ԿարևորՀասարակություն

Աուխը հեռացավ, Բաքվի լոբբին՝ հետը․Հումբոլդտ-համալսարանի սկանդալը հանգուցալուծվեց

Գերմանական ամենահայտնի համալսարաններից մեկի՝ Հումբոլդտ-համալսարանի  «Ադրբեջանի պատմություն» ամբիոնի ղեկավարը հեռանում է։ Սա օգոստոսին հասունացած սկանդալի հանգուցալուծումն է, երբ միջազգային մամուլն ահազանգել էր՝ Ադրբեջանը Հումբոլդտ-համալսարանում 75 հազար եվրոյով իմիջ է «գնում»։

Բաքվից հոսած փողերի դիմաց բուհի ամբիոնը Կովկասին առնչվող լուրջ հետազոտությունների փոխարեն է նմանվել է Բաքվի լոբբիի ամբիոնի՝ ահազանգել էին հենց բուհի պրոֆեսարական կազմից։ Ահազանգերը տեղ հասան․ «Բաքուն այլեւս չի լինի Բեռլինում»՝ գրեց գերմանական մամուլը։ Լոբբին հեռանում է, ամբիոնի ղեկավարը՝ եւս։

Գերմանիայի Հումբոլդտ համալսարանի «Ադրբեջանի պատմություն» ամբիոնը շուտով կդառնա պատմություն.  սեպտեմբերի 30-ին պատմական գիտությունների ինստիտուտի պրոֆեսորի կոչում ունեցող Եվա-Մարիա Աուխն ավարտեց  իր աշխատանքն այստեղ։ Ավարտը կամովի չէր, սա բուհի անունը ստվերող սկանդալի սպասված հանգուցալուծումն էր։ 65-ամյա Աուխը մեկ անգամ չէ, որ հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս տիկինը դեռ ապրիլին եղել էր Բաքվում, այցելել ռազմավարի պուրակ, որտեղ հայ զինվորներին ներկայացնող սահմռկեցուցիչ պատկերներ են ցուցադրված, եւ այդ առիթն օգտագործելով՝գոհունակություն էր հայտնել պատերազմի ելքի վերաբերյալ։ Իսկ օգոստոսին նրա անունը կապվեց սկանդալային պատմության հետ․ գերմանական մամուլը փաստեց՝ պատմականորեն հայտնի համալսարանը ներքաշվել է ադրբեջանական լոբբիի մեջ՝ 75 հազար եվրոյի դիմաց։ Նաեւ ֆինանսական հոսքերը փաստող փաստաթղթեր հրապարակվեցին։ Այս մասին առաջինն ահազանգել էր Հումբոլդտ-համալսարանի պրոֆեսորությունը,  պայթյունավտանգ որակել իրավիճակը եւ աղմկահարույց  փաստի առնչությամբ հայտարարել՝

«Մենք պահանջում ենք ստեղծել Հարավային Կովկասի պատմության անկախ ամբիոն, որը քննադատական հետազոտություն կանցկացնի Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասով եւ կուսումնասիրի երեք երկրների պատմական հեռանկարները՝ փոխանակ ադրբեջանական պետական եւ պատերազմական պրոպագանդան միասնաբար առաջ տանելու»։

Ադրբեջանի պատմության ավարտը Հոմբոլդթ համալսարանում»՝ օրերս գրեց գերմանական մամուլը՝ տեղեկացնելով՝ ակադեմիական աշխատանքը քաղաքական վճարովի քարոզչությամբ փոխարինած տիկինը հեռանում է։

Բացատրվեց․ «Համալսարանն իր գործունեության մեջ այլ առաջնահերթություններ կներառի և չի շարունակի հրավիրյալ պրոֆեսորադասախոսական հիմնադրամի գործունեությունը»։

Սա հաջորդեց ֆակուլտետի խորհրդի՝ ապրիլի միաձայն որոշմանը՝ Աուխը պետք է հեռանա, բուհում պետք է բացառվի լուրջ ուսումնասիրությունների փոխարեն Բաքվի փողերով Ադրբեջանի պատմություն «նկարելը»։

 Պատմությունը գումարի դիմաց խմբագրելու ջանքերը դատապարտված են՝ նախորդիվ «Ռադիոլուրին» ասել էր Գերմանիայում գործող Հայ ակադեմիականների միության նախագահ, պատմագետ Ազատ Օրդուխանյանը։

«Տիկին Աուխի որոշ հոդվածների ծանոթ եմ, հատկապես «Գերմանացիների ներգաղթը դեպի Ադրբեջան» հոդվածին։  Թեև այն ժամանակ Ադրբեջան չկար, բայց տիկինը ներկայացնում էր, թե գերմանացիները ներգաղթել են Ադրբեջան։ Մի խոսքով՝ կեղծիքները շատ են նաև պատմագրության մեջ, բայց նրանք լուրջ ազդեցություն չեն ունենա գիտական կյանքի վրա, միայն ժամանակավոր բոցկլտումներ ու հաջողություններ կունենան»,- նշում է պաստմաբանը։

Կոռուպցիոն այս պատմության հետեւանքով համալսարանի հեղինակությունը վտանգվում է։ Գործարքի շղթայում պատմաբաններ են, որոնք գումարի դիմաց պետք է Արեւմուտքի աչքում Ադրբեջանը ներկայացնեն իբրև քաղաքակիրթ, մինչդեռ նրանց առաջ բոլորովին այլ պահանջ էր դրված՝ հետազոտել Հարավային Կովկասը՝ ընդ որում՝ հնարավորինս քննադատաբար։  

«Գերմանիայում Ադրբեջան անունը հոմանիշ է «բռնապետություն» և «կոռուպցիա» բառերին, և սա այն երկիրը չէ, որտեղ կարող են գումարով հարցեր լուծել»,-ասում է Օրդուխանյանը։

«Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են քաղաքակիրթ երևալու համար, փորձում են կանգնել քաղաքակրթության ուղու վրա։ Կարծում եմ՝ նրանց դա չի հաջողվի, նախ իրենք պետք է քաղաքակրթական արտադրանք տան, քաղաքակրթական հիմքեր ստեղծեն, հետո փորձեն դա ներկայացնել։ Եթե այդ քաղաքակրթական հիմքերը չունեն, ուշ թե շուտ դատապարտված են ձախողման։ Նրանք կփորձեն, մեծ գումարներ կծախսեն, որոնք ստանում են նավթային աղբյուրներից, սակայն գոնե Գերմանիայի պարագայում մեծ հաջողությունների չեն հասնի»,- համոզված է Օրդուխանյանը։

Ի դեպ, պրոֆեսորի կոչում ունեցող Աուխը ավելի վաղ հերքել էր ադրբեջանական կառավարության ազդեցությունը համալսարանի աշխատանքների վրա, նշել, թե․

«Բովանդակության հետ կապված պահանջներ չեն եղել և չկան։ Սկզբում Ադրբեջանի պատմության գրքերի հետ կապված հարցեր են եղել ադրբեջանցի կոլեգաների կողմից, սակայն շատ  արագ պարզ է դարձել, որ Գերմանիայում ուսուցման և հետազոտության բոլորովին այլ մեթոդներ են գործում»։

Տիկնոջ բոլոր հերքումները հերքվեցին։  Հրավիրյալ դասախոսը այլևս բուհում չի դասավանդի։ Ամհերքելի են փաստերը, որ տիկնոջ գրպանը «ծանրացել էր» Գերմանիայում Ադրբեջանի դեպանատնից հոսած գումարներով՝  2010-12 թ․թ․100 հազար եվրո, իսկ 2016-2020թթ 150 հազար եվրո։

Գերմանական մամուլը այս պատմության կողքին հիշում է նաեւ Բաքվի դատապարտված ջանքերը՝ «գնել» ԵԽԽՎ-ում Բունդեսթագի պատվիրակներին։ Վերջիններս պետք է Բաքվի համար իմիջ «նկարեին» միջազգային հանրության աչքում։ 

Ցուցադրել ավելի
Back to top button