ԿարևորՏնտեսական

Թուրքականին այլընտրանք կա՝ Իրանն ու ԵԱՏՄ-ն

Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելուց հետո Հայաստանի կառավարությունը դիմել է ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերներին` առաջարկելով դրանք փոխարինել իրենց երկրներում արտադրվող ապրանքներով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ասել է, որ ԵԱՏՄ էլեկտրոնային հարթակում Հայաստանը ներկայացրել է մոտ 2350 անուն ապրանքի ցանկ է տեղադրել․ մեր երկիրն արգելել է դրանց ներկրումը Թուրքիայից ու ակնկալում է գտնել դրանց ներկրման այլընտրանքային շուկաներ։

Ու այս առումով լուրջ հույսեր են կապվում հենց ԵԱՏՄ երկրների հետ։ Փորձագետները կարծում են, որ իրանական ապրանքները ևս թուրքականին այլընտրանք են, միայն թե նրանց մտահոգությունները թուրքականին այլընտրանք փնտրելով չեն սպառվում․ տնտեսագետները շեշտում են՝ հարկ է նախ տեղական արտադրությունը զարգացնել։

Ո՞ր երկրների արտադրանքն է Հայաստանում դիտարկվում որպես թուրքականի այլընտրանք։ Փորձագիտական դաշտում կարծիքներ կան, որ տեղափոխման, տրանսպորտային ծախսերի առումով առավել հարմար է թուրքականն իրանականով փոխարինել։ Իսկ կառավարությունում այս ընթացքում դիտարկում են նաև ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ առևտրային կապերը զարգացնելը։ Հայկական կողմը ԵԱՏՄ էլեկտրոնային հարթակում տեղադրել է ցանկ, որում մոտ 2350 անուն ապրանք կա ու ԵԱՏՄ գործընկերների ուշադրությունը հրավիրել դրա վրա՝ առաջարկելով դիտարկել, թե դրանցից որոնք ու որ մասը կարող են իրենք արտադրել և/կամ մատակարարել։

Այս ցանկում, ի դեպ, այն ապրանքներն են, որոնց ներկրումը Թուրքիայից Հայաստանի կառավարությունն արգելել է․ տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը․

 «Խնդրեցինք մեր գործընկերներին` դուք տեսեք առաջինը, ինչ ունեք, արտադրեք, մենք այսքան ներմուծում ունենք, դուք բերեք միանգամից։ Նույն լոգիստիկայի տեսանկյունից ավելի հարմար է Իրանից  ու ՌԴ –ից ներմուծելը, բայց ոչ  այդքան Չինաստանից։ Քովիդով պայմանավորված՝ տրանսպորտային փոխադրումների գներն էլ են բարձրացել»։

Հայաստանի առաջարկին ԵԱՏՄ անդամ երկրներից արձագանք արդեն կա՝ ասում է Սիմոնյանը։ Որոշ տնտեսվարողներ հետաքրքրված են, բայց  մանրամասներ դեռ չկան։ Այս ընթացքում ԵԱՏՄ-ում արդեն արդյունաբերականացման քարտեզ ստեղծելու հանձնարարական կա։ Սա էլ Հայաստանին պիտանի կլինի։ Մշակվող փաստաթուղթը երեք բաժին ունի․ առաջինում իրագործվող ու ծրագրվող խոշոր- նախագծեր են: Արդյունաբերականացման քարտեզում կարևոր մանրամասներ կան ամենատարբեր նախագծերի մասին․ դիտակվել է արդյունաբերական 21 ճյուղ, 178 խոշոր նախագիծ՝ մոտ 200 մլրդ դոլար ընդհանուր արժեքով։ Սա կարող է օգնել ներդրողներին՝ կողմնորոշվել։ Տարվա ավարտին  հանձնաժողովը կներկայացնի առաջին հաշվետվությունը: Էկոնոմիկայի  նախարարի տեղակալն արձանագրում է՝ 

«Երկրորդ բաժնում ընդգրկված է արդյունաբերության ավելի քան 20 ճյուղերին առնչվող 500-600 տեխնոլոգիական ուղղություն: Երրորդ բաժնում ներառվել են ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման առավել նշանակալի ծավալով ապրանքային խմբերը: ԵԱՏՄ շրջանակում նաև ստեղծվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին»։

Հայաստանն ակտիվ ներգրավված է այս աշխատանքներում՝ նպատակ ունենալով նաև  թուրքական շուկային այլընտրանքային շուկաներ գտնել։ Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը՝ սահմանված 44-օրյա պատերազմի ընթացքում, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ոչ միայն տնտեսական, այլ հատկապես անվտանգության նկատառումներով է կարևորում։

«Ներմուծման արգելքը պետք է դիտարկել ոչ միայն Թուրքիայի նկատմամբ տնտեսական բնույթի սանկցիա, այլ նաև անվտանգության տեսանկյունից՝ հայաստանյան աղբյուրներից թուրքական պետական գանձնարանի ֆինանսավորման դադարեցում»։

Ավելի քան տասը ամսվա արգելքը սպասվող ազդեցությունը թողել է։  Էկոնոմիկայի նախարարն արձանագրում է՝  այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիայից  ընդհանուր ներմուծումը մոտ 70 տոկոսով կրճատվել է։ Կտրուկ փոխվել է նաև  ներմուծվող ապրանքների կազմը․

«Եթե նախկինում ավիավառելիք, ցիտրուս, վառելիք, մաքրող միջոցներ էին ներկրում, ապա այժմ՝ հիմնականում շինանյութ, տրիկոտաժե ու  բամբակե գործվածք, բնական կաշի»։

Հայաստանի ներմուծման կշռում թուրքական ապրանքները ներկայում մոտ 5 տոկոս են, գրեթե նույնքան էլ իրանական ապրանքներն են։  Միայն այս թվերի համեմատությունն արդեն խոսուն ցուցանիշ է այն առումով, որ Հայաստանը կարող է ավելի քան 2200 անուն ապրանք իրանականով փոխարինել ու լրացնել սպառման բացը։ Տնտեսագետ  Գագիկ Մակարյանը կարծում է, որ  իրանական շուկան թուրքականին այլընտրանք կարող է լինել, ընդ որում՝ գրեթե բոլոր ոլորտներում։

«Իրանում արտադրվում է  կենցաղային բարձրորակ տեխնիկա, որը կարող է թուրքական արտադրանքին փոխարինել։ Կարող ենք նաև ներկրել թունաքիմիկատներ, պարարտանյութեր,լվացքի մաքրող միջոցներ, պլաստիկ իրեր, հեծանիվ։ Իրանում արտադրվում են նաև բարձր որակի սառնարարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ»։

Փորձագետները շեշտում են՝ շուկայում ապրանքների բազմազանության համար հարկ է դիտարկել ներկրման նոր հնարավորություններ, որպեսզի և տեղափոխման ծախսերը փոքր լինեն, ու ապրանքը սպառողի գրպանին շատ թանկ չարժենա, և, մյուս կողմից, թուրքականի փոխարինումը կայուն և ամբողջական լինի․քանի դեռ թուրքական ապրանքներին այլ երկրների ապրանքով փոխարինելը դժվար է ու թանկ, տնտեսվարողները շարունակում են զարտուղի ճանապարհով երկիր բերել այդ երկրի ապրանքը՝ դեռ սահմանը չանցկացրած փոխելով կամ պարզապես հեռացնելով պիտակները, ինչն արձանագրում են նաև պատկան կառույցները։

Ամեն դեպքում թուրքական ապրանքին ներմուծման այլընտրանք փնտրելուն զուգահեռ՝ տնտեսագետները հարցին այլ կողմից էլ են մոտենում՝ բացը լրացնել սեփական ատադրությամբ՝ խթանելով հենց տեղական արտադրությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button