ԿարևորՀասարակություն

10-ից ավելի մտահոգություն՝ ԵԽԽՎ զեկույցում․ փորձագետները հորդորում են «օգտագործել» փաստաթուղթը

ԵԽԽՎ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներով և պատրաստակամ է օգնել կողմերին։ Այս պատրաստակամությունը կառույցը հայտնել է  ԵԽԽՎ պատվիրակ Պոլ Գավանի զեկույցի հիման վրա մշակված և Վեհաժողովում ընդունված բանաձևի  մեջ։ Զեկույցի հեղինակը ԵԽԽՎ ամբիոնից մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղ այցելել չկարողանալու վերաբերյալ:

Նա Հայաստանում է եղել մայիսին, իսկ Ադրբեջանում՝ հուլիսին: Պոլ Գավանը վստահեցրել է՝ փորձել է խուսափել քաղաքականությունից և կենտրոնացել է միայն հումանիտար խնդիրների վրա։

ԵԽԽՎ եվրոպացի պատվիրակը բազմաթիվ մտահոգություններ ունի Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակվող քաղաքացիների մարդասիրական իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Պատերազմից հետո ստեղծված իրավիճակը նկարագրում է մեկ տասնյակից ավելի կետերով, որոնք մտահոգություններ և հորդորներ են: Դրանցից մեկն այն է, որ «խորապես ափսոսում է տարածաշրջանում միջազգային հանրության բացակայության կապակցությամբ», ինչպես հեղինակն է նշում, մուտքի խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անհամաձայնության պատճառով։

Պոլ Գավանը հիշեցնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական պարտավորությունները՝ «լիարժեք և բարեխղճորեն համագործակցել մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային մեխանիզմների հետ՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մեխանիզմները»:

Զեկույցը պատրաստելիս  Պոլ Գավանին  չի հաջողվել այցելել Լեռնային Ղարաբաղ: Նա Հայաստանում է եղել մայիսին, իսկ Ադրբեջանում՝ հուլիսին: Փորձել է խուսափել փաստաթղթին քաղաքական երանգ հաղորդելուց:

Ադրբեջանը, սակայն, այնքան է ոգևորվել պատերազմում իր հաղթանակից, որ անգամ ԵԽԽՎ լիագումար նիստում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարել է՝ չեն վախենում պատերազմից ու «գլուխ է գովել», որ լուծել են «իրենց» հողերի խնդիրը: Հակամարտության մարդասիրական հետևանքների մասին զեկուցողն անմիջապես արձագանքել է.

«Մեզնից յուրաքանչյուրն այս Վեհաժողովում պետք է վախենա պատերազմից, երբ մենք տեսնում ենք, թե որոնք կարող են լինել դրա  հետևանքները»,- նշել է եվրոպացի պատվիրակը:

Նրա կազմած զեկույցից Հայաստանի մասնագիտական շրջանակները գոհ են: Փաստաթուղթը հավասարակշռված է համարում միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը:

«Կարծում եմ՝ քիչ են փաստերը Ադրբեջանի կողմից խախտումների վերաբերյալ, բայց պետք է հասկանանք, որ կոչերը իրավական պարտադիր ուժ չունեն: Համենայնդեպս, առնվազն պարունակում են կողմ քվեարկած պետությունների ընդհանուր դիրքորոշումը իրավիճակի վերաբերյալ: Եթե կոչերի մասին ենք խոսում, ապա քաղաքական կամ դիվանագիտական  ինչ-որ կիրառում հնարավոր է գտնել: Իրավական նշանակություն միջազգային այլ ատյաններում չի կարող ունենալ: Միջազգային ատյանները, իհարկե, ինչ-որ չափով հիմնվելու են այս զեկույցի վրա, բայց այդ փաստերի մասով առաջնային ապացույցներն են ավելի կարևոր են, ու դրանք կան»:

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կարևորում և գնահատում է փաստաթղթի ընդունումը: Փաստահավաք աշխատանքներն ու տարբեր հայցերն են  հիմք ստեղծել դրա համար՝ կարծում է:

«Պետք է բոլորս ողջունենք որոշման բոլոր մասերը, որովհետև քար լռությունից հետո մենք ստանում ենք այդպիսի զեկույց և այդպիսի որոշում: Բայց եթե մենք անենք արդյունավետությունը, այսինքն՝ Ադրբեջանը ինչ է անելու այդպիսի որոշումներից հետո, ապա ես պետք է ցավով նմշեմ, որ Ադրբեջանը ոչ մի բան չի անելու: Այստեղ իմ ակնկալիքները համեստ են: Եթե այն այսօր չօգտագործվի որպես ամենօրյա աշխատանքի գործիք, ապա մենք էլի մնալու ենք կոտրած տաշտակի առջև: Մեկ է՝ Ադրբեջանը շարունակելու է իր գործունեությունը՝ ամբողջովին հնարած: Այդ բոլորը Ադրբեջանի համար հիմք է ծառայելու հայերի հանդեպ ցեղասպանությունը շարունակելու»:

Զեկույցը, սակայն, չի արտացոլում բացառապես հայկական կողմի դիրքորոշումը: Դրանում կան նաև Ադրբեջանի համար «հարմար» ձևակերպումներ, որոնք փաստաթղթում ներառվել են Ադրբեջանի պատվիրակության առաջարկով: Առաջարկներից մեկով Շուշի/Շուշա երկակի օգտագործմանը զուգահեռ Ղազանչեցոցի կողքին կավելացվի նաև անվանման ադրբեջանական տարբերակը՝ Ղազանչին:

«Որպես կանոն ԵԽԽՎ-ի ընդունած որոշումներում անպայման լինում են հակասական կետեր: Այդպիսի որակումներից զերծ չէ նաև այս որոշումը: Ավելի քան զարմանալի է, որ ԵԽԽՎ-ն մտցնում է այնպիսի «ուղղում» Ադրբեջանի կողմից, որը զարմանալիորեն շատ պատմաբանական, մշակութաբանական բնույթի է: Ինչո՞ւ պետք է այդ որոշման մեջ բազմադարյան պատմություն ունեցող Ղազանչեցոցի վերանվանումը մտցվի»,-ասում է Լարիսա Ալավերդյանը:

ԵԽԽՎ զեկույցի համաձայն՝ Վեհաժողովը դատապարտում է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, մասնավորապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և դատապարտում է վեցշաբաթյա պատերազմի ժամանակ մշակութային ժառանգությանը միտումնավոր հասցված վնասը: Օրինակ է բերվում Շուշիի Սուրբ Փրկիչ եկեղեցու՝ Ղազանչեցոցի կանխամտածված գնդակոծությունը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանների ավիրումը կամ վնասումը:

Փաստաթղթում ամրագրված դրույթներով եվրոպական կառույցը մտահոգություն է հայտնում է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Դադիվանքի վանքի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ տեսակների ճակատագրով:

ԵԽԽՎ-ն հորդորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել զարգացող հորինվածքը, որը քարոզում է «Կովկասյան ալբանացիների»  ժառանգությունը, համոզվելու համար, որ այն չի շահարկվում կողմերից մեկի կողմից:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինքը պետք է իր նախաձեռնությամբ վաղուց որոշ գործողություններ աներ: Այն, որ դա հիմա ԵԽԽՎն է իրեն պարտադրում, խոսում է արդեն կառույցի դատապարտելի պասիվության մասին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այնքան թույլ կազմակերպություն է․ եթե հիշում եք՝ Ջուղայի խաչքարերն աշխարհի աչքի առջև փոշիացվեցին և այլն, և այլն, Ադրբեջանը թույլ չտվեց մուտքը պատվիրակության»։ 

ԵԽԽՎ զեկույցն անդրադառնում է նաև ատելության խոսքի քարոզին․ բալանսը պահելով նշում է՝ «երկու երկրներում», բայց բերում է  Բաքվում բացված «Ռազմավարի պուրակի»-օրինակը:

Մինչ Վեհաժողովը, ըստ զեկույցի, շարունակում է մտահոգված մնալ միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու շարունակական խափանմամբ և կոչ է անում կողմերին նպաստել մուտքի հնարավորությունների ընդլայնմանը, Հայաստանի մասնագիտական շրջանակները հորդորում են պետական մարմիններին ամենօրյա աշխատանքում օգտագործել ԵԽԽՎ-ից ստացված զեկույցը՝ արդյունքը շոշափելի դարձնելու համար: Հակառակ դեպքում՝ այն դարձյալ  սեղանին կմնա որպես  խորհրդատվական փաստաթուղթ:

Back to top button