ԿարևորՄշակույթ

«Երբ որ քամին հանդարտվի». Արցախի մասին ֆիլմը կառաջադրվի «Օսկար»-ի

Հայկական «Երբ որ հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Տեղեկությունը հայտնում է Հայկական ազգային կինոակադեմիան։

«Հայկական ազգային կինոակադեմիայի՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվեց «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության՝ բոլորովին նոր կառուցված օդանավակայան:

Ինքնահռչակված, թշնամի պետությամբ շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այդ երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո:

Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյո՞ք վերաբացվելու համար այդ օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին:

Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մարտի 10-ին բարձրացավ հայկական էկրան: Պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում։

«2020 թ․ սեպտեմբերի 26-ին կայացավ ֆիլմի փարիզյան պրեմիերան։ Մեր ամբողջ թիմը, բոլոր աջակիցներն ուղղակի ցնծում էին, որ Արցախի մասին ֆիլմը նկարահանվեց ու պրեմիերան կայացավ: Իսկ երբ 27-ին արթնացանք, պարզվեց, որ Արցախում պատերազմ է սկսվել: Երբ ֆիլմը ներկայացնում էի տարբեր կինոդահլիճներում, դժվարանում էի խոսել, որովհետև Արցախում իրավիճակն անընդհատ փոխվում էր: Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել և ցույց տալ Արցախի ինքնին լինելը, ինքն իրեն գոյություն ունենալու փաստը: Ամենաճիշտ պատասխանը ֆիլմն է տալիս: Հավատն ու հույսը, որոնց վրա է հենված ֆիլմը, նաև իմ հույսն ու հավատն են»,- պատմել է Նորա Մարտիրոսյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով՝ 2018 թ․, երբ նախագիծը պետք է ներկայացվեր Եվրիմաժին՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար, Ազգային կինոկենտրոնն արագ արձագանքեց ու չսխալվեց, որովհետև նախագիծը հաջողված էր։ Այն արժանացավ Եվրիմաժի հավանությանը և լրացուցիչ ֆինանսավորում ստացավ:

Այդ գումարի մի մասը ծախսվեց հենց Հայաստանում: Կինոկենտրոնի տնօրենը փաստել է, որ Եվրիմաժով անցած ֆիլմերի առջև մեծ հնարավորություններ են բացվում՝ ցուցադրվելով եվրոպական դահլիճներում, մեծաթիվ հանդիսատեսի առջև․ «Հույս ունեմ, որ ֆիլմը հաջողություններ կունենա և այսուհետև էլ արժանի գնահատականի կարժանանա՝ հատկապես պատերազմից հետո»:

Կարդացեք նաև
Close
Back to top button