ԿարևորՀասարակություն

Կապանում ավագանու ընտրություններին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Շանթ դաշինք»-ը

Նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Ստեփանավան և Տավուշի մարզի Իջևան համայնքներում։ Հոկտեմբերի 10-ին լրացել է թեկնածուների առաջադրման ժամկետը։ Առաջին անգամ համայնքի ավագանու ընտրությունը կանցկացվի համամասնական ընտրակարգով, այսինքն, ընտրապայքարին կմասնակցեն միայն քաղաքական ուժերը՝ անհատների փոխարեն։ Եվ չնայած այս հանգամանքրին, Սյունիքի մարզկենտրոնում Կապանում ընդամենը երկու  կուսակցությունն է մասնակցության հայտ ներկայացրել՝ «Շանթ դաշինք»-ն ու «Քաղաքացիական պայմանագիրը»։

Կապան համայնքի ավագանու ընտրություններում  առաջադրված ազգայնական «Շանթ դաշինք»-ի ընտրացուցակում 70 թեկնածու կա։ Ցուցակը գլխավորում է Կապանի գործող համայնքապետ, անկուսակցական Գևորգ Փարսյանը։ Ամբողջ օրվա ընթացքում նա մեր զանգերին չպատասխանեց։ Մամուլի քարտուղարն ասաց՝ համայնքապետը զբաղված է իր գործերով, բայց տեղում չէ։

Օրեր առաջ պաշտոնապես հայտարարելով առաջադրման մասին՝  Գևորգ Փարսյանը նշել էր, որ քաջ գիտակցում է հետպատերազմյան շրջանում Կապան համայնքի առջև ծառացած մարտահրավերներն ու անվտանգության խնդիրները։ Ասել էր՝ առաջադրվում է «Շանթ դաշինքով», քանի որ այս ուժի հիմնարար արժեքները հարազատ են իրեն՝ ազգային շահ, քաղաքացու արժանապատվություն, հայրենիքի անկախություն, ազատություն ու արդարություն։

«Առաջադրվում եմ, քանի որ մեկնարկած ծրագրերը և նախանշված աշխատանքներն ավարտին հասցնելու անհրաժեշտություն կա։  Առաջադրվում եմ, քանի որ մեր թիմի այս երեք տարիների քրտնաջան և նվիրված աշխատանքով վաստակած ձեր աջակցությունն ու վստահությունը ավելի քան պարտավորեցնող են»,–կարդում ենք Գևորգ Փարսյանի հայտարարության մեջ։

Կապանի ավագանու ընտրություններին խորհրդարանական ընդդիմությունը որոշել է չմասնակցել։ Սյունիքում անցած տարի հիմնադրված «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը  դեռ որոշում չունի՝ սատարելո՞ւ է գործող համայնքապետին, թե՞ ոչ։ Կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյան․

«Դեռ հստակ որոշում չունենք, չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, գուցե վաղը ունենանք որևէ որոշում»։

Խորհրդարանում ներկայացված մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-ը, առանձին ցուցակով ընտրություններին չի մասնակցի։ ՀՀԿ Կապանի կազմակերպության ղեկավար Աշոտ Հայրապետյանը «Ռադիոլուր»-ին ասաց, որ հարցը քննարկել են  խորհրդի ընդլայնված նիստում։

«Մեր անդամները, ներկաների գերակշռող մասը, կարծիք հայտնեցին, որ առաջիկա ընտրություններին ցանկություն ունեն սատարելու գործող համայնքապետ Փարսյան Գևորգին։ Ասեմ՝ ինչու։ Հիմնականում շեշտը դրվում էր սահմանային անվտանգության հետ կապված հնարավոր վտանգների, մարտահրավերների վրա։ Այդ իսկ պատճառով սատարում են Փարսյանին։ Խորհուրդը, սակայն, այս մասով որոշում չի կայացրել, հայտարարություն չունենք»։

ՀՀԿ ներկայացուցիչը չի բացառում, որ կուսակցության որոշ անդամներ բարեկամական, ընկերական հանգամանքներից ելնելով  սատարեն ընտրություններին մասնակցող այլ թեկնածուներին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոյեմբերի 14-ի ընտրություններին կմասնակցի 61 հոգանոց ընտրացուցակով։ Այն գլխավորում է  Ազգային ժողովի պատգամավոր, կառավարող ուժի անդամ  Դավիթ Դանիելյանը։  Սպասելի՞ էր, որ Կապանում կառաջադրվի ընդամենը երկու ուժ․

«Ճիշտն ասած, հարցի շուրջ, թե քանի ուժ կմասնակցի, չեմ մտածել։ Մենք մեր աշխատանքն ենք անում։ Սպասելիքները քարոզարշավի ընթացքում կորոշկիանան, քարոզարշավը հենց դրա համար է, որ տեսնենք ինչ է սպասվում մեզ»։

Կապանում շրջանառվող լուրերի համաձայն` որոշ քաղաքական ուժեր ավագանու ընտրություններում սատարելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Ո՞ր ուժերի մասին է խոսքը՝ փորձեցինք ճշտել ՔՊ-ական թենածուից․

«Ոչ մի քննարկում կամ պայմանավորվածություն չի եղել որևէ ուժի հետ՝ մեզ սատարելու մասին։ Մեզ սատարելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Մենք միշտ այդպես եք առաջնորդվել։ Որևէ հայտարարություն կամ պայմանավորվածություն որևէ ուժի հետ չկա»։

Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է, նախընտրական քարոզարշավը կսկսվի հոկտեմբերի 20-ից և կտևի մինչև նոյեմբերի 12-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button