Սփյուռքի ձայնը

Երկուստեք ուսանելի ծրագիր. 44-օրյայի մասնակիցները` Կրասնոդարում․ «Սփյուռքի ձայնը»

Նոր սերունդը ավելի հայրենասեր է ու ավելի «գիժ», ասում է հրամանատար, արցախյան երեք պատերազմների մասնակից Ռոմիկ Մխիթարյանը` խոսելով այն երիտասարդների մասին, որոնց շատերը հաճախ անտարբեր ու անլուրջ էին համարում։

Կրասնոդարի երկրամասում ապրող հայերի շնորհիվ ՌԴ էր մեկնել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից, վիրավորում ստացած զինվորներից և կամավոր ազատամարտիկներից կազմված 18 հոգանոց խումբը՝ 11-օրյա հանգիստ անցկացնելու համար։

Հայ համայնքից գործարար, բարերար Արման Գալստյանը, որը հիմնական աշխատանքների ու նախեձեռնության հեղինակն է, նշում է, որ Սփյուռքը և Հայաստանը, հատկապես այսօր, պետք է միասին աշխատեն ու համագործակցեն՝ գիտակցելով պահի և ժամանակի կարևորությունը։

«Հանդիպելով մեր տղաներին` մենք մի բան հասկացանք․ այն, ինչ մենք անում ենք՝ աննշան է այն բանի համեմատ, ինչ արել ու անում են մեր զինվորները հայրենիքում։ Հենց այդ պատճառով է, որ մեզանից յուրաքանչյուրն այստեղ՝ Սփյուռքում, ուզում են աջակցել, իրենց ներդրումն ունենալ այդ զինվորների, զոհվածների մայրերի, այրիների և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների անդամների ապագայի բարեկեցության համար»։

Ծրագրի կազմակերպիչ «Հայկական գաղթօջախներ» հեռուստանախագծի հեղինակ Արևիկ Օրբելյանը, որը տարվա ընթացքում բազմաթիվ հայաշատ քաղաքներ ու երկրներ է այցելում, նշում է, որ այս ծրագրի իրականացումը լիարժեքության և բավարարվածության զգացողություն էր՝ բարդ և պատասխանատու, ինչը, սակայն, հաջողվեց և ունեցավ արդյունք։

«Օրեր առաջ ինձ զանգահարեց վիրավորում ստացած զինծառայողներից մեկն ու ասաց, որ ուզում է աշխատել։ Հասկանալի էր, որ մեր այս ծրագիրը ինչ որ չափով օգնել էր նրան՝ աշխարհին այլ աչքերով նայելու համար»,- ասում է Արևիկ Օրբելյանը։

Հայաստան վերադարձած և արցախյան երեք պատերազմների մասնակից, պահեստազորի փոխգնդապետ, լեգենդար հրամանատար Ռոմիկ Մխիթարյանը նկատում է, որ հանդիպումը երկուստեք ուսանելի էր։ «Նախ, որ ծրագրի մասնակիցները զգացին Սփյուռքի աջակցությունը, ապա Սփյուռքն էլ մոտիկից շփվեց ու տեղեկացավ պատերազմի իրական ընթացքի մասին»,- ասում է նա։ Արման Գալստյանը հավաստիացրեց, որ այս և նմանատիպ ծրագրերն ունենալու են շարունակություն։

Ցուցադրել ավելի
Back to top button