ԿարևորՔաղաքական

Թբիլիսին` հայ-ադրբեջանական երկխոսության ամենաընդունելի հարթակ․ կարծիքներ

«Թբիլիսին կարող է ընդունելի հարթակ դառնալ հայ-ադրբեջանական երկխոսության համար»։ Վրաստանում փորձագիտական շրջանակները ողջունում են այս հարցով կառավարության  ակտիվ ջանքերը։

Վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին Երևանին և Բաքվին կրկին երկխոսության հարթակ է առաջարկել՝  ասելով «մեր եղբայր ադրբեջանցիներին եւ հայերին առաջարկում եմ ավելի բարձր մակարդակով շփումներ Թբիլիսիում»։  

Վրաստանում կարծում են՝ Թբիլիսին ամենաընդունելի հարթակը կարող է դառնալ հայ-ադրբեջանական երկխոսության համար։ Խոսքը բարձր մակարդակի շփումների մասին է, Թբիլիսիի կազմակերպմամբ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները կարող են հանդիպել այստեղ։ Քաղաքագետներն ասում են՝ Վրաստանն ունի այդ փորձը։

Վրաստանի նախագահի (Էդ․Շեվարդնաձեի իշխանության տարիներին) աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքագետ Պետրե Մամրաձեն  «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է․

«Ես հիշում եմ 90-ականների սկզբին, երբ ղարաբաղյան պատերազմն ընթանում էր, նույնիսկ այդ օրերին, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները հանդիպում էին Թբիլիսիում՝ կառավարության շենքում։ Ես ուզում եմ ասել, որ այդ հանդիպումներում թշնամանք չկար․ այդ պրոֆեսիոնալ գործիչները եկել էին այստեղ աշխատելու՝ հանուն խաղաղության, հանուն իրենց երկրների բարեկեցության»։

Ասում է Մամրաձեն՝ ընդգծելով թբիլիսյան հարթակն ամենևին նպատակ չունի փոխարինել ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբին, ավելին Թբիլիսին ցանկանում է Արևմուտքի աջակցությամբ այս քայլն իրականություն դարձնել։ Վրաստանը, ըստ Մամրաձեի, կարող է միայն դա անել․

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բեկում մտցնելու կամ  աշխարհաքաղաքական բնույթի հարց լուծելու ռեսուրս չունի։ Սա հարթակ է, ընդամենը հանդիպման վայր, որը մոտ է, հասանելի։ Նման հանդիպումների անցկացումը Թբիլիսիում հարմար են»։

Վրացի փորձագետների խոսքով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անմիջական մասնակցությամբ վերջերս ձեռք բերված հայ-ադրբեջանական համաձայնությունը, որի արդյունքում ականապատ տարածքների քարտեզի դիմաց 15 հայ գերի տուն վերադարձավ, ամրապնդեց Թբիլիսիի նկատմամբ հարևանների վստահությունը, տալով նրան տարածաշրջանային դերակատարի հնարավորություն։

Ղարաբաղյան պատերազմի օրերին, Վրաստանում իշխանությունները ներքաղաքական քննադատության թիրախում էին պասիվ արտաքին քաղաքականություն վարելու համար։ 

Երկրի նոր կառավարությունը, որ ձևավորվեց հարևանությամբ տեղի ունեցած լայնածավալ պատերազմից հետո, առավել ակտիվ է արտաքին դաշտում։ «Վրաստանը երկու հարևանների հետ իր բացառիկ բարեկամական հարաբերությունները պետք է ծառայեցնի խաղաղության հասնելու նպատակին», -ասում են Թբիլիսիում։

Անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Մայիսայան, որ առաջիններից էր իշխանություններին կոչ արել՝ հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ բանակցելու Թբիլիսիում, ասում է․

«Թբիլիսին պետք է դառնա խաղաղության գոտի այդ լուրջ հակամարտության լուծման համար։ Մենք պետք է հարթակ տրամադրենք, որտեղ տարածաշրջանի այս խնդիրը կլուծվի բացառապես միջազգային գործընկերների մասնակցությամբ»։

Նախկին նախագահի (Գիորգի Մարգվելաշվիլիի) խորհրդական, Թբիլիսիի քաղաքապետի  թեկնածու Աննա Դոլիձեն էլ նկատում է․

«Վրաստանը մինչ օրս ժողովրդական դիվանագիտության հարթակ է եղել, հիմա կարող է դառնալ քաղաքական երկխոսության վայր»։

Թիֆլիսում առաջին անգամ խաղաղության հասնելու կովկասյան հանդիպում կազմակերպվել էր դեռ 1919 -ին՝ Վրաստանի վարչապետ Նոե Ժորդանիայի նախաձեռնությամբ։

Back to top button