Սփյուռքի ձայնը

Հայ երգչուհու ամերիկյան փորձառությունը․ «Սփյուռքի ձայնը»

ԱՄՆ-ում թատերական և օպերային գործունեություն ծավալելը՝ հայրենիքից հեռանալուց հետո հայ երգչուհու առաջնային խնդիրը դարձավ: Խոսքը՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում 13 տարի հանդես եկած օպերային երգչուհի Անահիտ Ներսիսյանի մասին է, որն արդեն 33 տարի ապրում է ԱՄՆ-ում։ Նա Հայաստանում է երաժշտական կրթությունը ստացել, նախ՝ երաժշտական ուսումնարանում, ապա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

«Հայաստանում ապրելու տարիներին արդեն ունեի մեծ հաջողություններ, ունեի հրաշալի ուսուցիչներ, որոնց շնորհիվ ժամանակի ընթացքում երգչախմբում երգող յուրաքանչյուրը չէր էլ հասկանում, թե ինչպես է հասնում մեծ ու պրոֆեսիոնալ արդյունքի։ Մարիաննա Հարությունյան և Հովհաննես Չեքիջյան․ նրանք այն մարդիկ են, որոնցից ստացած գիտելիքներն ինձ օգնեցին ներկայանալ նաև ԱՄՆ-ում, երկիր, որը տնտեսապես ու այլ բնագավառներում մեծ հաջողություններ ուներ, և որտեղ դրսևորվելն ու ներկայանալը մեծ դժվարություն էր»,- ասում է երգչուհին։

Անահիտ Ներսիսյանը, որը բազմաթիվ մրցույթների և համերգների էր մասնակցել Հայաստանում, հյուրախաղերով եղել է շատ երկրներում, ԱՄՆ մեկնելուց առաջ սեփական պատկերացումներն ուներ ակադեմիական արվեստի մասին։ «Դրանք հաճախ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ այն երկիրը, որտեղ պատրաստվում էի ապրել և աշխատել, ուներ սեփական օրենքները։ Մեր ասպարեզում գործող մարդիկ հիմնականում ունեն իրենց պրոդյուսերները, համերգների կազմակերպման ընկերությունները և այլն, որոնց մասին ես տեղյակ չէի»,- ավելացնում է։

Աշխատանքի այս մեթոդներին անտեղյակ մեր հայրենակցուհին նախընտրեց ներկայանալ առանձին, միայնակ և ազատ ընտրությամբ։ «Երգում էի և այսօր էլ երգում եմ այն համերգասրահներում, այն երգիչների հետ, որոնց ես եմ ընտրում։ Երգացանկն ընտրում եմ ես՝ բեմում տարբեր կերպարներ ստեղծելու համար։ Այս աշխատելաոճն ինձ դուր է գալիս»,- ասում է։

Անահիտ Ներսիսյանը և իր ամուսինը Հայաստանից մեկնելուց մի քանի տարի անց ԱՄՆ-ում հիմնել են նաև «Երաժշտական փոստարկղ» թատերախումբը։ «Սա այն տեղն էր, որտեղ ուզում էին գալ հայերը, նրանք, որոնք եկել էին թե՛ Հայաստանից, թե՛ այլ երկրներից։ Այսօր թատերախումբը չի գործում, սակայն մեզ հայության շրջանում շատերն են հիշում»,- ասում է Անահիտ Ներսիսյանը։

Հայաստանում ապրելու և աշխատելու տարիները Անահիտ Ներսիսյանի համար եղել են անմոռանալի, սակայն այն ճանապարհը, որ անցել է ԱՄՆ-ում, դրա համար շնորհակալ է թե՛ ճակատագրին, թե՛ հայությանը։

Back to top button