Ստարտափ Հայաստան

Հայկական սննդային արտադրանքն արտերկրում կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը․ «Ստարտափ Հայաստան»

Մինչև 2017 թվականը Նիկոլայ Մխիթարյանը միայն պատմաբան էր։ Բայց հետո սկսեց ղեկավարել մի բիզնես, որն սկսելուց առաջ բազմաթիվ դժվարությունների ու խոչընդոտների է հանդիպել։ Ճանապարհը հեշտ չի եղել, բայց ընթացքում կարողացել է հավաքել իր թիմն ու առաջ գնալ։

Նիկոլայի ընկերությունն արդեն յոթ բրենդով է ներկայանում շուկայում. ջեմեր, մուրաբաներ, մեղր, գինի։ Քանի որ հայկական շուկայում այս արտադրանքների պակասը չկա, այն էլ՝ տեղական արտադրության, մինչև գործը սկսելը Նիկոլայը մասնագետների հետ ուսումնասիրել է շուկան։ Առանձնացրել դրա առավելություններն ու թույլ կողմերը, փորձել հասկանալ, թե եղած տեսականու մեջ ինչի՞ պակասն ունի հայ սպառողը։

Դավիթ Բասեղյանի ուսերին է ընկերության անվան հետ կապված ամեն բան. ինքը ընկերության մարքեթինգային մենեջերն է։ Ասում է՝ հենց առաջին հանդիպումից է որոշել, որ աշխատելու է Նիկոլայի հետ. ծրագրերը մեծ էին, տեսլականը՝ հաստատված, իսկ ապրանքը՝ լավը։

«Հայկականը չի կարող գեղեցիկ ու միևնույն ժամանակ որակյալ լինել». այս կարծրատիպը կոտրում են Նիկոլայն ու իր նման շատ բիզնեսմեններ։ Նիկոլայն ասում է, որ իրենց նպատակներից մեկը հայերին ցույց տալն է, որ հայրենական արտադրանքը կարող է ամեն առումով լավը լինելուն զուգահեռ, նաև մրցունակ լինել, նաև՝ Հայաստանից դուրս. https://bit.ly/3CZGHOa

Նիկոլայն ու իր թիմն ամեն ինչ անում են, որ առաջարկածի տեսքը, համն ու գինը նույն «լեզվով խոսեն», և քանի որ ընկերության առաջարկած, օրինակ՝ ջեմերից կամ մուրաբաներից օգտվում են նաև երեխաները, պատասխանատվությունը մի քանի անգամ մեծանում է։

Գործարանը Հայաստանում է, աշխատողները հայ են, հումքն ու մթերքը՝ հայկական։ Նիկոլայը պատմում է, որ այս ընթացքում դժվարություններից մեկը որակյալ մասնագետներ գտնելն է։ Մուրաբաները պատրաստվում են հայկական մրգերից՝ հնարավորինս բնական ճանապարհով։

Ընկերության ընդհանուր դիզայնը շուկայում տարբերվում է, աչքի է ընկնում։ Հայկականությունը գրեթե բոլոր ապրանքների մեջ են դրել։ Արտաքին տեսքի վրա շատ են աշխատել, սակայն, ըստ Դավիթի, արտաքին տեսքը հաճախ կարող է խաբուսիկ լինել, իհարկե ոչ իրենց պարագայում։ Սրանով հանդերձ հորդորում է, որ մարդիկ չխաբվեն միայն ապրանքի տեսքին։

Ընկերության գաղափարախոսությունն է՝ «որքան արտաքին տեսքը լավ, այնքան որակը բարձր»։ Սա հայ արտադրողի հանդեպ վստահություն ձեռք բերելու քայլերից մեկն է, ասում են։

Ինչպե՞ս ստացվեց, որ կարճ ժամանակահատվածում կարողացել են իսկապես լավ արդյունքներ գրանցել։ Նիկոլայը շտապում է պատասխանել, որ դրա համար առաջնայինը գումարը չէ, այլ բազմաթիվ փորձությունների միջով անցնելն ու հաղթահարելը։

Ընկերությունը ստեղծման օրվանից մի քանի ֆորսմաժորային իրավիճակի մեջ է հայտնվել ու պատվով դուրս եկել։ Հպարտանում են։

Առաջնային նպատակներից մեկը, որքան էլ անսովոր կարող է թվալ, Հայաստանի այցեքարտը պատրաստելն է։ Հենց այս մտքով են առաջնորդվում ընկերության բոլոր աշխատակիցները։

Եթե անգամ որոշեն, որ իրենց արտադրանքը պետք է արտահանեն մեծ քանակությամբ ու շատ երկրներ, հենց ընկերության շնորհիվ շատերը կարող են ծանոթանալ հայկական մշակույթին, առհասարակ իմանալ, որ կա Հայաստան անվամբ երկիր, որի բարիքները բարուն են ծառայում։

Ցուցադրել ավելի
Back to top button