Ժամանակի վկան

Ազգային-ազատագրական պայքարի բովով. «Ժամանակի վկան»

Հաղորդումը, որը հեռարձակվել էր 2016 թ․մարտի 18-ին, կրկնելու համար փնտրում էի 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո։ Բոլոր ձայնագրություններն ստուգելուց հետո, վերջապես այն գտա «Ժամանակի վկան» հաղորդաշարի իմ արխիվում։ Հիշում էի, որ տարիներ առաջ Գևորգ Հաճեանը հյուր էր եղել հաղորդմանը։

Թեմատիկ առումով հաղորդումն ամբողջական է այնքանով, որ ներկայացնում է տարբեր երկրներում հաստատված սփյուռքահայերի նույնանման ճակատագրեր և ազգային-ազատագրական պայքարի խորհրդանշական չընդհատվող ընթացքը։

Գևորգ Հաճեան, Արցախ

Հաղորդման առաջին հատվածում Անդրանիկ զորավարի մասին հուշը պատմում է ավստրալաբնակ մեր հայրենակցուհի Ֆլորա Հովսեփյանը։ Այն, որպես փաստ, աղբյուրագիտական նշանակություն ունի։

Իսկ այսօրվա դիտանկյունից, կարծում եմ, խորհրդանշական է ազգային-ազատագրական պայքարի տարբեր ժամանակների նվիրյալների մեկտեղումը․ հաղորդումն սկսվում է զորավար Անդրանիկի մասին հուշ-պատումով, ավարտվում Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանով և նորօրյա պայքարի արի նահատակներով։

Գևորգ, Թաթուլ և Ֆրիդա Հաճեաններ

Հաղորդման երկրորդ հյուրը՝ երգիչ, խմբավար Գևորգ Իգնատոս Հաճեանը, որը 5 տարի առաջ մեր տաղավարում պատմում էր իր գերդաստանի ճակատագրի մասին,  ինքն էլ միացավ նորօրյա պայքարի նվիրյալների փաղանգին․  44-օրյա պատերազմում՝ 2020 թ․ հոկտեմբերի 6-ին, Արցախում՝ Վարանգաթաղ լեռան համար մղված մարտում, նա զոհվեց Պռոշյան գյուղի կամավորական ջոկատի 18 մարտիկների հետ։ Գևորգ Հաճեանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» շքանշանով։

Հաղորդումը հեռարձակվում է որոշ կրճատումներով ու հավելումներով։ Ավարտվեց «Ժամանակի վկան» հաղորդաշարի հերթական հաղորդումը։ Դուք լսեցիք 44-օրյա պատերազմի նահատակ Գևորգ Հաճեանի ձայնը և ավստրալահայ Ֆլորա Հովսեփյանին։

Back to top button