Գերդաստաններ

Բրամսի ծննդյան օրը ավանդույթ՝ Դանիել երաժշտի ընտանիքում․ «Գերդաստաններ»

Դանիելյանների ընտանիքում մի ավանդույթ կա. ամեն տարի մայիսի 7-ին նշում են աշխարահռչակ գերմանացի կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի ծննդյան օրը։

Այդ օրը պատրաստում են վիեննական ուտեստներ, որովհետեւ Բրամսն իր կյանքի մեծ մասն ապրել ու ստեղծագործել է Վիեննայում։ Մի խոսքով՝ մայիսի 7-ին իսկական վիեննական մթնոլորտ է տիրում այս տանը։

Դանիելյանների ընտանիքի ամենահայտնի անդամը Դանիել Երաժիշտն է, որ անսահման հումորի տեր մարդ է։ Մայիսի 7-ի հերթական բրամսյան ծննդյան օրն է։ Ներս է մտնում Դանիելը, ձեռքին՝ Բրամսի մեծ դիմանկարը։ Մայրն ուրախանում է, բայց երբ իմանում է, թե որքան գումար է ծախսել որդին այդ յուղանկարը գնելու համար, հանդիմանում է. «Ա’յ տղա, դուք նորաստեղծ ընտանիք եք։ Առաջին անհրաժեշտության իրեր գնելու փոխարեն, գնացել ու Բրամսի պորտրե՞տն ես բերել»։ «Մա’մ ջան, շուտ ասեիր՝ Բախի դիմանկարը կպատվիրեի»,- այսպես է պատասխանում Դանիելն ու բոլորը ծիծաղելով նստում են ծննդյան սեղանի շուրջը։

Դանիել Երաժիշտն ասում է, որ վերջին տարիներին կյանքում առաջին անգամ պարտության զգացում ունի. «Բայց դա ցանկալի և հաղթանակի պարտություն է, որովհետև թոռնիկս՝ Ֆելիքս Հարությունյանն է ինձ հաղթել՝ Վիեննայում ունեցած հաջողություններով»։

Դանիելյան գերդաստանի նախնիներից մեկը դեռ 19-րդ դարի 40-ականներին Մաշտոցի շարականներն է երգել։ Սյունիքի Շիկահող գյուղի Սուրբ Ստեփանոս նախավկայի եկեղեցում Դանիել Երաժիշտը կատարել է հենց նույն շարականները։

Դանիելյանների գերդաստանի մասին այս և այլ հետաքրքիր պատմություններ կարող եք իմանալ, եթե լսեք «Գերդաստանների» հերթական հաղորդումը։

Back to top button