ԿարևորՀասարակություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Հայասատան, Ադրբեջան և Արցախ. օրակարգն անորոշ է

Արցախի չկարգավորված հարցը մնում է միջազգային բանակցային օրակարգում, որքան էլ Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 9–ից հետո փորձեց համոզել ներքին և արտաքին լսարանին, թե ԼՂ խնդիր, որպես այդպիսին, այլևս գյություն չունի, և թե այն լուծված է։

Փաստացի ունենք հետևյալը․ Ալիևը հոխորտում և ուղիղ սպառնում է Հայաստանին և անուղղակի նաև միջազգային հանրությանը՝ մեջքին ունենալով հենարան՝ ի դեմս Թուրքիայի և քողարկված երկրների։ Փորձում է տպավորություն ստեղծել, թե հարցն անցյալում է, իսկ միջազգային  հանրությունը վերջին գոնե մեկ ամսվա ընթացքում հայտարարում է՝ «ԼՂ-ի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»։  

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին օրը Ստրասբուրգում  ընդունվեց բանաձև, որում հատուկ առանձնացված  է անվտանգության գոտի ստեղծելու ՝ ՀՀ ՄԻՊ-ի առաջարկը։ Այս թեման շարունակ կարեւորում էր ու ամենատարբեր ասպեկտներով ներկայացնում Արման Թաթոյանը։ Ի՞նչ է սա ենթադրում ու միջազգային բանակցային օրակարգում ի՞նչ զարգացումներով է ուղեկցվում:

ԵԽԽՎ ՄԽ համանախագահների այց տարածաշրջան և Ստեփանակերտ

Սեպտեմբերի 28-ին ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովն առանց ժամկետներ նշելու բացահայտեց, որ օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները Նյու Յորքում հանդիպում են ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ: Ըստ Լավրովի` «նրանք, որքան հասկանում եմ, համաձայնեցրել են տարածաշրջան այցելությունների եւ զրույցների վերսկսումը Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ հանդիպումներ են ծրագրված Ստեփանակերտում»,- հայտնել Է ՌԴ արտգործանախարարը և 2020 թվականի պայմանվորվածությունների կարևոր արդյունք համարել տարածաշրջանում կայունության հաստատումը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո անցած գրեթե մեկ տարվա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կայունություն է հաստատվել, այն պահպանվում է։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ այժմ մենք որևէ լուրջ բռնարարքներ չենք տեսնում։ Փոքր միջադեպերը, որ սկզբնական շրջանում էին արձանագրվում, արագորեն մարվում են։ Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ այժմ այնտեղ իրադրությունը կայուն է, չնայած խնդիրների պակաս չկա»,- նշել է Լավրովը։

Սեպտեմբերի 28–ին նաև հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով ԼՂ–ի հարցի քննարկումը մերժող Ադրբեջանի նախագահը դեմ չէ եռանախագահող երկրների բանագնացների միջնորդությամբ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Ալիևն ասել է Ֆրանս 24-ին։

Համառոտ հիշեցնեմ՝ Ալիևը հայտարարում է, թե Ղարաբաղի կարգավիճակի հարց չկա, թե խնդիրը լուծվել է պատերազմով, թե Մինսկի խումբը որևէ անելիք չունի, և որ իրենք Մինսկի խմբի կարիք չունեն։ Մինսկի խմբի անդամների՝ Բաքու վերջին այցի ժամանակ Ալիեւը նրանց, մեղմ ասած, դռնբաց չէր ընդունել, ավելին, տարակուսանք էր հայտնել այցի առիթով՝ ուղիղ հարցնելով, թե ինչու եք եկել այստեղ, եթե ասելիք ունեք՝ ասեք։ Վերջերս Ադրբեջանը նաեւ տարբեր խողովակներով սպառնաց դուրս գալ ՄԽ–ի ձևաչափից, եթե Միացյալ Նահանգները շարունակի պայման-պահանջներ առաջադրել։

Թեեւ Ալիեւը պնդում է, թե հարցը լուծված է, սակայն միջնորդների վերջին  հայտարարությունները փաստում են համապարփակ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը, ինչը ենթադրում է, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ։ Հենց սա էլ պնդում է Հայաստանը։

Ի՞նչ առաջարկաներով կամ առհասարակ՝ ի՞նչ օրակարգով տարածաշրջան կգան ՄԽ համանախագահները։

Որ համանախագահները գնալու են Ստեփանակերտ՝ ըստ ծրագրված հանդիպումների, փաստում է, որ խնդրի կարգավորմամբ զբաղվող գերտերությունների համար Արցախի կարծիքը խնդրի վերջնական կարգավորման համար լսելի է։ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը դրական տեղաշարժ արցախյան խնդրում չի ակնկալում համանախագահների տարածաշրջան այցելությամբ, ավելին, ըստ քաղաքագետի, Ստեփանակերտ այցելությունը չի նշանակում, որ համանախագահներն ընկալում են Արցախը, ինչի մասին վկայում է ավելի վաղ արված նրանց հայտարարությունները։

«44 օրյա պատերազմի հետևանքով ՄԽ ֆորմատը խարխլվեց, և այլևս չի գործում և այն խնդիրը, ինչ համար ձևավորվել էր, չլուծեց։ Երբ ասում ենք պետք է վերագործարկվի, ապա պետք է ասել՝ թե ո՞ր օրակարգի շուրջ, ի՞նչ գործիքակազմով և ի՞նչ ակնկալիքներ կան, և ինչ ժամկետներում։ ԼՂՀ եզրույթը իրենց հայտարարություններում բացակայում է, և ըստ էության խնդիրը տեղափոխվել էր Հայաստան, Ադրբեջան։ Եվ Արցախի սուբյեկտայնոթյան նվազման խնդիր կա։

Ըստ քաղաքագետի՝ խնդրի կարգավորման դրական ելք կարող է լինել այն, երբ մեկ այլ ուժային կենտրոնի կամ գերտերության շահը համընկնի հայկական շահի հետ, և հայկական կողմն ունենա իր սեփական օրակարգը։

ԵԽԽՎ բանաձևի կարևորությունը հայկական կողմի համար

Սեպտեմբերի 27-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, այն կտևի մինչու ամսի 30–ը, և հենց առաջին օրն ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։ Այս բանաձևը մի քանի կարևոր շեշտադրում ունի հայկական կողմի համար։ Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում էր դուրս թողնել Լեռնային Ղարաբաղ անվանումը միջազգային փաստաթղթերից , իսկ հայկական կողմին հաջողվել է փոխել բանաձևի վերնագիրը և բանաձևի տեքստը՝ դրանում ընդգրկելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ձեւակերպումը։ Փաստաթղթում նաև ներառվել են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի առաջարկները անվտանգության գոտի ստեղծելու մասին, որի կարևորության մասին մայիս 12–ից հետո, երբ ադրբեջանական զինվորները ներխուժեցին ՀՀ ինքինշխան տարածք, բարձրաձայնում էր ՄԻՊ–ը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը շեշտում է՝  առաջարկների ներառումը ԵԽԽՎ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» բանաձևում կարևոր է հայկական կողմի համար:

«ՄԻՊ դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի հետ սահմանազատումն առանց անվտանգության գոտի ստեղծելու ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների և հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքները, այլ նաև դառնալու է նոր խախտումների և լարվածության պատճառ»։

Նշենք, որ ընդունված բանաձևում երկու երկրներին կոչ է արվում նաև բանակցություններ սկսել սահմանագծման և սահմանազատման շուրջ, ինչպես նաև ուսումնասիրել անվտանգության գոտու ստեղծման հարցը՝ խաղաղապահ կամ ռազմական մոնիթորինգային ուժերի ներգրավմամբ:

«ՄԻՊ-ի այցերը սահմանային գյուղեր ցույց են տալիս, որ ամենօրյա սկզբունքով խախտվում են սահմանային բնակիչների իրավունքները։ Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանցի զինծառայողների անօրինական ներկայությունը, զենքի մշտական սպառնալիքները, անասունների առևանգումը և արոտավայրերի հրկիզումներն ապացուցում են անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտությունը։ Անվտանգության գոտու հայեցեկարգը մշակվում է և ավարտման փուլում է։ Այստեղ տեղ են գտել ՄԻՊ արտահերթ զեկույցները պատերազմից առաջ և հետո, որոնք վերաբերում են մարդու իրավուքնների կոպիտ խախտումներին՝ ադերբեջանցիների կողմից»։

Արման Թաթոյանը տարբեր առիթներով մշտապես պնդել է, որ պատերազմից հետո Հայաստանի գյուղերի և բնակավայրերի միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, դրոշների տեղադրումը զուրկ են որևէ իրավական հիմքից, դրանք պետք է հեռացվեն, և ստեղծվի անվտանգության գոտի:

ԵԽԽՎ բանաձևի այս կետին Բաքուն դեռ չի արձագանքել, և անորոշ է՝ անվտանգության գոտին ո՞ր և ո՞ւմ տարածքի հաշվին է լինելու, որքա՞ն է կազմելու կողմերի միջև հեռավորությունը, և կարող է այս հարցը քննարկվել ՄԽ համանախագահների տարածաշրջան այցելության ժամանակ։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, սակայն, անվտանգության գոտի ստեղծելու առաջարկի մասով վերապահում ունի։

«Դա, ըստ էության, նշանակում է սուվերենության որոշակի կորուստ, դա նշանակում է՝ նաև կորցնում ենք վերահսկողությունը մեր տարածքի և սահմանների նկատմամբ։  Բնակիչների իրավունքների պահպանումը հասկանալի և կարևոր է, բայց եթե այդ տարածքում մենք չունենք մեր պաշտպանական կառույցները, զորամասերը, դիրքերը, որը նշանակում է հակառակորդը կարող է հայտնվել նույն տեղում»։

Վերադառնալով  ՄԽ համանախագահների տարածաշրջան այցելությանը՝ քաղաքագետ Հակոբ Բադալյանը կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, համենայն դեպս առկա հարաբերակցության և ռեգիոնալ միջավայրի պայմաններում աշխատանքային խնդիրների սպասարկման և լուծումների փնտրտուքի առումով առավել հարմար է Հայաստանի և Արցախի համար: Ըստ այդմ, եթե կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխուժացման հեռանկար, ապա պետք է ձգտել այն ամրապնդելուն և ի վերջո ձևավորելուն:

Միաժամանակ, սակայն, սա իր հերթին նշանակում է, որ հայկական կողմերն այս հեռանկարի շրջանակում պետք է պատրաստվեն իրապես լուրջ և համառ, հետևողական քաղաքական դիմակայության, ռազմա-քաղաքական դիմակայության՝ առաջ մղելու համար Արցախի կարգավիճակի հարցը, միաժամանակ, սակայն, դա առանց այսպես կոչված «միջանցքի» հարցի հետ շաղկապելու, ինչը քողարկված ձևով փորձում են առաջ տանել Անկարան և Բաքուն, և ինչը առնվազն որոշակի «մոդիֆիկացիաներով» քննարկելի են համարում Մինսկի խմբի համանախագահ երկրները, դատելով հայտարարություններից և դրանց որոշակի նուրբ տողատակից:

Back to top button