Սփյուռքի ձայնը

Անապայի կանայք չեն հուսահատվում` ի տարբերություն տղամարդկանց․ «Սփյուռքի ձայնը»

Պետք է դաստիարակել այնպիսի սերունդ, որը պատրաստ կլինի դժվար պահերին մեկնել հայրենիք, ասում է ՌԴ Անապայի հայ համայնքի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, 44-օրյա պատերազմից հետո Անապայում ստեղծված «Իմ մայր» կազմակերպության նախագահ Կարինե Փիլոյանը։

«Անապայի հայ կանայք համախմբվեցին և սկսեցին մի ծրագիր, որն այսօր էլ շարունակվում է, և տարբեր միջոցառումներ կազմակերպելով գումարներ հավաքեցին՝ ուղղելով պատերազմի մասնակիցների ընտանիքներին։ Շատ տղամարդիկ հիասթափություն ապրեցին այս ընթացքում, իսկ կանայք՝ ոչ։ Նրանք անկոտրուն են և շարունակում են իրենց աշխատանքները»,- ասում է Կարինե Փիլոյանը։

Հայոց լեզվի ուսուցչուհին նաև նախաձեռնող է հայոց լեզվի դասաժամերի կազմակերպման գործում։ Ասում է, քանի որ Անապայում չկա հայկական դպրոց, համայնքին հովանավորող մի քանի ընկերության տարածքում են անցկացնում դասերը։ «Սա բարդ է, սակայն մենք իրականացնում ենք այն, քանի որ կարևորում ենք այսօր նոր սերնդի դաստիարակությունը, հայոց լեզվի տիրապետումը»։

Անապայում հայկական դպրոցի կառուցումը անհրաժեշտություն է, ասում է տիկին Կարինեն և ավելացնում, որ այս տարի իրենք նախատեսել էին դասերը սկսել նոր շենքում, ինչի շինարարությունը, սակայն, ընդհատվել է՝ ինչ-ինչ պատճառներով։

Կարինե Փիլոյանը նշում է, որ թե ինքը, թե Անապայի հայ համայնքի մյուս մասնագետ-ուսուցիչները պատրաստ են օրվա տարբեր ժամերին ընդունել հայ երեխաներին՝ անկախ տարիքից։ «Այնտեղ, որտեղ այսօր անցկացվում են հայերենի դասերը՝ դռները միշտ բաց են։ Բոլոր ցանկացողները, անգամ՝ այլազգի, կարող են մասնակցել դասընթացներին»։

Հայկական դպրոց ունենալու պարագայում օտարները ևս հնարավորություն կունենան ուսանել մեր լեզուն, ինչի համար կա ընտրված ծրագիր և մեթոդ, ասում է Կարինե Փիլոյանը։ «Մեր երեխաները այսօր սովորում են տարբեր դասագրքերով, դրանք՝ հիմնականում ձեռք ենք բերում ՌԴ-ում ապրող հայերենի մասնագետներից, որոնք ձեռնարկել են ՌԴ-ում ապրող հայ երեխաների համար դասագրքերի ստեղծումը»,- նշում է ուսուցչուհին։

Ցուցադրել ավելի
Back to top button