ԿարևորՔաղաքական

Բաքուն՝ խաղից դուրս․ տրանզիտային նոր քարտեզները գծվում են Հայաստանի ներգրավմամբ

Հաջորդ շաբաթ Հայաստան է ժամանելու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Պաշտոնական լուրը սովորական կհնչեր, եթե չլիներ փաստը՝  պատմության մեջ առաջին անգամ է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարն այցելում Հայաստանի Հանրապետություն։

Այս պահին հայտնի է այցի պաշտոնական օրակարգը։ Հոկտեմբերի 12-13-ը Ջայշանկարը հանդիպումներ կունենա վարչապետ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ: Կքննարկվեն երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները:

Տարիներ շարունակ երկու երկրների և ժողովուրդների միջև կապը եղել է տարբեր մակարդակներում՝ կրթությունից մինչև զբոսաշրջություն, բայց պետական բարձր մակարդակով շփումը կազմակերպվում է առաջին անգամ։ Քաղաքական այցի հետ լուրջ նպատակներ են կապվում, դրա չերեւացող կողմում նաեւ տնտեսական աակնկալիքներ են։  

Ինչո՞վ պայմանավորված են ակտիվանում Հայաստան-Հնդկաստան հանդիպումները  քաղաքական բարձր մակարդակում։ ԱԺ ամբիոնից արտգործնախարար Արարատ Միրզոյանը սպասվող այցի համատեքստում խոսում է նաեւ Պարսից Ծոց-Սև ծով հավակնոտ ծրագրից։

Անկախությունից ի վեր Հայաստանը պատրաստ է եղել դարպասի դեր ստանձնել Եվրոպայի և Ասիայի միջև, սակայն, մտադրություններից և ցանկություններից այն կողմ աշխատանքը չի գնացել։ Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու ներուժը գնահատվել է միշտ, բայց վերջին պատերազմից հետո տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկման հեռանկարները առարկայական դարձան։ Այժմ արդեն խոսվում է նոր հնարավորությունների մասին։ Տարածաշրջանային հարցերի փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը ձեւակերպում է ստեղծված իրավիճակում Հայաստանի ձգտումները․

«Կարծես թե ՀՀ իշխանության կողմից  փորձ է արվում Հայաստանի համար ստեղծված այս փակուղային իրավիճակում որոշակի կտրուկ գործողությունների գնալ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար՝ և տնտեսական, և անվտանգային, և ընդհանուր առմամբ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակի առումով։ Ես մտածում եմ, որ երևի թե այս համոզմունքն է, որ հետպատերազմյան շրջանում տարբեր խնդիրների շատ արագ կարգավորումների հասնելը կարող է բացել Հայաստանի զարգացման համար ճանապարհ։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները նման տեսլական և կանխատեսումներ ունեն»։  

Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման համաձայնագիրը քննարկվում է տարիներ շարունակ։ Դրա դետալների ամբողջացումը սպասվում է արդեն մոտ ապագայում․ մասնակից երկրները մոտ են համաձայնագրի վերջնական տարբերակին։ Նախագծով նախատեսվում է կառուցել մի տրանսպորտային միջանցք, որը կսկսվի Պարսից ծոցից, Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով կհասնի Սև ծով, որտեղ արդեն նավերով բեռները կտեղափոխվեն Բուլղարիա և Հունաստան: Սոֆիան պաշտոնապես միացել է համաձայնագրին և հայտարարել՝ օգտագործելու է Վառնա և Բուրգաս քաղաքների նավահանգիստները: 

Տարածաշրջանային ճանապարհային նոր լուծումների առումով այս համաձայնագիրն աննախադեպ է Հայաստանի համար: Մեր երկիրը մինչ այժմ ներգրավված չի եղել նմանատիպ մեծ միջազգային ծրագրում: Վերջին անգամ իր պաշտոնում վերընտրվելուց հետո վարչապետ Փաշինյանի առաջին այցերի ուղղությունների  ընտրությունը պատահական չէր։

«Թե Իրանի Իսլամական Հանրապետության, թե Վրաստանի հետ մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման, և այս համատեքստում կարևորում եմ Հյուսիս-Հարավ նախագիծը, որն ԻԻՀ հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին։ Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ և ԻԻՀ հետ»։

Տնտեսական այս ծրագրերն ավելի մեծ ու ավելի հավակնոտ ծրագրի մաս են՝ ասում է փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Նրա կարծիքով՝ Պարսից ծոց-Սև ծով ծրագիրն ունի աշխարհաքաղաքական օրակարգ և գոյութենական նշանակություն։

«Կան նախագծեր, որոնք բացի տնտեսական բաղադրիչից, մեզ համար ունեն նաև անվտանգային նշանակություն: Դրանցից մեկը Հյուսիս-Հարավն է, նույն Իրան-Հայաստան երկաթգիծը, սրանք համազգային նշանակության ծրագրեր են, որոնք կազմում են Հայաստանի անվտանգային համակարգի առանցքը»։

Եթե Հայաստանին հաջողվի ավարտին հասցնել Հյուսիս-Հարավ նախագիծը, մեր երկիրը կարող է Մերձավոր Արևելքի՝ Պարսից ծոցի երկրների համար տարանցիկ ճանապարհ դառնալ դեպի Սև ծով: Տարածաշրջանի տարանցիկ ուղիների քարտեզի խմբագրումը նաև Հնդկաստանի տնտեսական քաղաքականության հետաքրքրությունների շրջանակում է։ Հնդկաստանի համար սա կարևոր է, որովհետև ջրային ճանապարհով Եվրոպա հասնելու հիմնական ուղին իրենց համար այժմ Սուեզի ջրանցքն է:

Դեռ 2015-ին Իրանն ու Հնդկաստանը ստորագրել են մի համաձայնագիր, որով նախատեսվում էր որպես այլընտրանք զարգացնել իրանական Չաբահար նավահանգիստը: Հնդկաստանը պարտավորվել էր այդ գործում  ներդնել 200 մլն դոլար: Ծրագրի կարևորությունը ժամանակին ընդգծել են բոլոր փորձագետներն ու վերլուծաբանները։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝

«Այս ուղին ենթադրում է մուլտիմոդալ փոխադրումների համակարգ: Ծով, երկաթուղի, ավտոմայրուղիhետևաբար, այս համատեքստում Հայաստանի դերակատարությունը չափազանց կարևոր է, քանի որ իրանցիները փորձում են դեպի հյուսիս ճանապարհ ունենալու գործում ունենալ այլընտրանքներ»։  

Պարսից ծոցից Սեւ ծով հասնելու ճանապարհային նոր լուծումներիմ հավակնում էր մասնակից լինել  նաև Ադրբեջանը, սակայն վերջին հանդիպումներին և քննարկումներին այդ երկիրը չի մասնակցել:  Առկա և հեռավար հանդիպումներին մասնակցել են Հայաստանի,   Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի և Իրանի պատվիրակությունները։ Փաստացի ստացվում է, որ այս հավակնոտ ծրագրից Ադրբեջանը դուրս է մնում։

Ուշագրավ է օրեր առաջ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմիի հայտարարությունը․ ըստ նրա՝ Հայաստանի հետ համատեղ ենթակառուցվածքային նախագծերը թույլ կտան փոխել տարածաշրջանի տարանցիկ քարտեզը: «Իսկ բոլոր նրանք, ովքեր խնդիրներ են ստեղծել, պետք է իմանան, որ իրենք չեն փակի Իրանի ճանապարհը, միևնույն ժամանակ դժվար կլինի «այրված կամուրջները» վերականգնել»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր իրանցի պաշտոնյան։

Ցուցադրել ավելի
Back to top button