ԿարևորՀասարակություն

Առատ ձյան պատճառով Լարսը փակ է

Ողջ գիշեր տեղացած առատ ձյան պատճառով այսօր առավոտյան փակվեց դեպի Ռուսատան տանող Ստեփանծմինդա Լարս ավտոմայրուղու Գուդաուրի Կոբի հատվածը՝ այսպիսով ավելացնելով մինչ այդ էլ կուտակումների մեջ գտնվող հարյուրավոր բեռնատարների հերթը։

Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը «Ռադիոլուրին» փոխանցեց. «Կուտակված մեքենաները Վրաստանից՝ Կազբեկիից, որ արդեն անցել էին դժվարանցանելի հատվածը՝ Խաչի լեռնանցքը (հայտնի է Դարիելի կիրճ անվամբ, խմբ․), կմտնեն Ռուսաստան, բայց Ռուսաստանից Վրաստան հետադարձը հնարավոր չի լինի»։

Գիշերվա ընթացքում, Թանանյանի խոսքով 400 բեռնատար է անցել սահմանը, դրանցից 100 –ը՝ հայկական։ Լարսը մինչ վաղ առավոտ աշխատում էր սովորական ռեժիմով, վրացական կողմում կուտակումների հիմնական պատճառը, ըստ նրա, «աննախադեպ մեծ հոսքերն են հատկապես Թուրքիայից, Լարսը նախընտրում են որպես կարճ տարբերակ»։

Այլ պատճառներ ևս կան։ Համավարակի պատճառով սեփական մեքենայի հետ կապված սպասարկումը նախկին 5-7 րոպեի փոխարեն այսօր հասնել է մոտ 30 րոպեի․ լրացուցիչ փաստաթղթեր են ստուգվում ՝ թույլտվության, Ռուսաստան մուտքի կամ ելքի արտակարգ դեպքի մասին, նաև կորոնավիրուսի թեստի պատասխան։

Մյուս պատճառը որոշ չափով կապված է Լարսի անցակետի և վրացական, և ռուսական կողմում այսօր ընթացող շինարարական աշխատանքներով։

Վրաստանի կառավարությունը վերջերս է սկսել Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս ավտոմայրուղու հենց այսօր փակված ամենադժվարանցանելի հատվածում՝ Գուդաուրի-Կոբիիում, նոր ճանապարհի ու թունելի կառուցումը։

Իսկ ռուսական կողմում, ինչպես Թանանյան ասաց․ «Հիմնարար բարեփոխում, վերակառուցում է ընթանում։  Շինարարներն աշխատում են  չխոչընդոտեն երթեւեկությանը։ Փետրվարից մինչ օրս շարունակվող աշխատանքների հետ կապված լուրջ խնդիրներ չեն եղել, միայն առանձին դեպքեր են, օրինակ երեկ 3 ժամ հոսանք չկար։ Պայմանավորվածություն կա, որ ծանր շինարարական աշխատանքներն իրականացվեն, երբ եղանակային անբարենպաստ պայմաններով կփակվի մաքսակետը»։

Տարածվող այն լուրերը, թե դեպի Լարս հայկական բեռնատարների համար ճանապարհը փակ է, չի համապատասխանում իրականությանը։

«Մեր մեքենաները սպասարկվում են որպես տրանզիտ, ավելի արագ, եվրասիական մի երկրից մտնում են մյուսը։ Նույնը չի կարելի ասել վրացական և թուրքական բեռնատարների համար, որոնց մաքսային ձևակերպվումները տևում են մոտ մեկ ժամ» ։

Գաղտնիք չէ, որ Լարսի թողունակությունը ի սկզբանե 175 բեռնտար է, մոտ 200 մարդատար, սակայն հիմա անցնում է ավելի քան 900 բեռնատար, 600 մարդատար։ Թանանյանի խոսքով ստեղծված իրավիճակի լուծման հարցում հույսը հանգստի սեզոնի ավարտն է, ինչի արդյունքում կնվազի մարդատար մեքենաների թիվը, սակայն այս սեզոնին էլ ձյան պատճառով ճանապարհը պարբերաբար փակվում է։ Եվ սա այն դեպքում, որ այս օրերին էլ  ավելանում է արտահանումը՝ Հայաստանից՝ խաղողի, Վրաստանից՝ արքայանարինջի ու մանդարինի։

Շուտ փչացող ապրանքների հարցում առաջնահերթ սպասարկումը գործում է, Վրաստանի հետ լրացուցիչ համաձայնություն կա, որ նման բեռներով մեքենաները չկանգնեն հերթում։ Սակայն այսօրվանից փակվող անցակետը, թե երբ կսկսի աշխատել, պարզ չէ։

Back to top button