Էվոլյուցիա

Կհերիքե՞ն «մոլորակի փողերը» տիեզերքում հանքարդյունաբերության համար․ «Էվոլյուցիա»

Ի՞նչ կլինի, եթե բնական հանածոները սպառվեն։ Մի շարք մասնագետներ կանխատեսում են, որ երկիր մոլորակն ու մարդկությունը կդիմեն տիեզերքին, չէ՞ որ այնտեղ՝ աստերոիդների, լուսնի և արեգակնային համակարգի մոլորակների վրա կան գրեթե նույն բնական հանածոները, ինչ Երկիր մոլորակի։

Մասնագետները տեխնոլոգիական առաջընթացի վրա չեն կասկածում, այո՛, հնարավոր է տիեզերքում ստեղծել հանքարդյունաբերական գործարաններ, բայց որքանո՞վ դա կլինի ֆինանասապես շահավետ, կշահի՞, թե՞ կտուժի մարդկությունը։

Հսկայական քանակությամբ ազնիվ մետաղներ, նավթ և գազ, մի շարք նյութեր և բնական հանածոներ կան տիեզերքում, որոնց կարիքը գուցե մի օր մարդկությունը ունենա։ Զրուցակիցս աստղագետ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն է․

«Մարդկությունը վաղուց է հասկացել, որ տիեզերքում կան նույն տեսակի ապարներ, ինչ երկրի վրա։ Միայն 6 անգամ ամերիկացիները հայտնվել են լուսնի վրա, ուսումնասիրվել են նաև այլ մարմիններ։ Տիեզերքում տարբեր մարմինների քիմիական բաղադրությունը նույնն է, թեթև տարբերություններ կան մոլորակների մեջ, այստեղ հարցն այլ է, արդյո՞ք Երկիր մոլորակը ֆինանսապես պատրաստ է այլ մոլորակից որևէ նյութ այստեղ տեղափոխել»,-ասում է աստղագետը։

2023-2026 թվավականների ընթացքում NASSA-ն նախատեսում է վայրէջք կատարել OSIRIS-Rex աստերոիդի վրա՝ ուսումնասիրելու այնտեղ պարունակվող բնական հանածոները։ Հանքարդյունաբերական այս փոքրիկ, այսպես ասած առաքելությունը շարժել է մի շարք խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների հետաքրքրությունը, ասում է ֆիզիկոս Լիլիթ Եգանյանը․

«Հանքարդյունաբերական ընկերությունները միտումներ ունեն օգտվելու տիեզերքի ռեսուրսներից, հատկապես այս հարցում շահագռգռված է Մեծ Բրիտանիան։ Բայց այստեղ հարցն այլ է, արդյո՞ք ֆինանասապես շահավետ է տիեզերական ռեսուրսները բերել Երկիր մոլորակ և նոր վերամշակել ու օգտագործել, այս խնդրի լուծումն արդեն մտածել են, տիեզերքում միտում կա ստեղծելու հանքարդյունաբերական գործարաններ, որտեղ տեղում կիրականացվեն ապարների մշակում, նոր Երկիր մոլորակ տեղափոխումը,`այսպիսով կրճատելով ծախսերը»։

Տիեզերքում գործարաններ ստեղծելն էլ ինքնին թանկ հաճույք է, միլիոնավոր դոլարների ծախս, ասում է աստղագետ զրուցակիցս։ Օրինակ տիեզերք յուրաքանչյուր թռիչքի ժամանակ մեկ կիլոգրամ որևէ բան տանելը, իհարկե այս դեպքում ամենաանհրաժեշտ՝ տիեզերագնացի համար օրինակ ուտելիք և այլն, տիեզերական տվյալ ընկերության համար արժենում է 10 հազար ամերիկյան դոլար։ Պատկերացնենք, թե որքան կաճի այդ թիվը, եթե 1 կիլոգրամի փոխարեն տիեզերք ուղարկվեն հսկայածավալ հանքարդյունաբերական մեքենաներ․Արեգ Միքայելյան․

«Ֆինանասական տեսանկյունից այս ամենը մեզ համար ապագա է, անգամ մոտ ապագա չէ, չի կարելի ասել, որ առաջիկա տարիներին ակտիվ գործունեություն կսկսվի, բայց սա հնարավոր բան է և անպայման լինելու է, իհարկե մեզ մոտակա, Արեգակնային համակարգի սահմաններում գտնվող մոլորակների, աստերոիդների վրա, որոնց վրա հսկայածավալ ռեսուրսներ են պարունակվում»,-ասում է Արեգ Միքայելյանը։

Իսկ NASSA-ն այլ բան է պլանավորել։ Ըստ այս տիեզերական գործակալության պաշտոնական հայտարարությունների՝ 2030 թվականին արդեն մի շարք աստերոիդների և Լուսնի վրա պետք է սկսվի հանքարդյունաբերական աշխատանքներ տարվել, իսկ 2040-ին արդեն տիեզերքում պետք է հայտնվեն հանքարդյունաբերական գործարաններ։

Ֆիզիկոս Լիլիթ Եգանյանի խոսքով` տիեզերքում այն նյութերը, որոնք Երկրի մոլորակի վրա են, ունեն իոնացված տեսք  և միանշանակ ձեռնտու է նրանց մշակումն իրականացնել հենց այն միջավայրում, որտեղ նրանք գոյություն ունեն․

«Մոտավորապես, 50 տարվա ընթացքում կարծում եմ այս ամենը հնարավոր կլինի իրականացնել։ Համենայն դեպս ընկերությունները այդպես են պլանավորում։ Իհարկե դեռևս խոսքը փորձարկումնեկի մասին է, համապատասխան տեխնոլոգիաները դեռևս ստեղծման փուլում են և թե իրականում այս ամենն ինչքան կտևի, չեմ կարող ասել»,-ասում է ֆիզիկոս Լիլիթ Եգանյանը։

Մասնավորապես, տիեզերական ընկերությունները խոսում են այն մասին, որ տիեզերքում մեծ քանակությամբ մետաղներ կան, որոնք կարող են օգտակար լինել մարդկությանը։ Մի շարք մասնագետներ էլ ասում են, որ նրանց տեղափոխումը երբևէ չի կարող էժանանալ այնքան, որ մետաղների տված օգուտը լինի ավելի շատ, քան տիեզերքից երկիր բերելու ծախսը։

Երկրաբան, ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանի կարծիքով էլ մարդկությունը երբեք տիեզերքից մետաղներ բերելու կարիքը չի ունենա ․

«Չի կարող այնպես լինել, որ որևէ օգտակար հանածո սպառվի ու մարդկությունը կանգնի կատաստրոֆիկ իրավիճակի առաջ։ Հիմա առհասարակ մարդկությունը գնում է հանքավայրերի վերացմանը, որովհետև դրանց վնասները շատ ավելի մեծ են, քան այն օգուտը, որ տալիս են այդ մետաղները։ Օրինակ, Չինաստանն արդեն մշակել է պետական ռազմավարական ծրագիր, որ երկար առհասարակ չեն օգտագործելու, հանքավայր չի լինելու և դրան փոխարինիչներ են ստեղծելու ու մյուս մետաղների դեպքում էլ քիչ- քիչ բոլոր երկրներում նույն գործընթացը գնալու է։ Եվ այն երկրները, որոնց հույսը իրենց բնական պաշարներն են, ի չիք են լինելու, օրինակ 30 տարի հետո Հայաստանը, որ մոլիբդեն ու պղինձ ունի, չի կարողանալու այն այլևս վաճառել, որովհետև պետք չի լինի ոչ ոքի»,-ասում է երկրաբանը։

Երկրաբանի խոսքով մարդկությանը բարդ կլինի հրաժարվել միայն ոսկուց։ Իսկ ոսկին դժվար թե սպառվի այնքան արագ, որ կարիք լինի տիեզերքից բերել․

«Անգամ ոսկու հարցում կարծում եմ, որ կարող ենք գտնել փոխարինիչներ, թեպետ ոսկին չի վերջանալու։ Մարդկությունը իր ողջ պատմության ընթացքում ստեղծման պահից ի վեր օգտագործել է Երկիր մոլորակի ոսկու պաշարների ընդամենը կեսը, օրինակ եթե 10 հազար տարի է կա մարդկությունը, դեռ ոսկու կեսն է հանել, պատկերացրեք մյուս կեսը որքան կհերիքի»,-ասում է Շահեն Խաչատրյանը։

Մարդը հետ չի կանգնում սեփական գաղափարից։ Արդեն նախագծվում ու ստեղծվում են հանքարդյունաբերական այնպիսի սարքավորումներ, որոնք կարողանան աշխատել գրավիտացիոն դաշտի բացակայության պայմաններում։ Այդպիսի սարքավորման առաջին մակետը պատրաստ է, հեղինակները՝ ամերիկյան Made in Space ընկերության ինժեներներն են։ Կհաջողվի՞ տիեզերքում ստեղծել հանքեր, օգտվել տիեզերքի բարիքներից, տիեզերական ընկերություններն ասում են՝ հնարավոր է։ Հարցն այն է, թե որքա՞ն դա կարժենա։

Ցուցադրել ավելի
Back to top button