ԿարևորՎերլուծական

Ի՞նչ օրակարգով կարող են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Գերիների վերադարձ, ադրբեջանական զորքերի դուրս բերում ՀՀ սուվերեն տարածքից, Արցախի կարգավիճակ, ՄԽ-ի ձեւաչափի վերագործարկում, սահամանզատում ու սահմանագծում, կոմունիկացիաների բացում։ Սրանք այն հարցերն են, որոնք օրակարգում առաջնային են 44-օրյա պատերազմի ավարտից հետո։

Ադրբեջանական կողմը խոսում է Հայաստանի ու Ադրբեջանի  արտգործնախարարների հնարավոր երկրորդ հանդիպման մասին և այն դիտարկում որպես օգտակար հնարավորություն։ Միրզոյան-Բայրամով առաջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Որքանո՞վ է հավանական Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը եւ ի՞նչ օրակարգ կարող է այն ունենալ։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, թե Ադրբեջանն օգտակար է համարում հետպատերազմական ժամանակաշրջանումՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը  քննարկելը և չի բացառում արտգործնախարարների առաջիկա հնարավոր հանդիպումը: Նախօրեին ԱԺ-ում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝  եւս մեկ անգամ փաստելով, որ խնդիրը լուծված չէ: Ըստ Արարատ Միրզոյանի՝ թեեւ Ադրբեջանում սիրում են ասել, թե Ղարաբաղյան խնդիր այլևս գոյություն չունի, սակայն ՄԽ-ի հովանու ներքո Նյու–Յորքում կայացած հանդիպումը փաստում է՝  խնդիրը գոյություն ունի և լուծում է պահանջում:

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը հստակ առանձնացնում է  հայկական կողմի օրակարգային հարցերը։ Առաջնայինը  հայ գերիների վերադարձի հարցն է։ Բաքուն նոյեմբերի 9–ի հայտարարությամբ պարտավորություն է ստանձնել վերադարձնել հայ գերիներին, ինչը մինչ օրս դեռ չի իրագործվել։ Հարկ է նաեւ պահանջել, որ Ադրբեջանը հետ քաշի իր զորքը Հայաստանի տարածքից՝ ասում է վերլուծաբանը։

«Զորքերը պետք է հետ քաշի Գեղարքունիքի ու Սյունիքի տարածքից, քիչ տարածք չէ։ Պետք է վերջ տա ՀՀ ճանապարհների՝ անօրինական փակմանը»։

Հայկական օրակարգի կարեւոր հարցերից մեկը, ըստ Տարոն Հովհաննիսյանի, Արցախի կարգավիճակի հստակեցման հեռանկարն է ՝ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում։

Առանցքային այս հարցերի լուծումից հետո միայն կարելի է այլ թեմաներ քննարկել։ Քանի դեռ Ադրբեջանը չի փոխել  իր ագրեսիվ քաղաքականությունը,  անհնար է քննարկել սահմանագծման ու սահմանազատման, ինչպես նաեւ կումունիկացիաների բացման թեմաները՝ կարծում է փորձագետը։

Ադրբեջանական զորքերի դուրս բերում հայկական տարածքներից ու գերիների վերադարձ՝ անհապաղ լուծում պահանջող առաջին երկու հարցերն են քաղաքական վերլուծաբան Հրաչյա Արզումանյանի դիտարկմամբ։  

«Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորությունները, ինչի մասին պետք է խոսի հայկական կողմը։ 30 տարի խոսում էին ուժի չկիրառման մասին, սակայն պատերազմ եղավ»։

Քաղաքական վերլուծաբանը կարեւորում է ՄԽ-ի ձեւաչափի վերականգնումը։ Ընդգծում է նաև  2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիային գնահատական տալու կարևորությունը ։ «Քանի դեռ գնահատական չի տրվել կատարվածին, վերլուծություն չի ստացվում կատարել»,-ասում է։

Ցուցադրել ավելի
Back to top button