ԿարևորՀասարակություն

Սյունիքը՝ քաղաքակրթությունների միջնաբերդ․ համաժողովը քաղաքակրթական ճգնաժամից դուրս գալու ուղիներ է փնտրում

«Սյունիքը՝ քաղաքակրթությունների միջնաբերդ» խորագրով միջազգային համաժողովում արդեն մի քանի օր քննարկվում են ժամանակակից քաղաքակրթության ճգնաժամին վերաբերող հարցեր։ Մասնակիցները փորձում են  վերլուծել  պատճառներն ու մարտահրավերներն և լուծումներ առաջարկել Հատկապես այս փուլում կարևորում են աշխարհի ուշադրությունը Սյունիքի վրա կենտրոնացնելը։ Համոզված են՝  Սյունիքն է հենց այն վայրը, որտեղ քաղաքակրթական խնդիրները կարող են հանգուցալուծվել։

Հայաստանում երբևէ հայտնաբերված ամենամեծ՝ 330 սմ բարձրությամբ, 40 սմ տրամագծով դամբարանը Սյունիքի մարզի Գորայք համայնքի տարածքում է։ Հսկա դամբարանից գտնված իրերը՝ ծամակալ, գործիքներ, նստած դիրքով աճյուն, ըստ պատմաբանների, հավաստում են, որ սյունյաց առաջնորդներից մեկն է թաղված եղել այդ դամբարանում։ Պեղումները նաև պարզել են, որ դամբարանաբլրի վրա կատարվել է ձիերի զոհաբերություն։ Արվեստագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը միջազգային համաժողովում մանրամասն ներկայացնում է պեղումների արդյունքները, նաև բացատրում ձիերի ու քաղաքակրթության կապը։

«Ձին քաղաքակրթության կրող կենդանի է։ Ով առաջինը ընտելացրել է ձիուն և օգտագործել ռազմի նպատակով, ուրեմն նա եղել է աշխարհի տերն է։ Աշխարհի շատ երկրներ վիճարկում են, թե որտեղ են առաջին անգամ ընտելացրել ձիուն։ Ձին նաև հնդեվրոպական քաղաքակրթության  ցուցիչն է։ Որտեղ հայտնաբերվել են ձիեր, հստակ ասել են, որ սա հնդեվրոպացիների բնակավայրն է, հայրենիքն է։ Երբ ուսումնասիրում ենք պատմությունը, տեսնում ենք, որ ձիերի զոհաբերություն, Սյունիքից  բացի,  այլ վայրերում չի արվել»։

Համաժողովը կազմակերպել է «Հավատամք» շարժումը՝ Երևանի պետական համալսարանի, «Պատրիոտ Ակումբի»  և Կապանի «Արկ Մեդիա» կենտրոնի նախաձեռնությամբ։ Նախաձեռնության հեղինակները համոզված են՝ ժամանակակից քաղաքակրթությունը խորը  ճգնաժամի մեջ է և լուրջ մարտահրավերների առջև։  Թե ինչու է հենց Սյունիքն ընտրվել, շարժման ղեկավար Գայանե Ասիլյանն է բացատրում։

«Սյունիքը մեր երկրի ողնաշարն է, և այսօր կանգնած է  մարտահրավերների ու  խնդիրների առջև։ Կարծում եմ՝ մեր ամբողջ ներուժը պիտի կենտրոնացնենք Սյունյաց աշխարհի ամրապնդման համար, որը  ոչ միայն հայկական իրականության, այլև գլոբալ իրականության ամենամաքուր կետերից մեկն է։ Մենք ունենք զգացողություն, որ Սյունիքում` անառիկ սյուների վրա, ստեղծվում է նոր տապան։ Այսինքն` Սյունիքը աշխարհը՝ Հայաստանին, հայոց աշխարհն էլ Սյունիքին։ Այս տրամաբանությամբ ենք գործում» ։

Համաժողովը խոշոր ծրագրի միայն մի մասն է։ Միջոցառումները տարբեր են․ սկսվել են Կապանից և շարունակվելու են Հայաստանի տարբեր վայրերում, նաև արտերկրում։ Նպատակը մարդուն իր արժեհամակարգին վերադարձնելն է։ Ըստ Գայանե Ասիլյանի՝ սա ոչ միայն  հայերի, այլև ամբողջ աշխարհի խնդիրն է։ Նպատակ ունեն հիմնել քաղաքակրթությունների ակումբ։  Համաժողովի աշխարհագրությունը ևս Հայաստանով չի սահմանափակվում։  Ռուսաստանից, Իսրայելից, Գերմանիայից՝ զեկուցողները համաժողովին հետևում են առցանց։

«Անկեղծ ասեմ՝ անվտանգության և համավարակի պատճառով նրանք այստեղ չեն, բայց մեզ հետ են։ Վերադառնալով Երևան՝ քաղաքակրթությունների ակումբի առաջին նիստն է լինելու։ Այդ ակումբը բաց է լինելու բոլոր քաղաքակիրթ ազգերի համար»։

Կապանի երկրագիտական թանգարանի գիտաշխատող, պատմաբան Դավիթ Հակոբյանը դժվարանում է  ասել, թե համաժողովն ինչ ազդեցություն կունենա մասնակիցների վրա, բայց մեծ ակնկալիքներ ունի։ Կարևորում է աշխարհի ուշադրությունը Սյունիքի վրա կենտրոնացնելը։

«Կոնկրետ իմ համար, ինչքան նման միջոցառումներ կազմակերպվեն, որոնք կբարձրաձայնեն այսօրվա մեր իրողությունները, և ինչքան շատ մարդ արձագանքի,  այնքան ավելի լավ, հատկապես մտավորականությունը պիտի մասնակցի մարտահրավերների հաղթահարմանը։ Սա արդեն ազդեցություն կլինի»։

Համաժողովի մասնակիցները վերջին նիստը մտադիր են անց կացնել Խուստուփում։ Նիստերից բացի կազմակերպվում են մշակութային միջոցառումներ՝ երգեհոնային համերգ, ցուցահանդես և այլն։

Ցուցադրել ավելի
Back to top button