիքի գյուղերի տարածքնեից, այնպես էլ Սյունիքի համայնքներից ու ճանապարհներից՝ ընդգծում է ՄԻՊ գրասենյակը։

Back to top button