ԿարևորՀասարակություն

Մեղրեցիները մորթի համար այլևս չեն հասնի Կապան

Սյունիքում գործում է 4 սպանդանոց. երկուսը` Կապանում, երկուսը՝ Գորիսի տարածաշրջանում՝ Հարթաշենում ու  Խնձորեսկում, որից օգտվում են նաև Սիսիանի բնակիչները։ Մեղրեցիները ստիպված են իրենց անասունների մորթն իրականացնել Կապանի սպանդանոցներում, քանի որՄեղրիի տարածաշրջանում սպանդանոց չկա։ Հարցը կառավարության օրակարգում էր, և կարծես ելքը գտնվել է․ որոշվել է՝ Մեղրիի համայնքապետարանին շարժական սպանդանոց հատկացնել։ Մանրամասները  Արմեն Դավթյանի ռեպորտաժում։

Մեղրիի տարածաշրջանի ֆերմերներն ու անասնապահներն օրեր առաջ հավաքվել էին Մեղրիի համայնքապետարանի առաջ՝ պահանջելով լուծել տարածաշրջանում սպանդանոց ունենալու խնդիրը, որպեսզի չհասնեն Կապան՝ մորթի համար։ Լիճքեցի Կարեն Բարխուդարյանը չգիտի՝ ինքը ֆերմե՞ր է, գյուղատնտե՞ս, թե՞ բիզնեսմեն։

«Չեմ իմանում՝ դա ոնց է կոչվում, 250 գլուխ անասուն ունեմ, այծ ունեմ, 2 աշխատող ունեմ, 4 աշխատող ամռանն եմ ունենում, երբ կթելու սեզոնն է։ Էլի մորթում էինք, բայց սպանդանոցը Կապանում է, ձեռք չի տալիս՝ անասունը տանենք Կապան, մորթենք, նորից հետ բերենք, ավելի լավ է մորթենք, տանք շները ուտեն։ Կոպեկներ ա լինում ինքնարժեքը»։

Մեղրիի տարածաշրջանում հաշվառված է 1110 խոշոր եղջերավոր,  2800 գլուխ մանր անասուն։ 550 տնտեսություն զբաղվում է անասնապահությամբ։ Տարածաշրջանի գլխավոր անասնաբույժ Ադուն Մհերյանը «Ռադիոլուրին» հավաստաիացնում է՝ բակային մորթից առաջ անասունը ստուգվում է, միսը՝  կնքվում։ Չի եղել դեպք, որ հիվանդ անասունի միս  հանձնվի մթերման կետերին։ Ասում է՝ հետևողական է, որ պատվաստումները չուշանան։ 

«Ստուգումներ միշտ էլ անում ենք, բայց երբ անասունը մորթի ենթակա է, ավելի ուշադիր ենք ստուգում։ Դե մինչև այդ  էլ պատմությունը գիտենք՝ երբ է պատվաստվել, ինչով է հիվանդացել։ Մորթից առաջ ջերմությունն ենք ստուգում, ու դրանից հետո թույլատրում՝ մորթել կամ ոչ։ Եթե կենդանին ջերմություն ունի, արգելել ենք»։

Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի խոսքով՝ մեկուկես ամիս է` պայքարում է հարցի լուծում գտնելու համար։ Սննդի   անվտանգության տեսչության պատասխանատուներն օրերս Մեղրիում էին։ Համայնքապետի պաշտոնակատարի հետ հանդիպեցին մեղրեցի ֆերմերների հետ։ Որոշվեց համայնքին շարժական սպանդանոց տրամադրել։ Լսենք Լիճքի բնակիչ Կարեն Բարխուդարյանին․

«Առաջարկեցին՝ 25 հազար դոլար պետությունն է տալիս, 25 հազարն էլ դուք տվեք, շարժական սպանդանոցը բերենք։ Մենք հրաժարվեցինք, մեզ ձեռք չի տա, համ քիչ ենք, համ էդքան եկամուտ չունենք։ Թումանյանը ասաց՝ ինքն էդ հարցը կլուծի, դե որ լուծի, լավ կլինի»։

Սպանդանոցի առկայությունը կխթանի անասնապահության զարգացումը՝ համոզված է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանը։

«Ծրագրի արժեքը 50 հազար ԱՄՆ դոլար է՝ 50 տոկոսը վճարում է կառավարությունը, մյուս մասն էլ 25 հազար դոլարի համարժեք դրամ, տրամադրելու ենք  համայնքապետարանի բյուջեից։ Սպանդանոցի առկայությունը կարող է նպաստել հետագայում անասնապահությունը զարգացնելու՝ և որպես բիզնես, և որպես տնտեսության ճյուղ»։

Շարժական սպանդանոցի առկայության դեպքում նոր աշխատեղ կբացվի։ Համայնքապետի պաշտոնակատարն արդեն փնտրտուքի մեջ է՝ գտնել վարորդ, որը նաև մորթ անելու հմտություն ունենա, հակառակ դեպքում երկու աշխատատեղ պիտի բացեն։ Վարձատրությունը համայնքային բյուջեից է կատարվելու։

2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է  9.0%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.1% գնաճ (խոզի մսի գնաճը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ կազմել է 40.2%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 1.1%): Մեղրեցի ֆերմերները բնական են համարում գնաճը։ Սպանդանոցին գումար են վճարում։ Կարեն Բարխուդարյան․

«Ես մորթում էի, 3000 դրամով հանձնում էի խանութին։ Հիմա ասում են՝ մի գլուխը 2500 դրամ են մորթում սպանդանոցում՝ ոչխար լինի, խոզ լինի, կով լինի։ Ասացի՝ լավ չի էլի, ուլը 10 կգ է, 2500 ես էլ տամ, 40 կգոց խոզի տերն էլ, արդար չի։ Պետությունը որ շատ բան անի, մեր բեռը թեթևացնի, պահողները շատ կլինեն։Ես արդեն հիասթափված էի»։

Այսօր Մեղրիի բնակչության 8-10 տոկոսն է զբաղվում անասնապահությամբ, նախկինում շուրջ՝ 25 տոկոսը։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանը սա կապում է նաև արոտավայրերի չջրաբիացման հետ։ Հիմա ծրագիր ունեն՝ 58 կմ խողովակաշար անցկացնել՝ արոտավայրերը ջրաֆիկացնելու նպատակով։

Ցուցադրել ավելի
Back to top button