ԿարևորՎերլուծական

Պայթունավտանգ իրավիճակ տարածշրջանում․ Պուտինն ու Էրդողանը չեն կարողանում համաձայնության գալ

Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ են սպասվում, ու դրանց առանցքում Սյունիքով անցնող ճանապարհն է, որը պիտի կապի Ադրբեջանն ու Նախիջևանը։ Թուրքիան, այդպիսով, կկարողանա  իրականություն դարձնել Թյուրքական միության իր ծրագիրը։ Սյունիքով ճանապարհը, սակայն, չի բխում Ռուսաստանի և Իրանի շահերից։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր տարածաշրջանում՝ իրերի նման դասավորության պարագայում։

«Ուշադրություն դարձնել գործերին և ոչ հայտարարություններին»,-վերլուծելով  Պուտին-Էրդողան հանդիպումը Սոչիում՝ ասում է քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը։ Հանդիպումից հետո ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, թե բանակցությունները երբեմն բարդ են, բայց ավարտվում են դրական արդյունքով: Էրդողանն էլ հավելեց, թե Սոչիից հեռացել է  Պուտինի հետ արդյունավետ բանակցություններից հետո։ Հանդիպմանը քննարկվել է նաև արցախյան խնդիրը։

Դրա առիթով Պուտինն ասել էր, թե ռուս-թուրքական համագործակցությունը տարածաշրջանում «կայունության լուրջ երաշխիք է»: Վերլուծաբանի կարծիքով՝ այդ երկու երկրները այս պահին մեկուսացած են և բազմաթիվ հակասություններով հանդերձ՝ պետք է փորձեն ընդհանուր հայտարարի գալ։ Պետք չէ, սակայն,  ուշադրություն դարձնել հայտարարություններին, պետք է հետևել գործողություններին․ Էրդողանը մի կողմից Մոսկվայի հետ արդյունավետ բանակցությունների մասին է հայտարարում, մյուս կողմից ակտիվ զինում Ռուսաստանի հակառակորդ Ուկրաինային։

Մանվել Ղումաշյան պարզաբանում է․ «Եթե հաշվի առնենք միջազգային դրությունը Ռուսաստանի ու Թուրքիայի շուրջ, ապա այդ երկու երկրները լավ վիճակում չեն։ Այսպես ասած՝ друзья по несчастью։ Դրա համար այս երկրները, հետապնդելով սեփական շահերը, որոնց մեծ մասը հակասում են իրար, պետք է փորձեն հատվող կետերի վրա ընդհանուր հայտարարի գալ։ Ինչ կստացվի՝ դժվար է ասել, քանի որ Թուրքիան հասկանում է, որ Ռուսաստանը օր-օրի թուլանում է պատժամիջոցների պատճառով»։  

Ռուս-թուրքական հակասությունների հատման կետերից մեկը անցնում է Սյունիքով և լուրջ տարաձայնություններ առաջացնում թուրք-ադրբեջանական տանդեմի ու Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի համար կենսական համարվող հարցերում,-ասում են փորձագետները։

«Սյունիքի միջանցքը կենսական նշանակություն ունի Թուրքիայի համար, բայց նաև կենսական նշանակություն ունի Իրանի ու Ռուսաստանի համար»,- ասում է քաղաքական վերլուծաբան, ԲՀԿ-ական Արման Աբովյանը։ Նա հիշատակում է թյուրքական միություն ստեղծելու՝ Անկարայի ծրագրերը։  Սյունիքով անցնող ճանապարհը Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հնարավորություն կտա մեր արևմտյան հարևանին ցամաքով կապ ունենալ Ադրբեջանի հետ, մուտք գործել Կասպից ծով ու դուրս գալ կենտրոնական Ասիա, որտեղ թյուրքալեզու պետություններն են։  Այդպիսով, Թուրքիան փորձում է ձևավորել նոր կայսրություն՝ նոր ձևաչափով։ Արման Աբովյան․

«Սյունիքի միջանցքի տրամադրումը կնշանակի Հայաստանի տարածքային ամբողջականության խարխլում, կամ եթե ուզում եք ավելի պարզ՝ դա կնշանակի Հայաստանի մասնատման առաջին քայլ։ ՌԴ-ն հասկանում է, որ միջանցքի հարցը լուծելուց հետո հերթը հասնելու է Հյուսիսային Կովկասին»։ 

Մոսկվան հետաքրքրված չէ Սյունիքի միջանցք կոչվածով, Արման Աբովյանը  վստահ է, որ Էրդողանն ու Պուտինը Սոչիում այս հարցով համաձայնության չեն եկել ։

Իսկ կոմունիկացիաների բացման առումով Անկարային հետաքրքրում է, թե ու՞մ վերահսկողության ներքո պետք է լինի այն։ Չի բացառվում համատեղ վերահսկողությունը՝  ՀՀ-ի ու դաշնակիցների կողմից, խոսքն այս դեպքում ՌԴ-ի մասին է։ Թուրք-ադրբեջանական տանդեմին, սակայն, այս տարբերակը պետք չէ։ Նրանց նպատակը տրանսազգային ճանապարհն է, որը դուրս Հայաստանի վերահսկողությանից և ենթակա է միջազգային վերահսկողության․ սա ձեռնտու չէ Հայաստանին, Ռուսաստանին և Իրանին։ Արման Աբովյանը բացատրում է, որ Թուրքիային զուտ ճանապարհը հետաքրքիր չէ, նրա նպատակը հարկ եղած դեպքում  ճանապարհով զենք տեղափոխելն է։  

«Եթե ՀՀ-ի ու ՌԴ-ի համար Սյունիքի ճանապարհի հարցը կենսական նշանակություն ունի, ապա Իրանի համար դա ունի 100 անգամ ավելի մեծ կենսական նշանակություն»։

Իրանից բազմիցս հայտարարել են՝ թույլ չեն տա, որ Հայաստան-Իրան սահմանն անցնի երրորդ պետության վերահսկողության ներքո, քանի որ դա իսրայելական ուժերի համար Իրանի դեմ գործելու հնարավորություն կստեղծի։ Սա է պատճառը, որ այսօր սահմանին զորք են կուտակում թե՛ Իրանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը։

Վերլուծաբան Մանվել Ղումաշյանի կարծիքով՝ Մոսկվան մինչև վերջ կպայքարի, որպեսզի այդ միջանցքը չլինի։ Իրանն արդեն պատկերացնում է դրանից բխող վտանգները․

«Իրանը հասկանում է այն վտանգները, որոնք կուտակվել են իր սահմաններին, այնպես, որ շատ բարդ իրավիճակ է տարածաշրջանում ու պայթունավտանգ»։

Նման պայմաններում Հայաստանը, ըստ Արման Աբովյանի, պետք է վերջ տա շինծու խաղաղասիրական քայլերին ու իր շահերը վեր դասի ցանկացած քարտեզից, քանի որ անվտանգությունն այսօր ամենակարևորն է։

Ցուցադրել ավելի
Back to top button