Մոռացված ֆիլմերի ստվերները

Պատանի ազատամարտիկների անվերջ ձգվող դասամիջոցը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Պատանի ազատամարտիկներին նվիրված «Անվերջ ձգվող դասամիջոց» կինոնկարը Վրեժ Պետրոսյանի առաջին հեղինակային ֆիլմն էր։ Նկարահանումները իրականացվել են արցախյան առաջին պատերազմի տարիներին, խրամատներում:

Հասկանալի պատճառներով տառապանքի, զրկանքների գնով նկարահանված գեղարվեստա-վավերագրական ֆիլմը առաջին ցուցադրությունից հետո հայտնվեց ադրբեջանա-թուրքական «հարձակումների» թիրախում։ Կինոօպերատոր Վրեժ Պետրոսյանը հայ անվանի ռեժիսորների հետ նկարահանել է բազմաթիվ գեղարվեստական լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական  ֆիլմեր։

Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի՝ Վադիմ Յուսովի կինոօպերատորական բաժինը նա ավարտեց «Դուք ո՞ւմն եք, ծերուկ» կարճամետրաժ ֆիլմով։ Ուսումն ավարտելուց հետո` արդեն Հայաստանում Վրեժ Պետրոսյանը կինոռեժիսոր Արման Մանարյանի հետ, որպես բեմադրող օպերատոր, նկարահանեց «Ոսկին և հողը» ֆիլմը։

Այնուհետև համագործակցեց Բագրատ Հովհաննիսյանի հետ՝  «Ադամամութ» երկսերիանոց հոգեբանական դրամայում, որը  նա համարում է իր լավագույն օպերատորական աշխատանքը:

Վրեժ Պետրոսյան

1988 թվականի ազգային ազատագրական պայքարը չէր կարող անտարբեր թողնել արմատներով մշեցի Վրեժ Պետրոսյանին։ Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից նա պարբերաբար մեկնում էր Արցախ, նկարահանում այն ամենը, ինչ տեղի էր ունենում մարտի դաշտում։ Վրեժ Պետրոսյանը համեստորեն իրեն չի դասում պատերազմը վավերագրողների շարքում։ «Պարզապես,- ասում է,- ազատամարտի տարիներին ես էլ տեսախցիկով էի մարտնչում»։

Առաջին նկարահանումները Վրեժ Պետրոսյանը կատարեց 1989-ի ձմռանը`  եռակի շրջափակման մեջ գտնվող Բերդաձորի գյուղերում: Այնուհետև դրանք շարունակեց Մարտակերտում։ Հենց այնտեղ էլ նա ծանոթանում է  13-ից 18 տարեկան կռվող տղաների հետ։

Այդ տղաներից շատերի տներն ու դպրոցները ադրբեջանցիները վերածել էին ավերակների։ Պատերազմի ահազանգը լսելուն պես նրանք, վրեժն իրենց սրտերում, դպրոցից անմիջապես մեկնել էին  ռազմաճակատ։ Նրանց էին միացել Հայաստանի տարբեր շրջաններից որսորդական մի քանի հրացաններով իրենց հայրենի հողը պաշտպանելու մեկնած ազնվագույն տղաները:

«Մարտակերտում ես հանդիպեցի այնտեղի պաշտպանական շրջանի հրամանատար Նորիկ Դանիելյանի հետ  ու բացի իրենից  էլի շատ փորձառու զինվորականների, որոնք միահամուռ պնդում էին, որ ամենակատաղի և անձնուրաց կռիվը այդ տղաներն էին մղում»,- ասում է Վրեժ Պետրոսյանը։

Այդ ջոկատում ամենաավագը մարտակերտցի 17-ամյա Ռաֆիկ Դանիելյանն էր: Նա ծնունդով Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից է։ Հայրենի հողը թշնամուն չհանձնելու վճռականությամբ նա իր շուրջը հավաքեց իրենց գյուղի պատանիներին։

Այսօր արդեն Արցախի պաշտպանության բանակում ծառայություն իրականացնող դիվիզիոնի ավագ Ռաֆիկ Դանիելյանը, վերհիշելով այդ տարիներին տեղի ունեցող իրադարձությունները, նշում է, որ  երկար տարիներ կողք- կողքի ապրելով թշնամու հետ, այդ տղաներից յուրաքանչյուրը շատ լավ գիտեր նրանց հոգեբանությունն ու նենգությունը։ Դա էր պատճառը, որ նրանք վճռեցին, որ այդ հողը  իրենցից լավ ոչ ոք չի պաշտպանի։

Վրեժ Պետրոսյան, Ռաֆիկ Դանիելյան

«Ջոկատը ձևավորվել է1992 թվականին: Մեր դասարանի յոթ տղաներով որոշեցինք միանալ տարիքով ավելի մեծ կռվող մեր հայրենակիցներին: Սկսեցինք մասնակցել մարտերին և ինչ-որ չափով մարտավարական փորձ ձեռք բերեցինք:

Երբ 1992-ին ժամանակավորապես կորցրեցինք Մարտակերտը, ես էլ այդ ժամանակ վիրավորվեցի ու տեղափոխվեցի Ստեփանակերտ, կազդուրվելուց հետո այնտեղ հանդիպեցի իմ մարտական երկու ընկերներին: Որոշ ժամանակ անց մենք որոշեցինք նորից վերականգնել մեր ջոկատը: Տասներկու հոգանուց խումբը կարճ ժամանակում վերածվեց վաթսուն հոգանոց ջոկատի»,- պատմում է Ռաֆիկ Դանիելյանը:

«Անվերջ ձգվող դասամիջոց» ֆիլմի հերոսներից մեկը 13-ամյա Արմենը Երևանից էր։ Նա ծնողներից գաղտնի մեկնել էր Արցախ ու միացել պատանիների ջոկատում կռվող տղաներին։ «Նրան նկարահանելն անհնար մի բան էր»,- ասում է Վրեժ Պետրոսյանը,- որովհետև Արմենը նկարահանումը համարում էր ժամանակի անիմաստ վատնում։ Դրա փոխարեն նախընտրում էր լինել իր ընկերների կողքին՝ խրամատում։ «Այդ տղան բացարձակ չէր մոտենում տեսախցիկին, փախչում էր, ջղայնանում էր: Օրերով համոզում էի մինչև վերջապես հաջողվեց նկարահանել»,- ժպիտով պատմում է  Վրեժ Պետրոսյանը։   

Արմեն

Տղաները կռվում էին ամենավտանգավոր ու անկանխատեսելի վայրերում: Ռաֆիկ Դանիելյանը պատմում է, որ հերոսական ու անձնազոհ պահվածքի շնորհիվ նրանք միասին ազատագրում էին թշնամու վերահսկողության տակ գտնվող այն դիրքերը, որոնց ազատագրումը անիրական էր թվում անգամ փորձառու զինվորականներին: «Այդ տարիքում կարծես վախն ու վտանգը մի կողմ ես դնում,- ասում է Ռաֆիկ Դանիելյանը։ -Դա էր պատճառը, որ մեզ հաջողվում էր անգամ մի քանի հոգով ազատագրել այն, ինչ փորձառու զինվորականները ռիսկային էին համարում,»:

Ֆիլմի մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո` 1996 թվականին, տեղի է ունենում «Անվերջ ձգվող դասամիջոց» գեղարվեստա-վավերագրական կինոնկարի պրեմիերան։ Պրեմիերային ներկա էին պատանիների ջոկատի ողջ մնացած տղաները։ Հուզիչ և ոգևորող մթնոլորտով պրեմիերայից հետո ֆիլմը հեռուստատեսությամբ ընդամենը մեկ անգամ ցուցադրվեց ու մի կողմ դրվեց։ Վրեժ Պետրոսյանը կարծում է, որ տառապանքով նկարահանված ֆիլմի հանդեպ այդպիսի վերաբերմունքը ունի շատ պարզ բացատրություն։

«Այն տարիների ընդհանուր քաղաքականությունում կար «չգրված օրենք», որ Արցախի հետ կապվող ու առնչվող ամեն ինչ չպիտի հանրայնացվի: Դա էր պատճառը, որ ֆիլմը չպրոպագանդվեց: Անգամ «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի կազմակերպիչները հրաժարվեցին ֆիլմը ցուցադրել, ասացին «չափազանց հուզիչ» ֆիլմ է, բայց հայտնի պատճառներով չենք կարող այս ֆիլմը ներառել փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերի շարքում»,- ափսոսանքով նշում է Վրեժ Պետրոսյանը:

Պատանիների ջոկատի տղաներից չորսը , ցավոք, զոհվեցին՝ չհասցնելով նույնիսկ սիրահարվել ու վայելել կյանքը։ Վրեժ Պետրոսյանն այդ տղաներին անմահացրեց իր կինոժապավենի վրա` հույս ունենալով, որ տարիներ անց, գալիք սերունդները դիտելով կինոնկարը, կվարակվեն ֆիլմի հերոսների հայրենասիրությամբ, կգնահատեն նրանց սխրանքները։ Բայց կինոօպերատորը հաշվի չէր առել, որ կգտնվեն մարդիկ, որոնք ինչ-ինչ ուժերի ազդեցությամբ ֆիլմը կմատնեն լուռ ու հանցավոր մոռացության․․․։

Back to top button