ԿարևորՄշակույթ

Վարպետության դասեր՝ աշխարհահռչակ երաժիշտներից․ բացառիկ հնարավորություն կրթաթոշակառուների համար

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները սեպտեմբերի 4-23-ը Դուբայում մասնակցել են InClassica  միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպված Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) վարպետության դասերին: Կրթաթոշակառուները նաև հանդես են եկել կատարումներով և վայելել հեղինակավոր նվագախմբերի, մենակատարների ելույթները:

Դուբայի ամենահեղինակավոր համերգասրահներում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները հնարավորություն են ունեցել  մասնակցելու վարպետության դասընթացների ու աշխարհահռչակ երաժիշտների հետ լինել նույն բեմում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել   հիմնադրամի կրթաթոշակառուներ Մարի Հակոբյանը, Ասյա Անիսիմովան, Գուր Սարգսյանը, Հայկ Հեքեքյանն ու Դավիթը Բոյաջյանը: Բոլոր կրթաթոշակառուները, իսկ նրանք 10-ն են,  փառատոնի  շրջանակում  կատարել են Էդվարդ Միրզոյանի «Վալսը» և Արամ Խաչատրյանի «Այշեի պարը»՝ «Գայանե» բալետից: «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյան․

«Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, որի նախաձեռնությամբ անցկացվում է InClassica փառատոնը, ահռելի աշխատանք է կատարել այս ընթացքում: Նրանք կարողացել են ընդամենը երեք ամսում Դուբայ տեղափոխել փառատոնը, ակադեմիան, որոնք պետք է կազմակերպվեին Մալթայում: Այն, ինչ տեսնում ենք այս օրերին, ֆանտաստիկ է: Այստեղ են աշխարհի բարձրակարգ արտիստները, լավագույն նվագախմբերը, որոնք հանդես են գալիս Դուբայի լավագույն դահլիճներում: Մեր երեխաների համար սա շատ մեծ հնարավորություն է. և՛ լսել կատարումներ, և՛ մասնակցել դասընթացների»։

Աննա Տեր-Հովակիմյանն ասում է, որ հիմնադրամը խնդիր է դրել աջակցել պատանիներին, որպեսզի ապագայում ևս Հայաստանն ունենա բարձրակարգ երաժիշտներ։

22 օրերի ընթացքում հիմնադրամի կրթաթոշակառուները հաղորդակցվել աշխարհահռչակ ջութակահարներ Պավել Վերնիկովի, Բորիս Կուշնիրի, Դանիել Հոփի, Սերգեյ Խաչատրյանի, դաշնակահարներ Պավել Գիլիլովի, Ջուլիանո Մազոկանտեի, ֆագոտահարներ Ռիչարդ Պալեյի, Անդրեյ Շամիդանովի, տրոմբոնահարներ Նատալ Բիկովի արվեստին։ Հիմնադրամի նախաձեռնությամբ 6 դաշնակահար կմասնակցի Մերձավոր Արեւելքի դասական երաժշտության ակադեմիայի դասընթացներին. նրանցից դաշնակահարուհի Աստղիկ Ղուկասյանը,  փառատոնի շրջանակում, հանդես է եկել Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

«Պավել Գիլիլովը լավագույն պրոֆեսորներից է և դասավանդում է Զալցբուրգի երաժշտական ակադեմիայում: Նա հոկտեմբերին կժամանի Հայաստան, որտեղ հիմնադրամի ծրագրերի շրջանակում ևս վարպետության դաս կանցկացնի: Նշանակալի էին փողային գործիքներ նվագողների համար կազմակերպված վարպետության դասերը, որոնք աշխարհում քիչ են: Ես շատ շնորհակալ եմ Կոնստանտին Իշխանովին, որն ընդառաջ գնաց մեզ ու  հատուկ մեր հոբոյահարների, ֆագոտահարի, շեփորահարի, տրոմբոնահարի և գալարափողահարի համար նման դասեր նախաձեռնեց»,-ասում է Աննա Տեր-Հովակիմյանը։

Կրթաթոշակառու Միհրան Առաքելյանը տպավորված է հատկապես  հանրահայտ շեփորահար Վլադիսլավ Լավրիկի վարպետության դասերից։  Իսկ հոբոյահար Տիգրան Գասպարյանին դուր է եկել Լիոր Միշելի դասը։

Դաշնակահար Գուր Սարգսյան․«Ինձ  գրավել են վարպետության դասերը, որոնք օգնել են հասկանալ, թե ինչպես է հնարավոր ճիշտ աշխատել տեխնիկայի կատարելագործման ուղղությամբ և հետագայում առավել լավ նվագել»:

Ջութակահար Ասյա Անսիմովա․«Չէինք պատկերացնում, որ մեզ հնարավորություն կտրվի լսելու նման հայտնի ու բարձրակարգ նվագախմբերի կատարումները, հաղորդակցվելու փորձառու մասնագետների ու երաժիշտների հետ: Բոլորս շատ-շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին: Միայն ունկնդրելն արդեն մեզ շատ բան է տալիս»։

Հիմնադրամի կրթաթոշակառուները հիմնականում Երեւանի երաժշտական դպրոցների սաներ են։ Նախատեսում են  ծրագիրն ընդլայնել ու ընդգրկել նաև մարզերի տաղանդավոր երեխաներին։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2021/2022 թթ. կրթաթոշակառուների անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին։ Հիմնադրամը նախապատրաստում է այլ կրթական ծրագրեր ևս։ Դրանց մասին հոգաբարձուների խորհրդի նախագահ և կրթական ծրագրերի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը կհայտարարի շուտով։

Back to top button