ԿարևորՎերլուծական

Իրան-Ադրբեջան լարված իրավիճակը կարող է լուծվել Հայաստանի շահերի հաշվին․ փորձագետներ

Բաքուն արգելափակել է դեպի Ռուսաստան իրանական  արտահանումների ճանապարհը։ Իրանն էլ փակել է իր ճանապարհներն ու օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար։ Ի պատասխան՝ Թուրքիայի իշխանությունները փակել են իրենց սահմանային անցակետերն իրանական բեռնատարների համար։ Ներկայումս թուրք-իրանական առևտրաշրջանառությունն ամբողջապես դադարեցված է: Իրան-Ադրբեջան-Թուրքիա լարվածության և Հայաստանի վրա դրա անդրադարձի մասին Աննա Նազարյանը զրուցել է իրանագետների հետ։

Իրանն ու Ադրբեջանը փակել են ճանապարհներն ու միմյանց թույլ չեն տալիս արտահանումներ իրականացնել։ Իրանական բեռանտարների առջեւ դռները փակել է նաեւ Թուրքիան, լուրն ակտիվ շրջանառվում ու քննարկվում է այդ երկրների սոցիակալան հարթակներում ու փորձագետների շրջանում։ Այս իրավիճակում Թեհրանում կարեւորում են Հայաստանի հետ ճանապարհենրի առկայությունն ու գործարկումը։ Նախօրեին Իրանի քաղաքաշինության ճանապարհների հարցերով նախարար Ռոստամ Քասեմին Twitter-ի իր միկրոբլոկում գրել էր, որ շուտով տարածաշրջանի տարանցիկ քարտեզը հիմնովին կփոխվի եւ ոչ մի ճանապարհ փակ չի մնա Իրանի համար։

Այս լարված իրավիճակում փոխադարձ անպատիվ ու սպառնալից հայտարարությունների պակաս եւս չկա։ Ալիեւն օրերս Ջրականում անգամ հանդգնեց ինչ-որ մոլլա անվանել Իրանի հոգեւոր առաջնորդին, ինչը փորձագետների գնահտմամբ նշանակում է, որ Բաքուն հատել է կարմիր գիծը։

 Իրանաադրբեջանական հարաբերությունների վատթարացումը Հայաստանում, կարծես, ոգեւորություն է առաջացրել։  Խոսվում է, որ Հայաստանը պետք է փորձի օգուտ քաղել Իրան-Ադրբեջան լարվածությունից․ այս երկրները նույնիսկ ռազմական տեխնիկա են մոտեցրել սահմանին ու մասշտաբային զորավարժություններ են անցկացնում։

Իրանագետ Գեորգի Միրզաբեկյանի գնահատմամբ՝  Իրանն այժմ  հստակ նախազգուշացումներ է հնչեցնում,  բարձրաձայնում է իր շահերի մասին։  Հայաստանում առկա ոգեւորությունը նա անհիմն է համարում եւ զգուշության կոչ է անում։  Սա զուտ իրանաադրբեջանական թնջուկ չէ, այլգլոբալ խաղ է՝ տարբեր երկրների մասնակցությամբ։

 «Ադրբեջանին այս երկրները օգտագործում են որպես գործիք։ Դժբախտաբար, սա զուտ իրանա-ադրբեջանական լարվածություն չէ։ ՀՀ-ն պետք է զգոն լինի»։

Իրանագետի կարծիքով՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր քարտեզ է գծվում, ւմ, որտեղից Իրանը դուրս է թողնելու Ադրբեջանին ու ներգրավելու է ՀՀ-ին։  Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների այցերին ու հայտարարություններին հետեւելով՝ փորձագետը եզրակացնում է, որ  Իրանին այդ նախագծերի վրա ազդեցություն ունենալ մանդատ է տրված, ինչը ցույց է տալիս նաեւ Իրանի կենսունակությունը։ Հյուսիս-հարավ աշխարհաքաղաքական նոր քարտեզի ձեւավորման մասին Իրանից հնչող հայտարարությունների ֆոնին Թեհրանը ցույց է տալիս, որ ուշադրություն է դարձնում հենց ՀՀ-ով անցնող ճանապարհին,-ասում է իրանագետը։  

Գեորգի Միրզաբեկյանը չի կիսում կարծիքները, թե  Իրանի հետ հարաբերությունները բարդացել են այն բանից հետո, երբ  Թեհրանը ձեռնպահ մնաց 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանին սատարելուց։ Նրա կարծիքով՝ Իրանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը․ թույլ չի տա հարեւան երկրների հետ սահմանների փոփոխություն։ 

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմը այսօր հայտնվել է մի վիճակում, որտեղ  խաղալու տեղ, կարծես, չկա։  Իսկ ՀՀ-ում նկատվող ոգեւորությունը նա վաղաժամ է համարում․

«Զարմանալի է, որ  ՀՀ-ում ուրախանում  են, որ հեսա Իրանը կհարվածի Ադրբեջանին։ Կարծում եմ շուտով այս երկրները համաձայնության կգան ու վախենամ դա լինի ՀՀ շահերի հաշվին»։

Նրա խոսքով Իրանի ողջ մտահոգությունն այն է , որ հանկարծ Հայաստանից միջանցք  չխլեն։ Այս հարցը, նրա կարծիքով, ցավոք, մեր երկրի որոշումների տիրույթում չէ, ոչ էլ Ադրբեջանի  ու Թուրքիայի որոշելիքն է, միջանցքի հարցը ՌԴ-ի իրավասության ներքո է։

«Եթե որոշեց միջանցք տալ, ուրեմն, կտա։ Ինչ էլ որ լինի, Հայաստանը տուժելու է, քանի որ կորցրել է անգամ իր անվտանգության երաշխավորը լինելու հնարավորությունը»։

Հայաստանն իր ողջ անելիքը պատվիարակել է Ռուսաստանին,-կարծում է Թաթուլ Հակոբյանը, միաժամանակ նկատելով, որ 44-օրյա պատերազմից հետո հայկական բանակը  կամաց-կամաց վերականգնվում է։

Սյունիքը, ըստ նրա, այսօր վտանգված է,  եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի միջանցք չտրվի։

Ցուցադրել ավելի
Back to top button