Մոռացված ֆիլմերի ստվերները

300 կգ հաճույք՝ Լևոն Աթոյանցի ֆիլմերից․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Եթե կինոօպերատոր Լևոն Աթոյանցի բոլոր ֆիլմերը դիտեք, ապա կստանաք մոտավորապես 300 կիլոգրամ հաճույք։ Նրա ֆիլմերի քանակն ու տեսախցիկի ծանրությունը բազմապատկելով ստանում ենք հենց այս թիվը։

«Հայֆիլմ» կինոստուդիայի փլուզումից հետո փլուզվեց նաև Աթոյանցի «աշխարհը»։ Կինոօպերատորը մինչև կյանքի վերջին րոպեն ապրում ու շնչում էր կինոյով։

Լևոն Աթոյանց, Աղասի Այվազյան

Հայ ֆիլմարվեստում մեծ ներդրում ունեցող կինոօպերոտոր Լևոն Աթոյանցի կենսագրությունը կարելի է նույնացնել հայ կինոյի պատմության հետ։ Ես դրանում ևս մեկ անգամ համոզվեցի, երբ մի քանի տարի առաջ հանդիպեցի վարպետին։ Մեր հանդիպման առիթը կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցի հետ նկարահանած իր առաջին՝ «Ավդոյի մեքենան» ֆիլմն էր։

«Նե՛րս մտեք, այս դուռը երբեք փակ չի լինում»,- այսպես արձագանքեց վարպետը դռան իմ թակոցներին։ Միջանցքից դեպի գրադարանի պահոց հիշեցնող նեղլիկ սենյակի իր անկյունում, համակարգչի առջեւ նստած էր հայ կինոյի նահապետներից մեկը: Ինձ տեսնելով վարպետը շարունակեց. «Վաթսունհինգ տարի է այստեղ ապրում եմ, երբեք մեր դուռը չենք փակել: Այ հիմա էլ մեկը կարող է ներս մտնել ու միանալ մեր զրույցին», — կատակում էր Լեւոն Աթոյանցը։

Հայ կինոյի պատմությունը կերտող անհատ, այլընտրանքային արվեստ ստեղծող արվեստագետ, իր երկրի դարդ ու ցավով ապրող մարդ․այսպես կարելի է բնորոշել հայ կինոյի նվիրյալ Լեւոն Աթոյանցին, որի սիրտը դադարեց բաբախել 91 տարեկան հասակում։ Նա հեռացավ այս կյանքից հուսալով, որ մի օր նորից կգործի հայկական կինոֆաբրիկան, կնկարահանվեն ֆիլմեր, որոնք աշխարհին կներկայացնեն մեր երկիրը։ Իսկ մինչ այդ, հայ կինոսեր հանդիսատեսը նորից ու նորից կհիանա ու կոգեշնչվի հայկական բազմաթիվ սիրված ֆիլմերում սեփական ձեռագիրը թողած արվեստագետ Լեւոն Աթոյանցի յուրահատուկ կինոմտածողությամբ նկարահանած ֆիլմերով։

«Մոռացված ֆիլմերի ստվերներն» այս անգամ ոչ թե մեկ ֆիլմի, այլ մեկ վարպետի մասին է։ Ավելին կարող եք լսել հաղորդման ռադիոտարբերակում։

Back to top button