ԿարևորՀասարակություն

Չպատվաստված կամ չթեստավորված աշխատողներին չի թույլատրվի ներկայանալ աշխատանքի․ նախագիծ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նոր նախագիծ, որի ընդունումը գործատուին հնարավորություն կտա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները և չվճարել, եթե աշխատակիցը չներկայացնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, պատվաստման հավաստագիրը կամ բժշկի տեղեկանքը՝ պատվաստման հակացուցումների դեպքում:

Նախատեսված օրենսդրական փոփոխություններով պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողներն օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրերը։ Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։

«Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին» օրենքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում։ 

Նախագծով առաջարկվում է փոխել Աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածը, որով սահմանվում են աշխատանքի չթույլատրելու դեպքերը, ավելացնել նոր մասով՝ սահմանելով.

«Աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը»:

Նոր կետով է լրացվում նաև օրենսգրքի 113-րդ հոդվածը, որով հստակեցվում է աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ: Ըստ նոր կետի՝ գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում:

Համապատասխան փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում նաև Հանրային ծառայության մասին օրենքում: Հանրային ծառայողների դեպքում էլ պահանջները նույնն են, ժամկետները՝ ևս:

Առաջարկվող փոփոխությունները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button