ԿարևորՀասարակություն

Շիրակում հանցագործությունների պատկերը փոխվել է․ Գյումրու նախկին քաղաքապետի և նրա որդու դեմ քրգործերից դատախազն է խոսել

Այս տարվա 9 ամսում Շիրակում 970 հանցագործություն է կատարվել։  Մարզում նվազել է գողությունների ու կոռուպցիոն դեպքերի թիվը, բայց զգալիորեն ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դրանց հետևանքով մահերը։ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն իր պաշտոնավարման 9 ամիսն է ամփոփել՝ անդրադառնալով աղմկահարույց մի շարք քրեական գործերի, այդ թվում՝ Գյումրու նախկին քաղաքապետի և նրա որդու դեմ հարուցված գործերի մասով։

Շիրակում հանցագործությունները սեպտեմբերից  նվազել են շուրջ 5 տասնյակով՝ արձանագրում է մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։  2020-ին 1019,  այս տարի՝ 970 հանցագործություն է կատարվել։   

«Հիշյալ դեպքերով հարուցվել է 623 քրեական գործ, որոնցից 33-ը՝ դատախազների կողմից, և 46 -ը՝ հանրապետությունում քրեական հետապնդում իրականացնող այլ մարմինների»։

3 սպանություն է կատարվել ու բացահայտվել, մեկ բացահայտում էլ սպանության փորձի դեպքով է արձանագրվել։ 2 ավազակության դեպք է գրանցվել․երկուսն էլ դեռ չեն բացահայտվել։  Հրազենի և ռազմամթերքի շրջանառության դեպքերն են 20-ով ավելացել, 9 ամսում 51 դեպք է գրանցվել։

 «Բացահայտումները հիմնականում պայմանավորված են բնակչության շրջանում  հետաքննության մարմնի և դատախազության բացատրական աշխատանքներով»։ 

Շիրակի մարզում գողություններն են նվազել, այդ թվում՝ բնակարանային, սակայն Շիրակի դատախազն ասում է՝ մեծ թվով չբացահայտված գողությունների ու հանցագործության դեպքերն իրեն հանգիստ չեն տալիս․ ոստիկանություն գրություն է ուղարկել, դեպքի վայրերն են քարտեզագրել ու վերակարգեր սահմանել, բազմաբնակարան շենքերում էլ տեսախցիկններ են տեղադրել։ Ասում է՝  նախականխիչ գործողություններն արդյունք են տվել։ Սակայն սրա կողքին դրական արդյունք չկա ճանապարհատրանսպորտային պատահարների մասով․ 9 ամսում վթարների հետևանքով 17 մահ է գրանցվել՝ 10 դեպքով նախորդ տարվանից ավելի։   

«Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 242 անձ, այստեղ ևս աճ ունենք 46-ով։ Նյութական վնասով ևս ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է կազմելով 727՝նախորդ տարվա 576-ի դիմաց»։

Կոռուպցիոն բնույթի գործերի թիվն է Շիրակի մարզում այս տարի նվազել․ նախորդ տարի 87 քրեական գործ էր հարուցվել, այս տարի՝ 50։ Քրեական գործերի հարուցման պահին պետությանը պատճառված վնասը շուրջ 80 մլն դրամ է, որից վերականգնվել է 11 մլն դրամը։ Թմրանյութերի ապօրինի  շրջանառության դեպքերն են պակասել։ 2021-ին գրանցվել է կավատության 1 դեպք, այն էլ կարճվել է, կավատն է մահացել։  

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ է հարուցվել միանգամից19 դրվագով։ Լրագրողները հետաքրքրվեցին՝  ինչքա՞ն է կազմում նրա կողմից պետությանը պատճառված վնասը։

«Քանի որ քրեական գործը նախաքննության փուլում է, և կան եզրակացություններ, որոնք դեռ չենք ստացել, այս պահին կոնկրետ վնասի չափ ասել չեմ կարող»։

Քրեական գործ էր հարուցվել նաև նախկին քաղաքապետի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ։Վերջինս ձերբակալվել էր։ Առաջին ատյանի դատարանը կալանավորումը մերժել էր, վերաքննիչն էլ դատախազության բերած փաստերի հիմքով հաստատել էր կալանավորում։  Սակայն արդեն Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերել չի հաջողվել։

«Ներկայում նա թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից»։

Կիրակի Գյումրիում  տեղական մարմինների ընտրություններ են, մինչ այս պահը դատախազությունը որևէ դիմում-բողոք չի ստացվել ընտրակաշառքի կամ իրավախախտումների պահով։

Back to top button