ԿարևորՎերլուծական

Ի՞նչ են նախապատրաստում մոսկովյան այցերը՝ գերիների հարցի լուծո՞ւմ, նոր փաստաթուղթ, թե՞ նոր «բարձր» հանդիպում

Հայաստանից Ռուսաստան վերջին օրերի ներկայացուցչական պատվիրակությունների այցերը եզրափակվում են Հայաստանի վարչապետի այցով։ Փաշինյանը Մոսկվայում է ՝ հանդիպել է ՌԴ նախագահի հետ։ Ընդ որում՝ այս հանդիպման մասին հայտնի է դարձել հանդիպումից շատ կարճ ժամանակ առաջ միայն, օրակարգի մասին տեղեկությունները ևս շատ սուղ էին։

Ուստի դրանց մասին քաղաքագիտական շրջանակներում դեռ խոսում են ենթադրությունների և կանխատեսումների մակարդակում՝ բարձր մակարդակի շփումները համադրելով նախ և առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին պաշտոնական ձևակերպումների հետ։  

Այս տարի Փաշինյանն ու Պուտինը հանդիպել են արդեն  3 անգամ, 10–ից ավելի հեռախոսազրույց են ունեցել։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի հանդիպման ձևաչափից՝ տեղեկացնելով՝ ըստ ծրագրի՝ օրվա երկրորդ կեսը կնվիրվի հայ-ռուսական հարաբերություններին:

Փաշինյան-Պուտին դեմ առ դեռ հանդիպման համար բազմաթիվ հարցեր են կուտակվել՝ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի չկատարումից մինչև հայ-ադրբեջանական շփման գծի լարվածություն և տարածաշրջանում նոր թեժացում։ Հանդիպումից մեկ օր առաջ ռուս խաղաղապահի ներկայությամբ ադրբեջանցի դիպուկահարը սպանեց հայ քաղաքացու։ Մեծ քաղաքականության մեջ սա կարող էր բավարար լինել լարվածություն առաջացնելու համար և  ընկալվել որպես խաղաղապահներին հեղինակազրկելու փորձ։

Իրականում ի՞նչ մթնոլորտում է անցնում Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միայն ենթադրում է՝ դատելով օրեր առաջ կրկին Մոսկվայում իր հանդիպումներից Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Թեև ԱԺ նախագահը տեղյակ չէ վարչապետի մոսկովյան հանդիպման օրակարգից, բայց կանխատեսում է թե կարևորվող հարցերը, թե հնարավոր մթնոլորտը։

«Բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվել է մեր ռազմագերիների հարցը, քննարկվել է նաև նոյեմբերի 9–ի հայտարարության կետերի կատարումը, և ես կարող եմ ասել, որ մեր ռուս գործընկերների մոտ կա իրավիճակի հստակ ընկալում։ Իրավիճակի գնահատականները, որոնք մենք ունենք, կարող եմ ասել, գրեթե ամբողջությամբ կիսում են մեր ռուս գործընկերները։ Ես այնտեղ տեսել եմ այդ հարցերի լուծման ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն։ Վստահեցնում եմ՝ մոտ ապագայում մենք նաև շոշափելի արդյունք կտեսնենք Ռուսաստանի թե դիրքորոշման, թե գործողության մեջ»։

Պաշտոնյայի լավատեսությունը, սակայն, չի կիսում քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը։ Ամեն դեպքում հանդիպման համար լուրջ և հագեցած օրակարգ է կանխատեսում։ Ենթադրում է ՝ առանցքային հարցերի շարքում կլինի նաեւ «3+3» ձևաչափը։  Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած ձևաչափից արդեն հրաժարվել է Վրաստանը, դրա մասով լուրջ վերապահումներ ունի  նաև Իրանը։ Հայաստանի պատասխանը փորձելու են ստանալ այս այցի ընթացքում՝ ենթադրում է Օրդուխանյանը՝ հիշեցնելով Ռուսաստանի շահագրգռությունն այս հարցում․

«Եթե բացվելու է որևէ կոմունիկացիա, ապա ակնկալում է, որ այդ կոմունիկացիայի վերահսկողությունը կանցնի իրեն։ Սյունիքի մասին եմ ես, մասնավորապես, խոսում, որովհետև մինչև Փաշինյանի հետ հանդիպումը հանդիպումներ եղան Էրդողանի հետ Սոչիում, Իրանի արտգործնախարարի հետ հանդիպում եղավ, նախորդիվ կրկին հանդիպել էին Լավրովը և Չավուշօղլուն։ Եվ դա չնախատեսված հանդիպում էր։ Ես կարծում եմ, որ կարող է շրջանառվել նաև ինչ-որ փաստաթուղթ կամ ինչ-որ նման պայման, և այստեղ Ադրբեջանի ճնշման լծակը հետևյալն է՝ այն մինչ այժմ չի ստորագրել ռուս խաղաղապահների Արցախում տեղակայման մանդատը, և սա կարող է օգտագործել որպես ազդեցության լծակ Ռուսաստանին Հայաստանից որոշակի զիջումներ կորզելու նպատակով»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքից մինչդեռ ենթադրելի է՝ իշխանությունը չի պատրաստվում գնալ հեշտ զիջումների։ Հայաստանի իշխանությունն ունի իր օրակարգը, դրանում առաջնահերթորեն՝ ռազմագերիների վերադարձը։

«Այսօր, երբ մենք խոսում ենք ճանապարհների բացման, հարաբերությունների և խաղաղության մասին, մենք պետք է մի բան մշտապես ասենք, դա ես և իմ գործընկերը մշտապես ասում ենք՝ այդ ճանապարհները բացելուց բացի՝ այդ ճանապարհներով նախ և առաջ պետք է մեր ռազմագերիները վերադառնան։ Բոլոր ռազմագերիները վաղուց պետք է վերադարձած լինեին։ Ադրբեջանը փաստացի չի կատարում իր ստանձնած պարտավորությունները տարբեր շինծու արդարացումներ բերելով։ Երբ ես ասում եմ, որ մեր և մեր ռուս գործընկերների  ընկալումները նույնն են, ես դա նկատի ունեմ նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի մասով, որը ենթադրում է բոլոր պահվող անձանց աներկբա վերադարձը։ Մեզ համար դա առաջնային հարց է, և ես մեծ հույս և վստահություն ունեմ, որ մոտ ապագայում մենք ռազմագերի ների հետ կապված ձևակերպումները միգուցե կթողնենք անցյալում»։  

Ցանկացած նոր հնարավոր փաստաթուղթ ստորագրելուց առաջ Օրդուխանյանը ներկայացնում է մի շարք վերապահումներ և հակափաստարկներ։ Նախ՝ գերիների չվերադարձման և հայտարարության կոնկրետ կետի չկատարման համար   հավասարապես պատասխանատու է համարում նաև Ռուսաստանին։  

«Հակառակ Հայաստանի կողմից ներկայացվող կամ հայտարարվող խաղաղության օրակարգի՝ Ադրբեջանը դրան պատասխանում է հայ խաղաղ բնակչի սպանությամբ Արցախում։ Երրորդ փաստարկը՝ ըստ էության Հայաստանը Ադրբեջանի համար վերագործարկեց օդային տարածքը դեպի Նախիջևան չվերթերի իմաստով, բայց մինչ օրս Հայաստանից, ինչպես նաև Ռուսաստանից որևէ թռիչք Ստեփանակերտ չի եղել՝ չնայած Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահները։ Այսինքն՝ միակողմանի ապաշրջափակում կա այս իմաստով։ Չորրորդ փաստարկըառաջարկվող «3+3» ձևաչափը, որտեղ կա Թուրքիան, չի կարող Հայաստանի համար լինել ընդունելի, որովհետև Թուրքիան պատերազմի օրերին ուղղակիորեն աջակցել է Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում։ Ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածքսա էլ հինգերորդ»։

Քանի դեռ Փաշինյան-Պուտին հանդիպումից մանրամասներ հայտնի չեն, քաղաքագետները դեռ կանխատեսում են քննարկվող հարցերի հնարավոր շրջանակը։ Պաշտոնական վերջին հանդիպումների համար կարծես օրինաչափ է դարձել դրանց դետալների մասին տեղեկանալ կամ ռուսական պաշտոնական խոսափող համարվող լրատվամիջոցներից, կամ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի կողմից՝ առանձին ճեպազրույցների ընթացքում։

Իսկ առայժմ հաստատված փաստերից ունենք միայն հետևյալը․ Փաշինյանի այցից առաջ և այցին զուգահեռ՝ Երևանից Մոսկվա են գործուղվել այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ առողջապահության ու պաշտպանության նախարարները։  Անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսն էր երկօրյա այցով Մոսկվայում․ Գարեգին Երկրորդի հանդիպումները Կիրիլ Պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ էին։

Քաղաքագիտական շրջանակում այս հանդիպումները դիտարկում են որպես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպման ազդակ կամ նախապատրաստում՝ ենթադրելով, որ  Պուտինի հետ այս տարվա արդեն 4-րդ հանդիպումը կուտակված որոշ հարցերի պատասխան, այնուամենայնիվ, կտա, իսկ ռազմագերիների վերադարձի հարցում վճռորոշ կլինի։ Այլ հարց է՝ թե Հայաստանից դրա դիմաց ինչ կպահանջվի՝ մտահոգվում են քաղաքագետները։

Ցուցադրել ավելի
Back to top button