ԿարևորՄիջազգային

Ինչի՞ կվերաճի Իրան-Ադրբեջան «մեսիջային» պատերազմը․ նոր ռիսկեր՝ 44-օրյայից հետո

Հայաստանի հարևաններ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն օրեցօր լարվում են։ Պաշտոնական Բաքուն և Թեհրանը «մեսիջային պատերազմում» փոխադարձ մեղադրանքներից արդեն անցել են սպառազինության ցուցադրության զորավարժանքների միջոցով։ Ադրբեջանի հետ սահմանին Իրանը կենտրոնացրել է մեծաքանակ զինտեխնիկա՝ լայնածավալ զորավարժությունների համար, Նախիջևանում էլ համատեղ վարժանքներ են իրականացնում Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը: Հայկական կողմում ադրբեջանա–իրանական լարվածությունը դիտարկում են թե քաղաքական, թե տնտեսական  ասպեկտներով։ Փորձագետներն ամեն դեպքում սա համարում են 44-օրյա պատերազմի հետևանք։

Իրան-Ադրբեջան հարաբերությունների ավելացող լարվածությունը 44-օրյա պատերազմի հետևանքն է, իսկ հետպատերազմյան իրավիճակը պարզապես առիթ էր տարածաշրջանում որոշակի գործընթացներ գեներացնելու համար՝ արձանագրում են փորձագետները։ Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը նկատում է՝ տարածաշրջանային շահերի առանցքում Հայաստանի աշխարհաքաղաքական առանցք Սյունիքն է․ այստեղ են բախվում աշխարհի ու տարածաշրջանի խոշոր խաղացողների շահերը։ Ուստի շատ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը։ Քաղաքագետը որպես մեկ այլ կարևոր պայման շեշտում է՝ որևէ պարագայում չպետք է վերանայվի կամ վերափոխվի հայ-իրանական սահմանը։

«Այս պարագայում Հայաստանն իր համար մշակած հաստատումներ պետք է ունենա․ առաջինը պետք է բացառել ապաշրջափակման որևէ ուղի, որը դուրս կլինի ՀՀ վերահսկողությունից, այսինքն ՝Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով անցնող ցանկացած հաղորդուղի ապաշրջափակման դեպքում միանշանակ պետք է լինի ՀՀ վերահսկողության տակ։ Երկրորդ՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ շարունակի գործարկվել Հայաստան-Վրաստան-Իրան կապը, որը Հայաստանին տալու է կոմունիկացիոն նոր հնարավորություններ»,-ասում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նկատում է՝ ադրբեջանա-իրանական հարաբերություններն էլ ավելի սրվեցին Գորիս-Կապան ավտոճանապարհի միջադեպերից հետո, երբ ադրբեջանական կողմը նախորդ ամսվա կեսերից  խոչընդոտել էր իրանական բեռնատարների երթևեկությունը, ապա եւ տուրքեր սահմանել Հայաստանով տարանցիկ բեռնափոխադրողների համար։

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյան

«Իրանցի երկու վարորդ ձերբակալվեց, դրան զուգահեռ՝ Իրանը հայտարարեց, որ հոկտեմբերի մեկից անցկացնելու է զորավարժություններ բավականին ուշագրավ անվանումով։ Արդյունքում միջամտեց նաև Ռուսաստանը․ Իրանի արտգործնախարարն այցելեց Մոսկվա, Իրանի հարցով հրատապ հարցազրույց ունեցան Ռուսաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը։ Եվ հիմա մենք ականատես ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը նույնպես զորավարժություններ են իրականացնում Նախիջևանում»,-ասում է Ռուբեն Մեհրաբյանը։

Իրանը փորձում է ապացուցել տարածաշրջանում իր ակտիվ դերակատարումը եւ պարտադրում իր հետ հաշվի նստել՝ նկատում է ռազմական հարցերի փորձագետ Արմինե Մարգարյանը։ Սակայն, ի հակադրություն հայկական մեդիայում նկատվող ոգևորության, սթափության կոչ է անում․ չպետք է անհիմն ոգևորվել իրանա-ադրբեջանական լարված հարաբերություններով։

«Եթե մենք խելացի գործենք, այո, կարող ենք ինչ-որ օգուտներ քաղել այս լարվածությունից։ Բայց մի բան ավելի հստակ է՝ տարածաշրջանում ցանկացած ռազմական բախում կարող է Հայաստանի համար կործանարար լինել, առնվազն գոնե հումանիտար առումով։ Առհասարակ, Հայաստանի շահերից չի բխում այս իրավիճակի շարունակությունը։ Մեր շահերից բխում է միայն, որ շարունակվի Իրան-Հայաստան ռազմավարական գործունեությունը»,-ասում է ռազմական հարցերի փորձագետ Արմինե Մարգարյանը։

Եթե վերլուծենք 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքները, կտեսնենք, որ որպես զիջող կողմ հաճախ դիտարկվում է նաև Իրանը՝ նկատում է տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Սրան հակառակ, ըստ փորձագետի, ակնհայտ է թուրք-ադրբեջանական տանդեմի գրանցած հաջողությունը և տարածաշրջանում նրանց ակտիվությունը։

Տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյան

«Արդյունքում առավելություն ունեցող թուրք–ադրբեջանական կողմը փորձում է նվազեցնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում, որպես այստեղ շահեր ունեցող և մշտապես ակտիվություն դրսևորած դերակատար։ Եվ նաև միկրոմակարդակում հնարավորինս նվազեցնել Իրանից Ադրբեջանի կախվածությունը, քանի որ Ադրբեջանի անկախությունից հետո տասնամյակներ շարունակ Իրանը Թուրքիայի և Ռուսաստանի հետ զուգահեռ բավականին ակտիվ կերպով  մրցակցել է»,– ասում է Արմեն Պետրոսյանը։

Հիմա տարածաշրջանային ամենակարևոր խնդիրներից մեկը Զանգեզուրի միջանցքն է։ Փորձագիտական հանրույթը չի բացառում, որ թուրք-ադրբեջանական քաղաքականության և ադրբեջանա-իրանական հարաբերությունների լարման հիմքում հենց Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշումն է։ Տարածաշրջանում միայն Իրանն է բացեիբաց բացառում Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցը՝ շեշտում է  քաղաքագետ Արմեն Պետրոսյանը հիշեցնում է։

«Ուզում եմ նշել, որ Զանգեզուրի միջանցքի բացառումը հիմա բավականաչափ կարևոր խնդիր է։ Այստեղմի կարևոր պահ կա՝ մենք ունենք տարածաշրջանում մի դերակատար, որը բացեիբաց ՀՀ-ի կողքին  բացառում է Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցը, և բացառված չէ, որ թուրք-ադրբեջանական այս քաղաքականության հիմքում նաև այս կարծիքի փոփոխության հարցն է»։

Ամեն դեպքում՝ տարածաշրջանում ավելացող լարվածությունը դժվար թե  ռազմական բախման վերաճի՝ կարծում են քաղաքագետները, բայց եւ զգոնության կոչ անում․ այդպիսիք պարզապես Հայաստանի կողքով չեն անցի։

Ցուցադրել ավելի
Back to top button