ԿարևորՍպորտ

Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ԱՄՆ-ի «Կոլամբուս Կրյու» ակումբում հանդես եկող 29-ամյա կիսապաշտպանի միջև բանակցությունների արդյունքում Սելարայանը հավաքականին կմիանա արդեն հոկտեմբերին կայանալիք մարզական հավաքի ընթացքում: 

Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո Լուկաս Սելարայանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Կայացրել եմ ինձ համար կարևորագույն որոշում՝ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Որոշումը չեմ կայացրել մեկ օրում, սա կշռադատված քայլ է։ Վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, շփվել եմ նաև հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Երկուսն էլ ինձ ներկայացրել են ֆեդերացիայի ծրագրերը։

Գիտեի հայկական արմատներիս մասին, սակայն Արգենտինայում հայ համայնքի հետ սերտ կապ չեմ ունեցել: Հենց այդ պատճառով ինձ ժամանակ էր հարկավոր, որպեսզի կարողանամ նման կարևոր որոշում ընդունել։ Սեպտեմբերին ընտանիքիս հետ քննարկելուց հետո կայացրեցի Հայաստանի հավաքականին միանալու որոշում։ Այժմ ես խանդավառված եմ Հայաստանի ընտրանուն միանալու առթիվ: Տեղյակ եմ՝ թիմը լուրջ խնդիրներ է դնում իր առջև: Ես պատրաստ եմ անել առավելագույնը, որպեսզի միասին կարողանանք հասնել մեր նպատակներին։ Ուրախ եմ, որ Հայաստան եմ գալիս այս կարևորագույն փուլում և հույս ունեմ հավաքականի հետ նոր բարձունքներ նվաճել»:

Լուկաս Սելարայանը ծնվել է 1992 թվականին՝ Արգենտինայի Կորդոբա քաղաքում:

Ֆուտբոլային կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում, որտեղ հանդես է եկել 2012-2015 թվականներին: 2016-2020 թվականներին խաղացել է մեքսիկական «Տիգրեսում»: 2020 թվականի հունվարից հանդես է գալիս ամերիկյան «Կոլամբուս Կրյու» ակումբում: Հարձակողական ոճի կիսապաշտպան է, աջլիկ:

Լուկաս Սելարայանի ողջույնի խոսքը հայ երկրպագուներին.

Ցուցադրել ավելի
Back to top button