Սփյուռքի ձայնը

Հեռվից աշխատանքները թերի են երևում. սփյուռքահայ կամավորների առաջին տպավորությունները․ «Սփյուռքի ձայնը»

Հեռվից բոլոր աշխատանքները թերի են թվում, ասում է «Դեպի Հայք» կազմակերպության կամավորներից իրավաբան Սոսե Հակոբը` Բելգիայից: «Երբ Բելգիայից էի հետևում հայ ռազմագերիների վերադարձի հարցին, մտածում էի, որ այստեղ լավ չեն աշխատում, ինչ- որ բան քիչ է արվում: Հիմա, երբ արդեն երկու ամիս է աշխատում եմ իրավաբանական կազմակերպությունում, որը զբաղվում է մեր գերիների հարցով, տեսնում եմ, թե մեր իրավաբանները որքան ժամանակ, ջանք ու գիտելիք են ներդնում այդ գործի արագ և դրական լուծման համար»,- ասում է:

Սոսե Հակոբ

Երիտասարդ իրավաբանը վերջերս է ավարտել կրթությունը Բելգիայի համալսարանում: Վստահ է, որ աշխարհի հայ մասնագետներով հնարավոր է պարտադրել պետություններին՝ պատժել Ադրբեջանին: «Թե՛ պատերազմի օրերին, թե՛ այսօր աշխարհը լուռ է։ Մենք պետք է մեր մասնագետների և օրենքների ճիշտ ներկայացմամբ հասնենք մեզ՝ որպես երկիր հարգելու և հաշվի նստելու գործընթացին»,- համոզված է:

Անի Ավագյանը, որը նույնպես կամավոր է` հոգեբան է, եկել է Ֆրանսիայից: Անին ծնվել է այնտեղ, սակայն միշտ եղել է հայկական միջավայրում: Ասում է, որ ուրախ է, որ հենց այս ժամանակաշրջանում է եկել Հայաստան: «Հիմա աշխատում եմ տարեցների խնամքի կենտրոնում, սակայն մեկ տարի այստեղ եմ լինելու և մեծ ցանկություն ունեմ աշխատել նաև արցախցի երեխաների և զինվորների հետ»,- ասում է Անին: Հայաստանցի հոգեբանները, ի տարբերություն ֆրանսիացիների, սրտացավ են, ապրում են դիմացինի խնդիրներով: «Այդ մոտեցումը ինձ խորթ չէ, քանի որ Ֆրանսիայում էլ միշտ հայերի հետ եմ շփվել, գիտեմ մեր լավ ու վատ կողմերը», նշում է Անին:

Անդրադառնալով այն պետությանը, որտեղ ապրում է և այն դիրքորոշմանը, որ ունեցավ Ֆրանսիան պատերազմի օրերին, երիտասարդ հոգեբանը նշում է. «Իհարկե, Ֆրանսիան կարող էր անել ավելին, քան արեց: Սակայն գոհ ենք այն բանի համար, որ, հաշվի չառնելով կորոնավիրուսի տարածումը, թույլ տվեց մեզ հավաքներ կազմակերպել ու բողոքի ձայն բարձրացնել: Բայց, իհարկե, կարող էր անել ավելին»,- համոզված է Անին:

Ցուցադրել ավելի
Back to top button