Էվոլյուցիա

Մարդը` փորձանոթից. ապագան առանց ծնողների՞. «Էվոլյուցիա»

2017 թվականին ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքի գիտնականներին հաջողվեց ստեղծել արհեստական արգանդ, փորձ իրականացվեց լույս աշխարհ բերել մի գառնուկի, որը փաստորեն ստեղծվեց փորձանոթում և լույս աշխարհ եկավ արհեստական՝ պլաստիկից պատրաստված արգանդից։ Մի շարք ֆիլմեր, հակաուտոպիստ գրողներ և, ի վերջո, գիտնականներ խոսում են այն մասին, որ ապագայի աշխարհում հնարավոր կլինի ծնել մարդկանց՝ որոնք չեն ունենա ծնողներ և լույս աշխարհ չեն գա մայրական արգանդից։

Որքանո՞վ է սա հնարավոր, ինչպե՞ս կարող է փոխվել աշխարհը փորձանոթից ծնված մարդկանցից հետո և ինչպե՞ս կարձագանքի եկեղեցին, որի համար անգամ արհեստական բեղմնավորումն է աստվածադիր օրենքի խախտում։

3 շաբաթ․ ահա այն առավելագույն ժամկետը, որը դեռևս հաջողվում է գիտնականներին ապահովել՝  արհեստական արգանդում մարդկային սաղմի զարգացման համար։ «Աստղիկ» ԲԿ գլխավոր սաղմնաբան Ինեսա Կարապետյանն ասում է, հնարավոր է, բայց արդյո՞ք հարկավոր է մարդկությանը այդչափ փորձեր անել՝ բնությանը փոխարինելու համար․

«Եղել է, որ մինչև 3 շաբաթական հնարավոր է եղել զարգացում ապահովել մարդկային սաղմի, բայց դրանից երկար չի ստացվել, ոչ մի պրատակոլ, ոչ մի գիտական աշխատանք չկա։ Բայց ես կարծում եմ, որ պետք էլ չի այդչափ խառնվել բնության գործերին ու երեխայի սաղմը արհեստական արգանդում մեծացնել»,-ասում է Ինեսա Կարապետյանը։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի» ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Կարապետյանը չի բացառում, որ մարդկային սաղմի զարգացման փորձերն արհեստական պայմաններում այսօր էլ շարունակվում են․

«Գիտությունն այսօր ամեն ինչի ընդունակ է, եթե նույնիսկ հիմա նման փորձեր կատարվում են, ես կարծում եմ, որ խիստ գաղտնի պայմաններում ու գաղտնի լաբորոտորիաներում են կատարվում»,-ասում է Աննա Կարապետյանը։

Ռուս հատյնի փորձագետ-գիտնականներ Սերգեյ Սեվերինը և Իգոր Արտյուխովը իրենց հարցազրույցներում նշում են, որ արհեստական արգանդում մարդու զարգացումն ընդամենը տեխնիկական խնդիր է և ժամանակի հարց․ լրջագույն խնդիր է մարդկանց հետագա զարգացումը․ արդյո՞ք նրանք կլինեն առողջ, չեն ունենա ֆիզիկական, որ ամենակարևորն է, հոգեբանական խնդիրներ, չէ՞ որ ապացուցված է` մարդը կապված է մոր հետ, մայրական արգանդում ձևավորվում է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն, ծնվում այն գիտակցումով, որ ունի ծնողներ։ Այս մասին խոսում է նաև հոգևորական զրուցակիցս՝ Շավարշ սարկավագ Այվազյանը, որը նաև Գեւորգյան ճեմարանի դասախոս է։ Նրա խոսքով՝ եկեղեցին երբեք չի ընդունի մարդկության այդ հայտնագործությունը․

«Միանշանակ եկեղեցին կմերժի այդ կերպը, որովհետև որդեծնությունը աստվածադիր պատվիրան է, Աստվածաշնչում էլ նշված է, որ Աստված կարգում է կնոջն ու տղամարդուն միանալ, որպեսզի հետո սիրուց ծնվի երեխա։ Իսկ առանց ծնողների երեխա արտադրելը խախտում է այդ օրենքը։ Ընդ որում ոչ միայն աստվածային, այլև մարդկային օրենքն է խախտում և հարց է առաջացնում, ո՞րն է այդպիսի մարդու գոյության նպատակը»,-ասում է Շավարշ սարկավագ Այվազյանը։

Ինչպե՞ս կինտեգրվի այդ մարդը սոցիումում, ինչպե՞ս կզգա իրեն, երբ չունենա այն հարցի պատասխանը, թե ովքե՞ր են նրա հայրն ու մայրը։ Այստեղ խորը հոգեբանական խնդիրներ են առաջանում և ոչ միայն հոգեբանական, այլև իրավական, ասում է Աննա Կարապետյանը։ Նրա խոսքով, ապագայի աշխարհում պիտի օրենքների փոփոխություններ լինեն նաև, իրավական տեսանկյունից պիտի պարարտ հող նախապատրաստվի, եթե նման մարդիկ ի վերջո լույս աշխարհ գան։

Օրինակ՝ ի՞նչ է գրվելու նրանց ծննդյան վկայականում, անձնագրում, ինչպե՞ս են նրանք ապրելու այն կանոնակարգված կյանքը, որտեղ այսօր պարտադիր է բոլորիս՝ հորից ու մորից ծնված մարդկանց համար։ Այսօր խոսքը դեռևս արհեստական միջավայրում սաղմի զարգացման մասին է, արհեստական ձվաբջջի ստեղծումն ամեն դեպքում դեռևս գիտությանն անհայտ բան է, զրուցակիցս՝ Աննա Կարապետյանը, հույս ունի, որ այդպես անհայտ էլ դա կմնա․  

«Միակ բջիջը, որը նոր օրգանիզմի կարող է սկիզբ տալ՝ ձվաբջիջն է։ Կարելի կլինի՞ արհեստական ձվաբջիջ ստանալ՝ գուցե ապագայում հնարավոր լինի, բայց ես հույս ունեմ որ մարդկությունը չի գնա դրան։ Իսկ արհեստականորեն սաղմի զարգացման համար միջավայր ապահովելը՝ գիտական տեսանկյունից կարող է հնարավոր լինել, բայց դա ի՞նչ նպատակ է ունենալու, ծնված բանական մարդիկ ինչի՞ համար են ծառայելու, գուցե զորքեր ու բանակներ կազմելո՞ւ, իսկ դա լավ բանի չի բերի։ Եվ, ի վերջո, այդ մարդու մոտ հարցեր են առաջանալու՝ ո՞վ է իմ հայրը և ո՞վ է իմ մայրը, ինչպե՞ս է պատասխանելու նրանց գիտությունը»,-ասում է Աննա Կարապետյանը։

Փորձանոթում զիգոտը կարող է գոյատևել 3-5 օր, որից հետո դրանք այսօր տեղադրվում են սուրոգատ մայրերի արգանդի մեջ և արհեստական բեղմնավորման ճանապարհով լույս աշխարհ են գալիս մարդիկ։ Արհեստական արգանդ ստեղծելու փորձերի ճանապարհին ստեղծվել են ապակե և պլաստիկե արգանդներ, ապակե արգանդները չեն աշխատել, իսկ պլաստիկե արգանդից լույս աշխարհ է եկել մեկ գառնուկ, իսկ ընդամենը 6 ամիս առաջ էլ Իսրայելի «Վեյցմանի» համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել մայրական արգանդի կառուցվածքին նման արհեստական արգանդ, որից լոյս աշխարհ է եկել մի մուկ և 11 օր ապրելուց հետո սատկել։

Իսրաելցի գիտնականները «Nature» ամսագրին տված հարցազրույցում ասել են, որ շարունակելու են փորձերը մինչև այնքան, որ հնարավոր լինի մարդկային սաղմ զարգացնել ավելի երկար, քան 2-3 շաբաթն է։  Գիտությունը զարգանում է կայծակնային արագությամբ, աշխարհը փոխվում է օրեցօր, մարդը՝  նույնպես, գիտնականները խոստանում են շարունակել փորձերը և գուցե մեկ հարյուրամյակ անց, կամ գուցեև ավելի շուտ՝ հնարավոր լինի փորձանոթից ծնված մարդու հետ խոսել։ Ինչպե՞ս կփոխվի աշխարհը, եթե դա կրի զանգվածային բնույթ, հայտնի չէ ոչ ոքի։

Ցուցադրել ավելի
Back to top button