ԿարևորՄշակույթ

Բանակում ծառայող կանանց մասին ֆիլմը դուրս է մնացել միջազգային փառատոնից․ ադրբեջանցիները դեմ են եղել ցուցադրությանը

«Անավարտ հիշողություններ» ֆիլմի հերոսուհին բանակում ծառայող հայուհին է։ Հեղինակները փորձել են ներկայացնել  հայկական բանակում ծառայող կնոջ հավաքական կերպարը։ Ֆիլմը պետք է ցուցադրվեր հոկտեմբերի 1-ին՝ Մինսկի «Բելոռուս» կինոթատրոնում։ Ցուցադրվելու էր նաև ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակում։ Մինսկում բնակվող և փառատոնին մասնակից ադրբեջանցիների ջանքերով, սակայն, ֆիլմը հանվել է փառատոնից։ «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմի ռեժիսորը Արմեն Խաչատրյանն է, արտադրությունը՝ Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի և Margins Media Production Company-ի։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ Հայաստանը առաջին անգամ չէր մասնակցում փառատոնին․ իր ֆիլմերը մի քանի գլխավոր մրցանակ են ստացել։ «Այս անգամ փառատոնից ընդամենը մեկ օր առաջ կազմակերպիչները զանգահարում են և ասում, որ ինձ սպասում են, հրավիրում են փառատոնին, սակայն ֆիլմս ցուցադրել հնարավոր չէ»,-պատմում է կինովավերագրողը․

«Մեկնելուց մեկ օր առաջ զանգահարել ու խնդրում էին, որ գոնե ես մեկնեմ, բայց ես շատ կտրուկ մերժել եմ ու ասել, որ դուք ձեր այդքան մեծ և ուժեղ երկրում վախենում եք ու ֆիլմը հանում եք ցուցադրությունից»,-ասում է Արմեն Խաչատրյանը։

Ավանդաբար փառատոնի բացումը տեղի է ունենում ՌԴ-ում, փակումը՝ Բելոռուսում։ «Ստացվում է՝ երկու երկիր են միանգամից մասնակցել այս գործընթացին»,-ասում է ռեժիսոր Խաչատրյանը։ Ներկայացնում է ֆիլմը․ «Անավարտ հիշողություններ»-ը երկու սերնդի կանանց մասին է։ Նրանք ծառայել են հայկական բանակում։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2019-ին և ավարտվել 2020 թվականի օգոստոսին՝ պատերազմից ընդամենը մեկ ամիս առաջ։ 44-օրյա պատերազմի ու Ադրբեջանի մասին որևէ խոսք չկա։ «Ադրբեջանցիները ֆիլմն անգամ չեն տեսել, լսել են, որ Արցախում է նկարահանվել ու զինվորի մասին է, որոշել են խոչընդոտել»,-ասում է Արմեն Խաչատրյանը․

«Նրանք զանգահարել են փառատոնի կազմակերպիչներին ու սպառնացել են, որ ցույցեր կսկսեն, ակցիաներ կիրականացնեն, եթե ֆիլմը բարձրանա էկրան, կազմակերպիչներն էլ վախեցել են ու որոշել են դուրս թողել ֆիլմը փառատոնից»,-նշում է ֆիլմի ռեժիսորը։

Փաստորեն, Մինսկում, անախորժություններից խուսափելու համար, նպատակահարմար են գտել հրաժարվել ցուցադրությունից՝ առանց պայքարելու։ Ռեժիսորը հույս չունի, թե ֆիլմը հետ կբերեն ու կընդգրկեն փառատոնում։  

Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան խնդրով հետաքրքրվածներին հորդորում է դժգոհությունները հայտնել փառատոնի ֆեյսբուքյան էջում՝ Евразия.DOC-հասցեով, թեպետ հույսը, որ դրանք որևէ արդյունք կտան, մեծ չէ։

Back to top button