ԿարևորՏնտեսական

Հայաստանը մասնակցում է Եվրոպայում սննդի ամենամեծ ցուցահանդեսին

Հոկտեմբերի 9-ից 13-ը Հայաստանը մասնակցում է Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսին՝  «Անուգա 2021»-ին։ Այն տեղի է ունենում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաքում: Հայաստանը միասնական տաղավարով ներկայացնում են բուսական թեյերի արտադրության, չրարտադրության և պահածոների արտադրության ոլորտներում գործող ութ ընկերություններ։

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը հնարավոր է դարձել «Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։

«Անուգա 2021»-ն ամենամեծ միջազգային հարթակն է կապերի հաստատման և վաճառքի խթանման համար, որին հայաստանյան ընկերությունները ներկայացված են պանդեմիայի սկսելուց հետո։ Ցուցահանդեսին մասնակցությունը նպաստում է տեղական արտադրության առաջխաղացմանը, ինչպես նաև արտահանման ծավալների և աշխարհագրության ընդլայնմանը։

«Անուգա 2021»-ը հնարավորություն է տալիս սննդամթերքի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերություններին ուսումնասիրել և ապա ներդնել միջազգային լավագույն փորձն ու վերջին միտումները՝ արտադրությունից մինչև փաթեթավորում, ինչպես նաև ձեռք բերել նոր գործընկերային կապեր արտահանումը խթանելու համար։

«Նման առաջատար ցուցահանդեսներին մասնակցությունը կարևոր է հատկապես ներկայիս պայմաններում, երբ պանդեմիայի պատճառով ընկերությունները մեկուկես տարի զրկված են  եղել գործընկերների և գնորդների հետ կենդանի շփման հնարավորությունից։

«Անուգա 2021»-ին մասնակցությունը նպաստում է, որ հայաստանյան ընկերությունների արտադրանքը դառնա առավել մրցունակ արտաքին շուկաների համար, և նոր ուղիներ բացվեն արտահանման համար», — նշում է  Հայաստանում ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության (EU4Business) շրջանակում իրականացվող «Առևտրի համար պատրաստ» ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանը։

Ցուցահանդեսների վերսկսելուց հետո «Անուգա 2021»-ն ամենամեծն է Եվրոպայում մասնակից ընկերությունների թվով և տարածքի մեծությամբ։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 4000 ընկերություններ աշխարհի 94 երկրներից։

Back to top button