ԿարևորՀասարակություն

Ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ արմավիրցի դպրոցականների տեսանյութերում

ԿԳՄՍ նախարարությունն ու «Հույսի Մեծամոր» կազմակերպությունը իրականացրել են  «Ազգային արժեքների պահպանությունն ու տարածումն Արմավիրի համայնքներում» ծրագիրը: Դպրոցների բարձր դասարանների աշակերտներին ներկայացվել է տեղեկատվություն՝ ոչ նյութական մշակութային ժառանգության մասին: Ծրագրի նպատակն է նպաստել ազգային ավանդույթների պահպանմանն ու կիրառմանը:

Ամառային արձակուրդներին Արմավիր, Մեծամոր, Մայիսյան, Նորապատ, Սարդարապատ և Բամբակաշատ համայնքների բարձր դասարանցիները պարապ չեն մնացել. հետաքրքրվել, ուսումնասիրել, ապա նկարահանել են տեսանյութեր ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ։ Կրթամշակութային քաղաքականության ուղղություններից մեկն էլ ազգային արժեքների զարգացումն ու տարածումն են:  

2014 թվականին լավաշը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային  ժառանգության ցանկում: Իր տեսանյութում Սուրեն Հակոբյանը անդրադարձել է ավանդական հացի պատրաստմանը, կիրառմանն ու մշակութային դրսևորումներին.

«Թոնրատունը համարվել է սուրբ վայր, որի  կառուցման ժամանակ հրավիրվել են հոգևորականներ՝ այն օրհնելու համար: Թոնրատանը  առանձնացվել են հաց թխողի, գրտնակ անողների տեղերը: Լավաշի թխումը բացառապես կանանց խմբակային արարողություն էր և այն սկսել են աղոթքներով, իսկ անեծքներն ու չարախոսություններն արգելվել են: Հնում լավաշը թխել են տոնից-տոն՝ մեծ քանակությամբ: Այն ուղեկցվել է ազգային երգ ու պարով»:

Հայկական ոչ  նյութական մշակութային ժառանգության ցանկում  ընդգրկված է 33 արժեք: «Ազգային արժեքների պահպանությունն ու տարածումն Արմավիրի համայնքներում» ծրագիրն իրականացնում է «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպությունը։  Նախագահը Մարգարիտա Սեդրակյանն է պատմում.

«Հանդիպումների ընթացքում փորձեցինք վեր հանել այն բոլոր ուղղությունները, որոնք մեր ժողովուրդն ունեցել է, մշակել է, տարիների ընթացում կիրառել է: Փորձագետի հետ խոսեցինք ամեն ինչի մասին։ Երեխաները հետաքրքիր գաղափարներ ներկայացրին, մենք ունեցանք շատ լավ տեսանյութեր»:

Ծրագրի փորձագետը Սվետլանա Պողոսյանն է՝ Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրենը: Ասում է՝ դասախոսության ընթացում հիացել է երեխաների ոգևորությամբ ու զարմացել նրանց բազմաթիվ գաղափարներից, որոնք վերաբերել են ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին.

«Շատ ուրախացնող է, որ մեր երիտասարդներն այդքան հետաքրքրված են: Նրանք տարբեր թեմաներ էին ընտրել, օրինակ՝ մեկը կապույտ գույնի մասին, մյուսը՝ ազգային նվագարանների: Մի եզդի աղջիկ էլ ներկայացրել էր իրենց ավանդական հարսանիքը: Մենք շատ կարևորեցին ազգային փոքրամասնության ներկայացուցչի մասնակցությունն ու նրա անդրադարձը ազգային ծեսերին ու սովորույթներին»:

Եզդիական համայնքի կրոնին ու ծեսերին էր անդրադարձել Նորապատ համայնքից Նոնա Խուդոյանը: Պատմում է իրենց սովորույթների մասին, կարևորում սրբի օրհնությունը՝ որևէ գործ սկսելուց  առաջ և ցույց է տալիս սենյակում դարսած անկողինը.

«Եզդիներն այն ազգն են, որոնք տարիներ շարունակ ապրել են հայերի հետ, և ինչպես մենք գիտենք ձեր ծեսերն ու ավանդույթները, հուսով եմ, այնպես էլ դուք պետք է իմանաք մեր սովորույթները: Ես ներկայացրել եմ եզդիների կրոնը, հարսանիքներն ու ծեսերը: Մեր սուրբը առանձին սենյակում դրված անկողնու ծալքերն են, որոնք հայերի մոտ չկան»:

Լիանա Աբրահամյանը հետաքրքրիր պատմություն էր ներկայացրել արևային ժամացույցների մասին և իր համար  բացահայտել, թե ինչու է ժողովուրդը  եկեղեցին նաև «ժամ» անվանել.

«Արևային ժամացույցը բաժանված է 12 հատվածի, ամեն հատվածի վրա մեկ տառ է գրված, կենտրոնում դրված է ձող, և երբ արևն ընկնում է այդ ձողի վրա, ստվեր է լինում, օրինակ՝ եթե ընկնում է Ա տառի վրա, ուրեմն, ժամը 12-ից մեկն ընկած հատվածն է:»

Լիաննայի հետ փորձեցինք  արևի միջոցով որոշել  ժամանակը. Նա կանգնեց արևոտ տեղ և նայելով իր ստվերին՝ պատկերացրեց օրվա որ ժամն է:

Ծրագրի մասնակիցներն անդրադարձել էին նաև դուդուկին, գրերի գյուտին, դարբնագործությանը: Նրանք շրջել են Սարդարապատի թանգարանում, ծանոթացել անցյալում մնացած մեր ազգային մշակութային արժեքներին։ Հաղթողներին  տրվել են վկայականներ ու գրքեր:

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական  մշակութային ժառանգության ցանկում գրանցվել են դուդուկն ու դուդուկի երաժշտությունը, խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը, Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները, լավաշ ավանդական հացի պատրաստումն ու նշանակությունը, քոչարի ավանդական խմբապարը, հայկական տառարվեստն ու դրա մշակութային դրսևորումները: 

Ցուցադրել ավելի
Back to top button