ԿարևորՔաղաքական

Իրավական հիմք՝ «անջատում հանուն փրկության» թեզի համար․ միջազգային իրավունքի մասնագետը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին

«Նման ուժեղ փաստաթուղթ ղարաբաղյան խնդրի մասին դժվար է հիշել»,-ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևն է գնահատում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ ԵԽԽՎ բանաձևում կա հստակ ձևակերպում՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»․ սա պատասխան է Ալիևի միանգամից մի քանի հոխորտանքի ու ձևակերպման, թե Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր, որպես այդպիսին, այլևս չկա, և թե հակամարտությունն արդեն լուծված է։

Նախորդիվ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից պնդել էր, թե պետք է միջազգային փաստաթղթերից դուրս թողնել Լեռնային Ղարաբաղ անվանումը։

ԵԽԽՎ վերջին բանաձևում մինչդեռ շեշտվում է՝ Հայաստանը և Ադրբեջանը, 2001-ի հունվարին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել էին հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար 2020-ի վեցշաբաթյա պատերազմը հենց այդ պարտավորությունների խախտում է և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

Բանաձևում  հատուկ շեշտված է հայ գերիների վերադարձի հարցը։ Նշվում է՝ Նախարարների կոմիտեն մարտի 16 -ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին է հայտնել Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերի հետ կապված իր մտահոգությունները (որոնցից մի քանիսը հետ են վերադարձվել Հայաստան։ Խորը մտահոգություն է հայտնվում  մոտ  30 հայերի ճակատագրով, որոնց տեսել, նկարահանել են գերության մեջ, բայց այժմ նրանց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա։

Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել են։ Բանաձևով ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ և տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին։

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ԵԽԽՎ բանաձևը քաղաքական ու բարոյական տեսանկյունից կարևոր քայլ որակեց․

«Կարևոր քաղաքական ու բարոյական  քայլ է, որպեսզի Ադրբեջանը չկարողանա առանցքային գաղափարները շրջանառությունից դուրս բերել։ Ի դեմս Ադրբեջանի՝ ունենք մի երկիր, որը որևէ միջազգային փաստաթուղթ հաշվի չի առնում, բայց պետք է աշխատենք»։

ԵԽԽՎ բանաձևում մտահոգություն կա եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շուրջ 45 հայերի կալանավորման պայմանների մասով, որոնք դեռ գերության մեջ են, որոնցից շատերի քրեական դատավարությունների արագ ընթացքը խնդրահարույց է դիտարկվում։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման վերադարձնել նրանց Հայաստան։ Բանաձևում նաև խրախուսվում է խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին՝ արտահերթ այց կատարել՝ չնայած, որ ԿԽՄԿ-ն ունի կանոնավոր մուտքի իրավունք։ ԵԽԽՎ բանաձևը վկայակոչում է մտահոգիչ ապացույցներ, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկանների։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի գնահատմամբ՝ այս փաստաթուղթը խոսում է ադրբեջանական ռասիզմի մասին,  և այն իրավական հիմք  դրեց՝ առաջ տանելու«Անջատում հանուն փրկության» թեզը։ Այս բանաձևով ԵԽԽՎ-ն օրակարգում է պահում գերիներին անհապաղ վերադարձնելու հարցը։

«ԵԽԽՎ-ն փաստորեն օրակարգում ներդրեց ու պահում է ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու հարցը՝ առանց նախապայմանների։ Դրանով հօդս է ցնդում ադրբեջանցիների այն մոտեցումը, թե ՀՀ քաղաքացիները ռազմագերիներ չեն, նրանք հանցագործություն կատարած անձինք են։ Սա նաև հարցականի տակ է դնում արդեն ավարտված դատավարությունները»։

Եվ Եվրոպական դատարանում գտնվող միջպետական գանգատի, և դրա հիմքում ռասիզմի վերաբերյալ հայցի և արդարադատության միջազգային ատյան ներկայացված հայցի հիմքում ընկած բոլոր հիմնակետերը ֆիքսված են ԵԽԽՎ այս բանաձևում, իսկ ԵԽԽՎ բանաձևը քաղաքական փաստաթուղթ է՝ հստակեցրեց Արա Ղազարյանը։ ԵԽԽՎ-ն այսպիսով մատնանշում է այն կետերը,  որոնցով Ադրբեջանը խախտում է ԵԽԽՎ պարտավորություններն ու Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, մասնավորապես, պատերազմական հանցագրծություններ կատարելու առումով։

Սա համապարփակ փաստաթուղթ է, որում մեկտեղված են միջազգային բոլոր կառույցների թեզերը, որով և Հայաստանի քննչական մարմիները, և դիվանագիտական, մասնավոր խմբերը տարբեր միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում, Եվրոպական դատարանում, ԵԱՀԿ-ում, բանակցություններում կարող ենք ներկայացնել, սա, ըստ այդմ, քաղաքական փաստաթուղթ է՝ ասում է միջազգային իրավունքի մասնագետը։

«Քաղաքական փաստաթուղթ է բայց նաև հիմնաքարային փաստաթուղ է, որով կարող ենք և իրավական և քաղաքական և բանակցային գործընթացում առաջ տանելու և ավելի վստահ առաջ տանելու»։

Միջազգային ատյաններում այս պահին քննվում են 44-օրյա պատերազմի պատերազմական հանցագործությունները, մինչդեռ Բաքուն, իբրև հակըննդեմ փաստեր, վիճարկում է դեռ 1992 թվականին տեղի ունեցած դեպքերը, ինչն  անհեթեթություն է։

Այս փաստաթուղը ճնշում է գործադրելու ստատուս քվոյի պահպանման՝ Ադրբեջանի պնդումների վրա և ցույց է տալու, որ անհնար է արցախահայության գոյությունը Ադրեբեջանի կազմում։ Սա կլինի «անջատում հանուն փրկության» թեզի համար  իրավական հիմնավորում՝ բացատրեց միջազգային իրավունքի մասնագետը։

Միջազգային իրավունքի մասնագետը կարծում է՝ Բաքուն կփորձի քայլեր ձեռնարկել՝ ընդդեմ ԵԽԽՎ բանաձևի դրույթների։ Ամեն դեպքում ԵԽԽՎ բանաձևն, ըստ Արա Ղազարյանի, պարտադիր է կատարման, հակառակ դեպքում ԵԽԽՎ կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Գուտերեշը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և այդ նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին, կոչ է արել  բոլոր շահագրգիռ կողմերին՝ ուշադրությունը կենտրոնացնել խաղաղության և համագործակցության առաջխաղացմանը` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Նախորդիվ ՄԽ-ի համանախագահներն էին հանդիպել ամերիկացի դիվանագետների հետ ու ընդգծել, որ միայն համապարփակ կարգավորումը կարող է թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին միասին ապրել խաղաղության մեջ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն, ըստ զարգացումների, միջազգային ամենատարբեր հարթակների օրակարգում է․ այսպիսով՝ հին կոնֆլիկտը կարգավորման հին ձևաչափերի շրջանակում է մնում, ինչին հակված են հենցԵԱՀԿ ՄԽ-ն ու ԵԽԽՎ-ն, մինչդեռ ակնհայտ է, որ հակադրվողն այս պահին հենց Բաքուն է։

Նրանք շեշտել են չլուծված հարցերում աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամության մասին, նշել գերիների, անհայտ կորածների վերադարձման կարևորությունը։

Back to top button