ԿարևորՍպորտ

Հայաստանի հավաքականը պարտվեց Ռումինիային ու նահանջեց 4-րդ տեղ

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Բուխարեստում նվազագույն հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն: 

Առաջին գրոհը կազմակերպեցին հյուրերը: Առաջին րոպեին Տիգրան Բարսեղյանը փորձեց սպառնալ մրցակցի դարպասին, բայց հարվածը շեղ ստացվեց: Մեկնարկային րոպեներին ռումինացիները ավելի շատ էին գնդակով ու Հայաստանի հավաքականի կիսադաշտում, իսկ Կապառոսի թիմը գնդակը խլելուն պես փորձում էր հակագրոհներ անել: Տանտերերը հետզհետե ավելի վտանգավոր էին գրոհում:  Անկյունայինի խաղարկումից հետո Ալեքսանդրու Միտրիտան գլխի հարվածով գրավեց Յուրչենկոյի դարպասը:

Խփած գոլից հետո տանտերերն ավելի ակտիվացան: 32-րդ րոպեն ռումինացի ֆուտբոլիստը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, վրա հասած Վարազդատ Հարոյանը վերջին ակնթարթին գնդակը դուրս բերեց անկյունային, որի խաղարկումից հետո հիանալի գործեց Հայաստանի հավաքականի դարպասապահը: Առաջին խաղակեսի վերջնամասում Տիգրան Բարսեղյանը մրցակցի տուգանային մատույցներում փորձեց պահել գնդակն իր մոտ, սակայն մրցակցի հետ պայքարում կոպիտ խաղաց ու զգուշացվեց դեղին քարտով:

Ընդմիջմանը Կապառոսը միանգամից երեք փոխարինում կատարեց: Բայրամյանի, Գրիգորյանի և Բարսեղյանի փոխարեն խաղադաշտ դուրս մտան Ադամյանը, Գելոյանն ու Սելարայանը: Երկրորդ խաղակեսի սկիզբն առաջինի հակապատկերն էր:  Հայաստանի հավաքականը մրցակցին սեղմել էր սեփական կիսադաշտում: 54-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հարոյանը գլխով հարվածեց: Ռումինացի դարպասապահը տիրեց գնդակին: Րոպեներ անց Սելարայանի փոխանցումից հետո նպաստավոր դիրքից գլխի հարված կատարեց նաև Մխիթարյանը, սակայն գնդակը դուրս եկավ դիմային գծից: 65-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը նորից հայտնվեց նպաստավոր դիրքում,  կրկին Սելարայանի փոխանցումից հետո, սակայն  Ռոմայի կիսապաշտպաբը վրիպեց ու չկարողացավ հարված կատարել:

68-րդ րոպեին տուգանայինի մատույցներում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին կանոնները: Հաջիի՝ տուգանայինի իրացումից հետո Յուրչենկոն հետ մղեց գնդակը: Հիմնական ժամանակի ավարտից 13 րոպե առաջ Էդուրադ Սպերցանի փոխարեն խաղադաշտ դուրս մտավ Էրիկ Վարդանյանը, իսկ րոպեներ անց Ալեքսանդր Կարապետյանը խաղադաշտ դուրս եկավ՝ փոխարինելով Սոլոմոն Ուդոյին: Խաղավերջն անցավ Հայաստանի հավաքականի առավելությամբ, սակայն Կապառոսի թիմը չկարողացավ խուսափել պարտությունից:

Այսպիսով, վերջին 2 տուրից առաջ Հայաստանի հավաքականը 12 միավորով 4-րդ տեղում է: Ռումինիան 13 միավորով բարձրացավ 2-րդ տեղ:

Աղբյուր՝ armsport.am

Ցուցադրել ավելի
Back to top button