ԿարևորՀասարակություն

Հայաստանում անցկացվեց «ԳՌՈՄ-2021» զորավարժությունը

Սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանով նախատեսված «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը։
Գործողության ակտիվ փուլը սեպտեմբերի 28-ին էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում։

Զորավարժությունն անցկացվում էր ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։

Վարժանքներին, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում հակաթմրանյութային գործողության իրականացումն ու հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստականության աստիճանի բարձրացումն էր, մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների, ինչպես և Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկողության գործակալության հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Ներգրավված էին ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության ստորաբաժանումները` ավիացիայի, ռազմական և հատուկ տեխնիկայի կիրառմամբ։

Վարժանքներին ներկա էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ։

Ըստ սցենարի՝ հանցավոր մեծ խումբ է ներթափանցել Հայաստան, որի անդամները մեծաքանակ՝ 1 տոննայից ավելի թմրանյութ են ցանկանում հանրապետության տարածքով անցկացնել մեկ այլ երկիր։ ՀԱՊԿ անդամ-երկրների համապատասխան ստորաբաժանումները ձեռնարկում են միջացառումներ։ Վնասազերծում, զինաթափում և ձերբակալում են հանցավոր խմբի անդամներին։
Զորավարժությանը մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների մոտ 350 ծառայող, 49 միավոր տեխնիկա, 3 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր։


«ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողության ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
«Հարգարժա՛ն Վալերի Անատոլևիչ, հարգելի՛ գեներալներ, ենթասպաներ, սերժանտներ։
Մենք այսօր հետևում էինք համատեղ հատուկ հակաահաբեկչական «ԳՌՈՄ-2121» գործողության վարժանքներին, որի նպատակը ՀԱՊԿ անդամ պետությունների կոլեկտիվ ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդումն ու մարտական պատրաստականության մակարդակի բարձրացումն էր։

Մեր գերատեսչությունների հատուկ նշանակության ստորաբաժանումները գործում էին ներդաշնակ ու բարձր պրոֆեսիոնալ մակարդակով. մարտիկները հաշված րոպեների ընթացքում կատարեցին առաջադրված խնդիրը` վնասազերծելով հանցավոր խմբերը և փակելով թմրամիջոցների առաքման ուղիները։

Այսօրվա զորավարժությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ ի զորու ենք մշակել և իրականացնել հանցավորության դեմ արդյունավետ պայքարի փոխհամաձայնեցված մարտավարություն ու ռազմավարություն։

Այսօրվա վարժանքներին մասնակցած ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության ստորաբաժանումների սպաներին, ենթասպաներին և սերժանտներին հայտնում եմ իմ շնորհակալությունը` համոզված, որ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակվի ու կխորանա։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ Քարտուղարությանը` զորավարժության կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար»,- իր խոսքում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

Զորավարժության ավարտին աչքի ընկած լավագույն ծառայողները պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։ Պարգևատրվեցին նաև «ԳՌՈՄ-2021» զորավարժության շրջանակում անցկացված տակտիկական հրաձգության մրցումների հաղթողները։ Մրցումների նպատակը մասնակից երկրների լավագույն հրաձիգներին որոշելն էր, ծառայողների կրակային ու տակտիկական պատրաստականության մակարդակի բարձրացումն ու ծառայողական պարտականությունները կատարելիս զենքի տիրապետման անվտանգության հմտությունների բարելավումը։

Back to top button